«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2002-10-31 | #199, 2002-11-01 | #200, 2002-11-02


ՇԱԽՄԱՏՙ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ԽԱՂ

Ռեպորտաժ «Ավստրիական ավիաուղիների» աջակցությամբ

ԳԱԳԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ հաղորդում է Բլեդից

5 հազար բնակչություն ունեցող Բլեդում զգում ես, թե ինչքան հրաշալի ու դիպուկ է ՖԻԴԵ-ի պաշտոնական նշանաբանըՙ «Մենք բոլորս մի ընտանիք ենք»։ Ամեն քայլափոխի օլիմպիադայի խորհրդանիշն է, եւ այդ խորհրդանիշը կրող հագուստով աշխատակիցներ են։ Մինչեւ ուշ գիշեր կարելի է ականատես լինել գեղեցիկ ու հուզիչ տեսարանի։ Մոտ 130 մասնակից երկրների բազմաթիվ շախմատիստներ, մոռացած տարիք, մաշկի գույն եւ շախմատային տիտղոսներ ու վարկանիշներ, որպես ամենամտերիմ բարեկամներ հանգստանում ու զվարճանում են։ Մեր «Պարկ հոթելն» օլիմպիադայի յուրահատուկ կենտրոնն է. երեկոյան ժամը 8¬9-ից հետո այստեղ անպակաս են երաժշտությունը, կատակները, թղթախաղը եւ անգամ նարդին, ընդ որում, ոչ կովկասցիների կատարմամբ։ Մարդկային այս հոծ բազմությունն ամենից շատ հաղորդակցվում է անգլերենով ու ռուսերենով։ Հայերենը նույնպես հաճախ է լսվում այստեղ, եւ ոչ միայն օլիմպիադայի մասնակից մեր հայրենակիցներից։ Հայերեն որոշ չափով հասկանում եւ խոսում են մեր հարեւաններըՙ վրացիները, ադրբեջանցի մրցավար Ֆաիկ Հասանովը։ Փոքր ինչ հայերենին տիրապետում է Մոլդովայի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ֆյոդոր Սկրիպչենկոնՙ գրոսմայստեր Նաիրա Աղաբաբյանի ամուսինը եւ գրոսմայստեր Էլմիրա Սկրիպչենկոյի հայրը։ Հայերենին բավական վարժ տիրապետում է շվեյցարացի գրոսմայստեր Յանիկ Պելեթիեն, որը մեր շախմատիստներին իսկական երեւանցու նման դիմում է. «Ինչ կա, չկա» բառերով։ Նախորդ հրապարակումներում ես մոռացել էի նշել մեր եւս մեկ հայրենակցիՙ թբիլիսցի միջազգային մրցավար Եվգենի Մելիքսեթ-Բեկի անունը։

Այժմ բուն շախմատի մասին։ Ցավոք, մեր տղամարդկանց հավաքականը ռումինացիներից կրեց առաջին պարտությունը (1,5¬2,5)։ Կարեն Ասրյանը սեւերով շատ արագ հավասարեցրեց դիրքը Վայդայի դեմ եւ արդեն 19-րդ քայլում հաշտություն կնքվեց։ Սմբատ Լպուտյանն անընդհատ զարգացնում էր թեժ խաղը Մարինի հետ, բայց հետագա լարվածությունը կապված էր ռիսկի հետ, եւ հայ շախմատիստը համաձայնեց ոչ-ոքիի։ Վլադիմիր Հակոբյանը չէր կարող խուսափել Իստրատեսկուի հավերժական շախիցՙ նույնպես խաղաղ դաշն։ Իսկ Արտաշես Մինասյանը սրելով պայքարը, Պարլիգրասի դեմ անհաջող գործեց եւ անհուսալի վերջնախաղ ստացավ։

Հայաստանի կանանց թիմը 2¬1 հաշվով հաղթեց Դանիայի ներկայացուցիչներին, բայց մարզիչ Արսեն Եղիազարյանը գոհ չէր. նա ակնկալում էր ավելի մեծ առավելություն։ Էլինա Դանիելյանը պարտության մատնեց Օքսանա Վովկին, Լիլիթ Գալոյանըՙ Աննե Բեքեր¬Ենսենին, բայց Գոհար Հլղաթյանը պարտվեց Լուիզ Ֆրեդերիցիայից։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4