«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2002-10-31 | #199, 2002-11-01 | #200, 2002-11-02


ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ՀՈԲԵԼՅԱՆ

Արթուր Քոչարյանը ռմբարկուների ակումբի 10-րդ անդամ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 19-րդ տուրի «Շիրակ»¬«Սպարտակ» խաղի 55-րդ րոպեին սպարտակցի Արթուր Քոչարյանը տուգանային հարվածով գրավելով Ռայմոնդ Զադուրյանի պաշտպանած դարպասը, խփեց պաշտոնական մրցումներում իր 100-րդ գնդակը եւ ընդգրկվեց Խորեն Հովհաննիսյանի անվան ռմբարկուների «100-ի ակումբում»։ Այս իրադարձությանը ֆուտբոլային վիճակագիրները սպասում էին դեռեւս անցյալ մրցաշրջանում։ Սակայն Քոչարյանը երկար սպասեցնել տվեց։ Ընթացիկ մրցաշրջանի շեմին նրա հաշվին գրանցված էր 97 գնդակ եւ նա ակումբի անդամության ամենառեալ թեկնածուն էր։ Սակայն Քոչարյանի նշանառությունը խախտվել էր։ Արման Քարամյանը, որին ակումբի անդամ դառնալու համար անհրաժեշտ էր 26 գնդակ խփել, ավելի շուտ ձեւակերպեց անդամության տոմսը։ Իսկ Քոչարյանին դեպի երանելի բարձունքը մնացած 3 գոլերը մեծ դժվարությամբ տրվեցին։ Դրանցից առաջինը նա խփեց ապրիլի 28-ին «Արարատի» հետ գավաթի քառորդ եզրափակիչ խաղումՙ մեծապես նպաստելով թիմի հաղթանակին (3¬1) եւ կիսաեզրափակիչի ուղեգրի նվաճմանը։ 2-րդ գոլը գրանցվեց Կապանումՙ հուլիսի 22-ին։ Իսկ ահա հոբելյանական գնդակին հարկ եղավ սպասել եւս 3 ամիս։ Հոկտեմբերի 20-ին «Լոռու» հետ խաղում խաղընկերներն Արթուրին գոլ խփելու հիանալի հնարավորություն ընձեռեցինՙ նրան վստահելով 11 մ հարվածի իրացումը։ Սակայն երեւի թե ավելորդ հուզմունքը խանգարեց նրան։ Եվ ահա, 6 օր անց Գյումրիում նա վերջապես հաղթահարեց 100 գոլի սահմանագիծըՙ դառնալով ռմբարկուների ընտանիքի 10-րդ անդամը։

Պաշտոնական մրցումներում Արթուր Քոչարյանն իր անդրանիկ գոլը խփել է 1992 թ. ապրիլի 5-ին ՀՀ գավաթի 1/16 եզրափակիչումՙ «Մոմիկի» դարպասը։ Իսկ չորս օր անց նա իր գոլերի հաշիվը բացեց նաեւ ՀՀ առաջնությունումՙ «Ախթամարի» հետ մեկնարկային խաղի արդեն 4-րդ րոպեին գրավելով Սուրեն Սարգսյանի դարպասը։ Այդ տարի «Մալաթիայի» 18-ամյա հարձակվողը 23 գոլով (32 խաղում) դարձավ ոչ միայն թիմի լավագույն ռմբարկուն, այլեւ արդյունավետության ռեկորդ սահմանեց իր տարիքի ֆուտբոլիստների համար, ինչը մինչ օրս չի գերազանցվել։ Երկու անգամ էլ նա դարձել է «Արարատի» լավագույն ռմբարկուն (1995/96 թթ.ՙ 11 գոլ, 1996/97 թթ.ՙ 7 գոլ Արամ Ոսկանյանի հետ)։ Իսկ «Արարատում» (1993¬1996/97 թթ.) ընդհանուր առմամբ Քոչարյանն անցկացրած 87 խաղում խփել է 37 գնդակ։ Մեկուկես մրցաշրջան նա հանդես եկավ Իրանում, իսկ 1999 թ. 11 գնդակով (28 խաղում) արդեն «Զվարթնոցի» ռմբարկուն էր։ Ցավոք, հաջորդ տարիներին նա զգալիորեն իջեցրեց իր արդյունավետությունը։

2000 թ. վերադառնալով Իրանից, նա առաջնության վերջնագծում հագավ «Միկայի» մարզահագուստը (8 խաղում 2 գոլ)։ 2001 թ. Քոչարյանն արդեն նորաստեղծ «Փյունիկում» էր (19 խաղում 5 գոլ), իսկ այս մրցաշրջանը դիմավորեց «Սպարտակում», որի կազմում առայժմ անցկացրել է 18 խաղ, խփել 2 գնդակ։ Ընդհանուր առմամբ, ՀՀ առաջնություններում Արթուր Քոչարյանը մասնակցել է 192 խաղի, խփել 80 գոլ։ Այդ գոլերը նա խփել է մրցակից 27 թիմերի դարպասները։ Բոլորից հաճախ նրա դիպուկ հարվածներից տուժել են «Զանգեզուրը» (8 անգամ), «Ազնավուրը» (7), «Իմպուլսն» (6) ու «Արագածը» (5)։ Ուժեղ թիմերից նա 4 գնդակ է խփել «Էրեբունուն», 3-ական անգամ գրավել է «Շիրակի», «Երեւանի» եւ «Ցեմենտի» դարպասները, 2 անգամ խոցել է «Արարատի» դարպասը։ Գոլերից 13-ը խփվել է 11 մ հարվածով, 2 անգամ էլ նա չի իրացրել հարվածները։ Միայն 9 թիմերի դարպասապահներին է հաջողվել անառիկ պահել դարպասը Քոչարյանի հարվածներից։ Եվ հետաքրքրական է, որ դրանց մեջ են «Փյունիկն» ու «Արցախը», որոնց հետ 13-ական անգամ խաղացել է Քոչարյանը, ինչպես նաեւ «Միկան» (3 խաղ)։

Ընթերցողներին ենք ներկայացնում «100-ի ակումբի» կազմն ու թեկնածուների ցուցանիշները։

«100-ի ակումբ»

Ակումբի անդամները, Ա, Գ, Ս, Ե, Հ, ԱՊՀ, Ընդ.

1. Արսեն Ավետիսյան, 150, 23, ¬, 3, 1, 5, 182

2. Արթուր Պետրոսյան, 125, 15, 1, ¬, 9, 2, 152

3. Գեղամ Հովհաննիսյան, 111, 32, ¬, 1, ¬, 1, 145

4. Տիգրան Եսայան, 117, 14, ¬, ¬, 4, 1, 136

5. Վահե Յաղմուրյան, 104, 18, ¬, ¬, ¬, ¬, 122

6. Արման Քարամյան, 93, 18, ¬, 3, 2, 1, 117

7. Սամվել Նիկոլյան, 86, 24, 1, 1, ¬, ¬, 112

8. Վարազդատ Ավետիսյան, 83, 19, 1, ¬, 1, 2, 106

9. Շիրակ Սառիկյան, 96, 3, ¬, 1, ¬, 1, 101

10. Արթուր Քոչարյան, 80, 16, ¬, ¬, 4, ¬, 100

Թեկնածուները

1. Մկրտիչ Հովհաննիսյան, 87, 9, ¬, ¬, ¬, ¬, 96

2. Մհեր Ավանեսյան, 79, 9, 1, 1, ¬, ¬, 90

3. Արմեն Շահգելդյան, 67, 14, 1, 1, 5, ¬, 88

4. Անուշավան Փահլեւանյան, 72, 8, ¬, ¬, ¬, ¬, 80

5. Սարգիս Նազարյան, 61, 16, ¬, 1, ¬, ¬, 78

6. Արա Հակոբյան, 63, 7, ¬, ¬, 5, 2, 77

7. Արամ Ոսկանյան, 67, 6, 1, ¬, 1, ¬, 75


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4