«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2002-11-01 | #200, 2002-11-02 | #201, 2002-11-05


ԱՐՇԱԿ ԱԼՊՈՅԱՃՅԱՆԻ ԱՆՏԻՊ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՆԱՄԱԿԱՆԻՆ

Այս տարի լրացավ ականավոր բանասեր-պատմաբան Արշակ Ալպոյաճյանի մահվան 40 տարին։ Իր կյանքի մեծագույն մասըՙ ավելի քան 60 տարի, նա նվիրել է հայ մշակույթի եւ հայ պատմության հետազոտման գործին։ Նրա բազմաթիվ ուսումնասիրությունները, երկու տասնյակից ավելի ստվարածավալ գրքերը, հարյուրավոր հոդվածները նվիրված են հայոց պատմության ու հայ մշակույթի քիչ հետազոտված կամ լիովին անտեսված խնդիրներին, մեր ժողովրդի կյանքում մեծ դեր խաղացած նշանավոր անձանց, կրթական հաստատություններին, տպարաններին, հայ ազգային սովորություններին ու կենցաղին։ Նրա ուշադրության կենտրոնում հատկապես եղել են աշխարհի տարբեր երկրներում հաստատված հայ գաղութները, որոնց ամբողջական պատմությանը, մի շարք հետազոտություններից բացի, նա նվիրել է երեք ստվար հատորներ։ Նա մեծ վաստակ ունի նաեւ որպես մանկավարժ, խմբագիր եւ հասարակական գործիչ (եղել է Ռամկավար Ազատական կուսակցության անդամ)։ Նա շատ հայրենասեր մարդ էր, ճանաչված ու սիրված թե՛ սփյուռքում եւ թե՛ հայրենիքում։

Ա. Ալպոյաճյանը բարձրագույն կրթություն չի ստացել, բայց համառ ինքնակրթությամբ եւ արտակարգ աշխատասիրությամբ հասել է մեծ արդյունքների։ Նրան հատուկ էր անհագ ընթերցասիրությունը, անցյալ կյանքի մոռացության մատնված եղելությունները բացահայտելու եւ իմաստավորելու կարողությունը, միշտ չտրորված ճանապարհով ընթանալու ձգտումը։ Նա լավ հայերեն ու թուրքերեն գիտեր, տիրապետում էր նաեւ լատիներենին ու դասական հունարենին, կարդում էր նաեւ ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն եւ իտալերեն։ Ճիշտ են այն հեղինակները, որոնք ընդհանրություններ են գտնում Ա. Ալպոյաճյանի եւ Լեոյի միջեւ։ Բայց Լեոն ավելի բախտավոր էր, քանի որ կյանքի մի հատվածն ապրեց հայրենիքում, որտեղ այն ժամանակ վիթխարի ուշադրություն էր դարձվում պատմական գիտության զարգացմանը։ Հայրենի կառավարության ջանքերով լույս ընծայվեցին նրա բոլոր անտիպ գործերը, իսկ մեծածավալ «Հայոց պատմության» հատորները վերահրատարակվեցին։ Մինչդեռ Ա. Ալպոյաճյանը մեծ դժվարությամբ կարողացավ լույս ընծայել իր աշխատությունների միայն կեսը։

Ա. Ալպոյաճյանի մահից հետո, նրա կտակի համաձայն, արխիվը տեղափոխվեց Հայաստան եւ հանձնվեց Մաշտոցի անվան Մատենադարանին, որի դիվանական փաստաթղթերի բաժնում ստեղծվեց «Ա. Ալպոյաճյանի ֆոնդը»։ Այնտեղ մեծ խնամքով պահվում են անվանի գիտնականի աշխատությունների սեւագրությունները, ինչպես նաեւ անտիպ երկասիրությունները, ուսումնասիրության համար հավաքած նյութերը, ստացած նամակները եւ առաքած նամակների որոշ մասի սեւագրությունը կամ մեքենագրված երկրորդ օրինակը։ Հին ֆոնդում են պահվում նաեւ նրա փաստաթղթերն ու լուսանկարները։

Վերջերս իրաքահայ թեմի առաջնորդ Ավագ արք. Ասատուրյանի հանձնարարությամբ Ա. Ալպոյաճյանի ավարտած, բայց ցարդ չտպագրված «Իրաքի հայերը» աշխատությունը տողերիս հեղինակը խմբագրեց, կազմեց առաջաբան, ինչպես եւ հեղինակի մասին կենսագրական ակնարկ ու հանձնեց պատվիրատուին։ Այդ գրքի հրատարակությունը նախատեսված է իրականացնել Բաղդադում կամ Երեւանում։

Ա. Ալպոյաճյանի ֆոնդի մեծագույն մասը նրա նամականին է, որը հրաշալի պատկերացում է տալիս այն վիթխարի աշխատանքի մասին, որ կատարել է Ա. Ալպոյաճյանն իր մեծածավալ եւ արժեքավոր ուսումնասիրությունները շարադրելու համար։ Մի առիթով Ա. Ալպոյաճյանը գրել է. «Կյանքիս մեջ միակ հաճույքս եղած է կարդալը եւ գրելը. ոչ ծխած եմ, ոչ ալ խմած, ոչ սրճարան եւ ոչ ալ հաճույքի այլ վայրեր ճանչցած եմ, ժամանակիս մեծ մասը անցուցած եմ տանս մեջ. լավագույն ընկերներս եղած են գիրքը եւ գրիչը, որոնց հետ ապրած եմ եւ պիտի շարունակեմ ապրիլ այնքան ատեն, որ Աստված կյանք պարգեւե ինծի»։

Ֆոնդում կուտակված նյութերը լավագույն վկայությունն են գիտնականի այս խոսքերի։ Զգացվում է, որ Ա. Ալպոյաճյանը հսկայական աշխատանք է տարել ուսումնասիրության ենթակա խնդիրների շուրջ նյութեր ժողովելու, դրանք ի մի բերելու, նամակագրությամբ լրացնելու եւ ճշգրտելու համար։ Նա թղթակցել է հարյուրավոր գիտնականների, գրողների, հոգեւորականների, քաղաքական ու կուսակցական գործիչների, մանկավարժների հետ։ Նրանցից պատմական ու բանասիրական բնույթի տեղեկություններ է ստացել իրեն հետաքրքրող խնդիրների վերաբերյալ, խորհուրդներ է տվել, երբեմն բանավեճերի մեջ մտել։ Մի կողմից էլ նա առատ տեղեկություններ է ստացել այլեւայլ երկրներում հաստատված հայ գաղութների քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքի, նշանավոր անձնավորությունների գործունեության ու բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ։

Նրա աշխատությունները հրատարակման կարիք ունեն, բայց մինչ այդ լուրջ աշխատանք պետք է տանել պարզելու նրանց հրատարակված կամ անտիպ լինելու ուղղությամբ, որովհետեւ Ա. Ալպոյաճյանը թղթակցում էր բազմաթիվ թերթերի ու հանդեսների, բացի այդ տպագրվում էր մեկ տասնյակից ավելի ծածկանուններով։ Որեւէ աշխատություն հրատարակելուց հետո նա երբեմն լրացուցիչ հետազոտություն էր կատարում դրա վրա, պատրաստում նոր, ավելի ճոխացված եւ ճշգրտված տարբերակ։ Հաճախ նա հրատարակում էր աշխատության համառոտ տարբերակը։ Այնպես որ, նրա գործերը հրատարակելիս անպայման պետք է հաշվի առնել այդ ամենը։

Ստորեւ թվարկում ենք ֆոնդում եղած մի շարք աշխատություններ, որոնք մինչեւ հիմա մնացել են անտիպ. «Հայերը իբր գաղթական», «Ստամբուլի եւ շրջակայից հայոց հոգեւոր վարչութեան սկզբնադրումը», «Սպանիա եւ Հայաստան» (տպագրվել է համառոտ տարբերակը), «Տատեանները, իրենց ծագումը եւ գործունէութիւնը» (532 թերթ), «Թուրքիոյ հայերու կեանքին մէջ Տատեաններու կատարած դերը», «Վրացի Տատեանք», «Դրուագ մը Գ. Զոհրապի կեանքէն», «Զուիցարացի մեծանուն հայասէր Քրաֆթ Պոնաօ», «Հարիւրամեակ ազգային սահմանադրութեան (1869¬1960)», «Վահան Թէքէեանի կենսագրութիւնը», «Կ. Պոլսի օտար հիւանդանոցները», «Փորթուկալ եւ Հայաստան» (հնարավոր է, որ տպված է համառոտ տարբերակը), «Քաղաքական յարաբերութիւններ Սպանիոյ եւ Հայաստանի միջեւ», «Նափոլէոնի հայազգի մեմլուկը», «Եգիպտոսի կրթական անցեալը եւ վիճակագրութիւնը», «Հայերը Մարոքքոյի մէջ», «Յուշեր Կ. Պոլսի Եսայեան վարժարանի մասին», «Ռուսահայ եւ թուրքահայ խնդիրներ», «Ռամկավարութեան դերը Կ. Պոլսոյ մէջ», «Ծոփաց աշխարհ», «Պատմական հնագոյն տեղեկութիւններ Զմիւռնիայի մասին», «Գաւազան Պրուսայի առաջնորդներու (1617¬1896)», «Աւստրալիա գաղթած առաջին հայերը»։

Կրկնում ենք, որ վերը նշված գործերի մի մասը հնարավոր է, որ հրապարակված լինեն կրճատված ձեւով կամ ընդգրկված ավելի ծավալուն աշխատությունների մեջ, բայց հաստատ է, որ մեծամասնությունն անտիպ է եւ սպասում է հրատարակության։

Ա. Ալպոյաճյանը «Անհետացող դէմքեր» շարքով գրել է բազմաթիվ հոդվածներՙ նվիրված իր ժամանակի գործիչներին (Կարապետ Յութուճյան, Ավետիս Ա. Սուրենյան, Ոստանիկ Տեր¬Մարգարյան, Արմենակ Հայկունի, Հակոբ էֆ. Մաթեւոսյան, Ալեք. Գառնիկյան, Հովհ. Սեթ, Գարեգին Սրվանձտյան, Ռեթեոս Պերպերյան եւ այլք)։ Դրանց մի մասը հրատարակված է։ Բայց անկախ դրանից, արժե դրանք բոլորն ի մի բերել եւ զետեղել մի առանձին հատորի մեջ։

Ա. Ալպոյաճյանը զարմանալի խնամքով պահպանել է իր ստացած բոլոր նամակները, ինչպես նաեւ իր ուղարկած նամակների սեւագրությունները կամ երկրորդ օրինակները։ Նա նամակագրական կապեր է ունեցել տարբեր երկրներում ապրող բազմաթիվ հայագետների, գրողների, ուսուցիչների, հոգեւորականների, քաղաքական գործիչների եւ այլ անձանց հետ։ Նամակները պարունակում են ոչ միայն պատմական ու բանասիրական արժեքավոր տեղեկություններ, այլեւ արտացոլում են քաղաքական կյանքը, գաղութների վիճակը, նշանավոր գործիչների գործունեությունը տարբեր ասպարեզներում, պատկերացում են տալիս Եգիպտոսում եւ այլուր ապրող գործիչների հետ Ալպոյաճյանի կապերի մասին եւ այլն։ Հրատարակության ժամանակ անհրաժեշտ կլինի առատ տեղեկություններ հաղորդել նամակների հեղինակների, նամակագրության հաստատման պատճառների, նրանց պարունակած տեղեկությունների արժեքի ու նշանակության մասին։

Ստորեւ բերում ենք ամենեւին ոչ լրիվ ցուցակն այն անձանց, որոնց հետ Ա. Ալպոյաճյանը նամակներ է փոխանակել եւ որոնք պահպանվել են նրա արխիվումՙ Ղեւոնդ արք. Դուրյան, Վարդան Հացունի, Վահան Թեքեյան, Արսեն Ղազիկյան, Վարդան Մելքոնյան, Վահան Մալեզյան, Թորգոմ արք. Գուշակյան, Գուրգեն Մահարի, Լեւոն Խաչիկյան, Վազգեն Ա կաթողիկոս, Ներսես Կասաբյան, Ներսես Ակինյան, Համազասպ Ոսկյան, Գարեգին կաթողիկոս Հովսեփյան, Արտավազդ Սյուրմեյան, Վահե Վահյան, Սիմոն Վրացյան, Սենեքերիմ Տեր¬Հակոբյան, Հրաչյա Աճառյան, Հարություն Քյուրդյան, Սուրեն Գալենդեր, Մկրտիչ Ներսիսյան, Արման Կոթիկյան եւ շատ ուրիշներ։

Ըստ ժողովրդական ասացվածքիՙ «Տաշած քարը գետնին չի մնում»։ Մենք վստահ ենք, որ տարիների ստեղծագործական տքնաջան աշխատանքով մեծանուն պատմաբան Ա. Ալպոյաճյանի «տաշած քարերը» կծառայեն իրենց նպատակին եւ կդրվեն մեր ժողովրդի անցյալ պատմության ու մշակույթի շինության իրենց պատշաճող տեղերը եւ նպաստավոր կլինեն նրա լրացմանն ու ամբողջացմանը։

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, Պատմական գիտությունների դոկտոր, Մատենադարանի փոխտնօրեն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4