«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2002-11-08 | #205, 2002-11-09 | #206, 2002-11-12


ՀԱՅԿԱԿԱՆ ՇԱԽՄԱՏԻ ՓԱՌԱՀԵՂ ՆՎԱՃՈՒՄԸ

Հայաստանի դրոշը վեր խոյացավ օլիմպիական խաղերում

Գագիկ Հովհաննիսյանը հաղորդում է Սլովենիայից

Շախմատի 35-րդ համաշխարհային օլիմպիադայի եզրափակիչ ակորդները մեզ հուզմունքի ու հպարտության պահեր պարգեւեցին։ Հայաստանի եռագույնը մյուս մրցանակակիրներիՙ Ռուսաստանի եւ Հունգարիայի դրոշների հետ օլիմպիադայի փակման հանդիսավոր արարողության վերջին րոպեներին վեր խոյացավ Բլեդի սպորտի պալատում։ Մեր հրաշալի գրոսմայստերներըՙ Վլադիմիր Հակոբյանը, Սմբատ Լպուտյանը, Կարեն Ասրյանը, Գաբրիել Սարգսյանը, Արտաշես Մինասյանը, Աշոտ Անաստասյանը, եւ մարզիչ Արշակ Պետրոսյանը հուզված ու երջանիկ կանգնած էին պատվանդանինՙ կրծքներին օլիմպիական բրոնզե մեդալները։ Հայկական շախմատի պատմության մեջ գրվեց մի նոր, հոյակապ էջ։ Մեր փոքրիկ երկիրը 3-րդն է օլիմպիադայի մասնակից 130 պետությունների, 134 հավաքականների մեջ։ Հայաստանի հավաքականը կրկնեց ուղիղ 10 տարի առաջՙ 1992 թ. Մանիլայում արձանագրած նվաճումը, բայց Բլեդի ելույթը մեր թիմի համար, անկասկած, լավագույնն ու ամենահամոզիչն էր օլիմպիադաների պատմության մեջ։ Մեկնաբանների ու մասնակիցների միահամուռ կարծիքով, ՀՀ հավաքականը ամենահամերաշխ թիմն է։ Այդ հատկանիշներով մեր շախմատիստներն աչքի են ընկել միշտ, եւ դա նրանց հնարավորություն է տվել 10 տարի շարունակ ճանաչվել աշխարհի ուժեղագույններից մեկը եւ պարբերաբար խոշորագույն հաջողությունների հասնել (հիշենք նաեւ Եվրոպայի չեմպիոնների տիտղոսները, հաղթանակը եվրոպական չեմպիոնների գավաթում, երրորդ մրցանակն աշխարհի թիմային առաջնությունում)։ Բայց Բլեդի օլիմպիադայում նախանձելի կուռ մթնոլորտին ու շախմատային նուրբ վարպետությանն ավելացան կամային բարձր հատկանիշները։ Եվ եզրագիծը, որն անցյալում հաճախ դավաճանում էր մեր թիմին, այս անգամ ստացվեց առավելապես տպավորիչ։

Եվ ահա եզրափակիչ տուրի հանդիպումը 3-րդ տեղում ընթացող Վրաստանի հավաքականի հետ, որին այդ պահին մեր թիմը զիջում էր 1 միավորով։ Կարող եմ վկայել, որ մեր հարեւաններն իրենց առաջատար Զուրաբ Ազմայփարաշվիլու գլխավորությամբ կանխավ ըմբոշխնում էին վրացական շախմատի պատմության մեջ տղամարդկանց անդրանիկ օլիմպիական բրոնզը։ Մեզ ձեռնտու չէր ոչ միայն ոչ-ոքին, այլեւ հաղթանակը 2,5¬1,5 հաշվով։ Այդ դեպքում միավորները հավասարվում էին, բայց լրացուցիչ ցուցանիշներով բրոնզե մեդալները, միեւնույն է, բաժին էին հասնելու վրացիներին։ Այնպես որ, մեզ անհրաժեշտ էր հաղթանակ 3¬1 հաշվով։ Պայքարի լարվածությունը գագաթնակետին հասավ, երբ ոչ-ոքի ավարտվեցին Ասրյան¬Մճեդլիշվիլի, Սարգսյան¬Գագունաշվիլի պարտիաները։ Հակոբյանն ու Լպուտյանըՙ թիմի իսկական առաջատարները, փայլուն կատարեցին իրենց պատմական խնդիրը։ Նախ Սմբատը սեւերով զսպանակի նման աստիճանաբար բացվելով ու ճնշում գործադրելով հաղթեց Զուրաբ Ստուրուային։ Եզրափակիչ եւ վճռական հարվածը հասցրեց օլիմպիադայի հիրավի հերոսըՙ Հակոբյանը, որի մրցակից Ազմայփարաշվիլին դեռ չէր պարտվել։ Վլադիմիրը վերստին փայլեց իր դիրքային վարպետությամբ, եւ պայքարը տեղափոխեց շահած վերջնախաղ։ Հոգեբանական տեսակետից անչափ հետաքրքիր էին պարտիայի վերջին րոպեները։ Ազմայփարաշվիլին ոչ մի կերպ չէր ցանկանում հանձնվել։ Եվ միայն այն պահին, երբ Հակոբյանի զինվորը պետք է անխուսափելիորեն վերածվեր թագուհու, վրաց գրոսմայստերը հանձնվեց, իսկ Վլադիմիրը հայտնվեց իր խաղընկերների եւ Հայաստանի պատվիրակության անդամների գրկում... Ահա օլիմպիադայի լավագույն թիմերի դասավորությունը. 1. Ռուսաստանՙ 38,5, 2. Հունգարիաՙ 37,5, 3. Հայաստանՙ 35, 4. Վրաստանՙ 34, 5¬7. Չինաստան, Հոլանդիա, Անգլիաՙ 33,5-ական միավոր։ Անշուշտ, փառք ու պատվի են արժանի մեր թիմի բոլոր անդամները։ Այնուամենայնիվ, առանձնացնենք մեր առաջին երեք խաղատախտակների վրա հանդես եկող Հակոբյանին, Լպուտյանին եւ Ասրյանին, որոնք պարտություն չկրեցին։ Նրանք բոլորը, ինչպես եւ Սարգսյանը, նկատելիորեն բարձրացրին իրենց վարկանիշները։ Այս առումով հատկապես փայլեց Հակոբյանը, որի ցուցանիշն իր մարզական կենսագրության մեջ անցավ 2700-ից։

Մեր աղջիկները, անգամ նախավերջին տուրում լեհերից կրած պարտությունից հետո, ուժեղագույնների վեցյակում տեղ գրավելու հնարավորություններ էին պահպանում։ Դրա համար անհրաժեշտ էր խոշոր հաշվով հաղթել Ադրբեջանի թիմին։ Ահա թե ինչու մեր թիմը մերժեց մրցակցի առաջարկած ոչ-ոքին, դիմեց ռիսկի, բայց, ցավոք, պարտվեց 0,5¬2,5 հաշվով։ Հայաստանը 90 թիմերի մեջ գրավեց 15-րդ տեղը (24 միավոր)։ Թեեւ մեր շախմատիստուհիները եւ մարզիչ Արսեն Եղիազարյանն ավելի հույսեր ու հնարավորություններ ունեին, բայց այս արդյունքն էլ պետք է բավարար համարել։ Նշենք, որ օլիմպիադայի արդյունքներով Լիլիթ Գալոյանը լրացրեց միջազգային վարպետի, իսկ Մկրտչյանըՙ տղամարդկանց միջազգային վարպետի նորման։ Չեմպիոնուհիներ դարձան չինուհիները (29,5 միավոր), որոնց հաջորդում են Ռուսաստանը (29) եւ Լեհաստանը (28)։ Մինչեւ վերջին տուրը ոսկուն հավակնող Վրաստանի թիմը գրավեց 4-րդ տեղը։

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Վանիկ Զաքարյանը կրկին հաստատվեց ՖԻԴԵ-ի պատվավոր փոխնախագահի պաշտոնում։ 2006 թ. օլիմպիադայի մայրաքաղաք ընտրվեց իտալական Թուրինը, որը հաղթեց Տալինին (Հնդկաստանի Հայդարաբադը հանեց իր թեկնածությունը)։ Օլիմպիադա-2008-ի առաջին թեկնածուն Երեւանն է։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4