«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2002-11-09 | #206, 2002-11-12 | #207, 2002-11-13


ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԵՎ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԵԼՈՒՅԹՆ ԷՐ

Սլովենիայի Բլեդ քաղաքում անցկացված շախմատի համաշխարհային 35-րդ օլիմպիադան անցավ պատմության գիրկը։ Հայ շախմատիստների ելույթների մասին «Ազգն» իր ամենօրյա հրապարակումներում հանգամանորեն պատմել է ընթերցողներին։ Այսօր նրանց ուշադրությանն ենք ներկայացնում վիճակագրական որոշ տվյալներ օլիմպիադայի մասնակիցների ելույթների վերաբերյալ, որոնք ցայտուն կերպով արտացոլում են այս կամ այն շախմատիստի ներդրումն ընդհանուր թիմային հաջողությունում։

Սկսենք Հայաստանի տղամարդկանց հավաքականից։ Մեր ընտրանին օլիմպիադայում տարավ 7 հաղթանակ (Դոմինիկյան Հանրապետությունՙ 3,5¬0,5, Իսլանդիաՙ 2,5¬1,5, Կանադաՙ 3,5¬0,5, Հարավսլավիաՙ 3,5¬0,5, Կուբաՙ 3,5¬0,5, Ուկրաինաՙ 3¬1, Վրաստանՙ 3¬1), չորս հավաքականներիՙ Ռուսաստանի, Բելառուսի, Հոլանդիայի, Հունգարիայի հետ մրցախաղերն ավարտեց ոչ-ոքի արդյունքով, կրեց 3 պարտություն (Ռումինիաՙ 1,5¬2,5, Չեխիաՙ 1,5¬2,5, Շվեդիաՙ 1,5¬2,5)։ Մեր հավաքականում լավագույն արդյունքը պատկանում է թիմի առաջատար Վլադիմիր Հակոբյանին, որը 11 հանդիպումներում վաստակեց 8 միավոր (5 հաղթանակ, 6 ոչ-ոքի)։ Դա հնարավոր միավորների 72,7 տոկոսն է։ Համեմատության համար նշենք, որ այս ցուցանիշով Հակոբյանը զիջում է միայն ՌԴ հավաքականի առաջատար Գարրի Կասպարովին, որը վաստակել է հնարավոր միավորների 83,3 տոկոսը (7,5 միավոր 9 հնարավորից. 6 հաղթանակ, 3 ոչ-ոքի)։ Ընդ որում, Հակոբյանն այն 3 շախմատիստներից մեկն էր, որ օլիմպիադայում ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Կասպարովի հետ։ Նման արդյունքի հասան նաեւ հունգարացի Պետեր Լեկոն եւ Իսրայելի առաջատար Բորիս Գելֆանդը։ Որպեսզի առավել ընդգծենք Վլադիմիր Հակոբյանի գերազանց արդյունքը, բերենք առաջատար տեղեր գրաված մյուս հավաքականների առաջին խաղատախտակի վրա հանդես եկած շախմատիստների ցուցանիշները. Պետեր Լեկո (Հունգարիա)ՙ 6 (11-ից), +1=10-0, 54,5 %, Զուրաբ Ազմայփարաշվիլի (Վրաստան)ՙ 7 (11), +4=6-1, 63,6 %, Ե. Ցզյանչուան (Չինաստան)ՙ 8 (12), +5=6-1, 66,6 %, Լյուկ վան Վելի (Հոլանդիա)ՙ 6 (11), +3=6-2, 54,5 %, Մայքլ Ադամս (Անգլիա)ՙ 8,5 (13), +5=7-1, 65,4 %, Բորիս Գելֆանդ (Իսրայել)ՙ 5 (8), +2=6-0, 62,5 %, Ռուսլան Պոնոմարյովՙ 6 (11), +3=6-2, 54,5 %։ Գերազանց հանդես եկան նաեւ Սմբատ Լպուտյանըՙ 7,5 (11), +4=7-0, 68,1 % եւ Կարեն Ասրյանըՙ 7,5 (12), +3=9-0, 62,5 %։ Մեր մյուս շախմատիստների ցուցանիշներն այսպիսին են. Գաբրիել Սարգսյանՙ 5,5 (10), +3=5-2, 55 %, Աշոտ Անաստասյանՙ 3,5 (6), +3=1-2, 58,3 %, Արտաշես Մինասյանՙ 3 (6), +2=2-2, 50 %։

Հայաստանի կանանց հավաքականը 14 մրցախաղերից շահեց 7-ը (Չիլիՙ 3¬0, Ֆիլիպիններՙ 2,5¬0,5, Դանիա, Մոնղոլիա, Իրանՙ 2¬1, Խորվաթիա, ԱՄՆՙ 2,5¬0,5), 3-ն (Ռումինիա, Լիտվա, Չինաստան) ավարտեց ոչ-ոքի, 4-ում (Ռուսաստանՙ 1¬2, Հունգարիաՙ 0,5¬2,5, Լեհաստանՙ 1¬2, Ադրբեջանՙ 0,5¬2,5) պարտվեց։ Մեր թիմին առավելագույն քանակի միավորներ (8) պարգեւեց գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը, որը 12 պարտիաներում տարավ 5 հաղթանակ, 6-ն ավարտեց ոչ-ոքի, մեկում պարտություն կրեց։ Լիլիթը վաստակեց հնարավոր միավորների 66,6 տոկոսը։ Այս ցուցանիշով Մկրտչյանն առաջատար քառյակում տեղ զբաղեցրած հավաքականների շախմատիստուհիներից, որոնք խաղում էին 2-րդ խաղատախտակին, զիջեց միայն ռուսաստանցի Սվետլանա Մատվեեւայինՙ 8 (11), 72,7 տոկոս եւ չինացի Սյույ Յույխուայինՙ 7,5 (11), 68,1 տոկոս։ Պետք է հաշվի առնել նաեւ, որ Մկրտչյանը 2 անգամ փոխարինել է առաջին խաղատախտակի վրա հանդես եկած Էլինա Դանիելյանին, որի արդյունքը եւս կարելի է բարձր համարելՙ 7 (12), 58,3 տոկոս։ Համեմատության համար նշենք, որ աշխարհի չեմպիոնուհի Չժու Չենը նույնատիպ ցուցանիշ ունի։ Իսկ լավագույն արդյունքը պատկանում է աշխարհի նախկին չեմպիոնուհի Մայա Չիբուրդանիձեինՙ 8 (11), 72,7 տոկոս։ Մեր երկու մյուս շախմատիստուհիների ցուցանիշներն այսպիսին են. Լիլիթ Գալոյանՙ 6,5 (12), 51,6 տոկոս, Գոհար Հլղաթյանՙ 2,5 (6), 41,6 տոկոս։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4