«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2002-11-09 | #206, 2002-11-12 | #207, 2002-11-13


ՇԻՐԱԿԻ ԸՆԴԵՐՔԸ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՄԵԾ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՊԱՀՈՒՄ

Մասնագետների խոսքը նաեւ նավթի, գազի, ոսկու եւ բազմամետաղների մասին է

«Ազգի» հոկտեմբերի 31-ի համարում արդեն անդրադարձել ենք Շիրակի մարզում բնական ցեոլիտներիՙ «21-րդ դարի հումքի» արդյունահանման եւ օգտագործման հեռանկարայնության խնդրին, որը ոլորտի գիտնական-մասնագետների կողմից առաջ էր քաշվել սեպտեմբերի վերջին Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի Գյումրու բաժանմունքի եւ ճարտարագիտական համալսարանի տեղի կրթահամալիրի համատեղ կազմակերպած գիտագործնական աշխատաժողովում։ Մարզի արդյունաբերական համալիրի վերականգնման ու վերապրոֆիլավորման ռազմավարության մշակմանն աջակցելու միտված այդ արդեն երկրորդ ներկայացուցչական գիտական նստաշրջանը ի ցույց հանեց Շիրակի ընդերքի ամբողջ հանքահումքային հարստության չօգտագործված հնարավորությունները, որոնց իրացման քայլերը թերեւս կարող են դրական առումով հեղաբեկել մարզի տնտեսությունը։

«Հայգունմետ» ԳՀԻ գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ, հանքաերկրաբանական գիտությունների դոկտոր, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Պետրոս Ալոյանի վկայությամբ, Շիրակի մարզը եզակի շրջան է օգտակար հանածոների հսկայական պաշարներով եւ զարգացած ենթակառուցվածքով։ Հասունացած անհրաժեշտություն է այստեղ եղած հանքահումքային ռեսուրսների լիարժեք ուսումնասիրությունն ու վերագնահատումը, որն իրական նախադրյալներ կստեղծի ճյուղային, միջմարզային եւ տարածաշրջանային նախագծերի մշակման ու հնարավոր իրականացման համար։ Խոսքը վերաբերում է ոչ միայն ցեոլիտներին կամ ավանդաբար մարզի հիմնական հարստությունը համարվող տուֆին, բազալտին, պեմզային ու կրաքարին։ Դրանք նաեւ վառելիքաէներգետիկ ռեսուրսներն են, որոնք ներկայումս սահմանափակվում են բազմանպատակ նշանակություն ունեցող, բայց առ այսօր լիարժեք չիրացվող գորշ ածխի եւ այրվող թերթաքարերի պաշարներով։ Մասնագետների պնդմամբ, ապացուցված է տարածաշրջանի նավթագազաբերության հեռանկարը, որը ժամանակին հաստատել են ԽՍՀՄ հեղինակավոր պետական հանձնաժողովները։ Անշուշտ, տեղական եւ հանրապետական միջոցներով նավթի ու գազի համար երկրաբանա-հետախուզական աշխատանքները անհնար է վերսկսել։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Շիրակի ընդերքի նպաստավոր ստրուկտուրաները շարունակվում են հարեւան երկրների կից տարածքներում, առաջարկվում է ընդգրկվել Սեւծովյան տնտեսական միավորման մեջՙ այդ ստրուկտուրաների հետախուզմանը միջազգային նախագծերով ներգրավելով (Ախուրյանի ջրամբարի շահագործման օրինակով) հարցով շահագրգռված երկրներին, առաջին հերթինՙ Թուրքիային եւ Վրաստանին։ Ակնկալվում է, որ դա արդյունաբերության աճի եւ ներդրումների հոսքի խթան կդառնա։

Մասնագիտական լուրջ հիմքեր կան սպասելու, որ մարզի տարածքում կարելի է գտնել ոսկու, արծաթի, պլատինի խմբի մետաղներ, թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարեր։ Շիրակի մարզը հարուստ է նաեւ հանքային ու ծծմբային աղբյուրներով, որոնք, ըստ գնահատումների, բավարար են հանքային ջրերի արտադրության եւ առողջարանների կազմակերպման համար։

Նշված խնդիրները լուծելի դարձնելու նպատակով, ըստ պրոֆեսոր Պետրոս Ալոյանի, անհրաժեշտ է իրականացնել հետեւյալ քայլերը։ Նախՙ ռազմավարություն մշակելու համար Գյումրի քաղաքում կազմակերպել «Հանքային հումքի օգտագործման տեխնոլոգիական կենտրոն», որը սկզբում կարող է գործել թեկուզ հասարակական հիմունքներով։ Երկրորդ, մշակել նախագծեր հազվագյուտ եւ թանկարժեք մետաղների որոնողահետախուզական աշխատանքների իրականացման, ինչպես նաեւ ոչ մետաղական հանքային հումքի, առաջին հերթինՙ ցեոլիտային ապարների լրահետախուզման համար։ Ստեղծել հանքահումքային ռեսուրսների եւ հանքային ջրերի կադաստր։ Մշակել հանքահումքային հենքի փուլային ուսումնասիրության եւ արդյունաբերական յուրացման համալիր ծրագիրՙ հաշվի առնելով Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական զարգացումը երկարաժամկետ հեռանկարում, ինչպես նաեւ առկա հանրապետական եւ տարածաշրջանային նախագծերը։

Եվ վերջապեսՙ առաջարկվում է մարզում եւ կից տարածքներում նավթի ու գազի հետախուզման նպատակով մշակել «Շիրնավթ» նախագիծը եւ ներկայացնել Սեւծովյան տնտեսական միությանըՙ դրան միջազգային նախագծի կարգավիճակ շնորհելու համար։

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4