«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#208, 2002-11-14 | #209, 2002-11-15 | #210, 2002-11-16


ՀԱՅԿԱԿԱՆ ՇԱԽՄԱՏԻ ՄԵԾ ՆՎԱՃՈՒՄԸ

Մեր շախմատիստներն արժանի են պատշաճ ուշադրության

Բլեդում ավարտված շախմատի համաշխարհային 35-րդ օլիմպիադայի ու ՖԻԴԵ-ի կոնգրեսի արդյունքներին էր նվիրված երեկ շախմատիստի տանը կազմակերպված մամուլի ասուլիսը։ Լրագրողների հարցերին սպառիչ պատասխաններ տվեցին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Վանիկ Զաքարյանը, փոխնախագահ Գագիկ Հովհաննիսյանն ու տղամարդկանց հավաքականի ավագ Սմբատ Լպուտյանը։ Հանդիպման բոլոր մասնակիցներն էլ այն կարծիքին էին, որ օլիմպիադայում մեր շախմատիստների արդյունքն իրոք հայկական շախմատի մեծ նվաճումն է։

«Ազգի» թղթակցի այն հարցին, թե առանձին խաղատախտակների վրա ցույց տված արդյունքներով արդյոք մեր շախմատիստներից որեւէ մեկն արժանացե՞լ է մեդալի, Վանիկ Զաքարյանը պատասխանեց, որ նման մրցումներում, հատկապես առաջատար թիմերի շախմատիստների համար, շատ դժվար է բացարձակ լավագույն արդյունք ցույց տալը։ Պարզվում է, որ, օրինակ, առաջին խաղատախտակի վրա լավագույն արդյունքի է արժանացել... Զիմբաբվեի ներկայացուցիչը, որը 9 հանդիպումներում վաստակել է 9 միավոր։ Համեմատության համար նշենք, որ Կասպարովը նույնքան պարտիաներում վաստակել էր 7,5 միավոր։ Բայց օլիմպիադայում նաեւ առաջատար թիմերի, բարձր վարկանիշ ունեցող շախմատիստների արդյունքների առանձին հաշվարկ է տարվում։ Ահա այդ ցուցանիշով Վլադիմիր Հակոբյանը գրավեց 2-րդ տեղը Գարրի Կասպարովից հետո եւ արժանացավ հատուկ մրցանակի։ Լավագույն եռյակը եզրափակեց Ալեքսանդր Խալիֆմանը։

Խոսք գնաց նաեւ Լեւոն Արոնյանին հավաքականում չընդգրկելու պատճառների եւ նրա ներկայության դեպքում ավելի բարձր ցուցանիշների հասնելու հնարավորության մասին։ Եվ Վանիկ Զաքարյանը, եւ Սմբատ Լպուտյանը նշեցին, որ, իհարկե, մրցաշարի ավարտից հետո ավելի հեշտ է կազմի ընտրության մասին խոսելը, երբ պարզվում է, որ Անաստասյանն ու Մինասյանն այնքան էլ հաջող չխաղացին։ Վանիկ Զաքարյանի կարծիքով, բացառված չէր, որ Արոնյանի ընդգրկումն ազդեր հավաքականում տիրող ընդհանուր մթնոլորտի վրաՙ հաշվի առնելով, որ տղաները միմյանց հետ բավական երկար ժամանակ հանդես են եկել հավաքականում։ Ամեն դեպքում, ֆեդերացիայի նախագահը խոստովանեց, որ խախտվել է մրցակարգը, համաձայն որի ՀՀ չեմպիոնը պետք է ընդգրկվեր հավաքականում։ Ուստի նաեւ հայտնեց, որ ֆեդերացիայի նիստում պետք է հստակ որոշվի հավաքականում շախմատիստների ընդգրկման կարգը, որպեսզի հետագայում նման վիճահարույց իրավիճակ չստեղծվի։

Անդրադառնալով հերթափոխին, Վանիկ Զաքարյանը նշեց, որ հավաքականի այս կազմը դեռ երկար տարիներ կարող է հաջող խաղալ։ Իսկ մոտակա հերթափոխից Տիգրան Պետրոսյանը կարող է 2006 թ. ընդգրկվել հավաքականում։

Մեր կանանց թիմի ելույթը եւս բարձր գնահատականի արժանացավ։ Հնգյակ մտնելու ձգտումը շատ մեծ էր, ինչն էլ որոշ չափով խանգարեց վերջին տուրում հաջող ելույթին։ Հատկապես 2 Լիլիթները շատ լավ խաղացին, իսկ Հլղաթյանը պարզապես լավ մարզավիճակում չէր։ Ամեն դեպքում կանանց շախմատի առաջխաղացումն առկա է։ Վարկանիշով ՀՀ հավաքականը 16-րդն էր օլիմպիադայում եւ գրավեց 15-րդ տեղը։

Ինչ վերաբերում է մեր շախմատիստների խրախուսմանը, ապա ֆեդերացիայի նախագահը ցավով նկատեց, որ այդ հարցում հովանավորներ չգտնվեցին։ Կառավարության որոշմամբ, պահուստային ֆոնդից 20 մլն դրամ է հատկացվել 6 շախմատիստներին եւ նրանց մարզիչ Արշակ Պետրոսյանին պարգեւատրելու համար։

Վանիկ Զաքարյանը հույս հայտնեց, որ պաշտպանության նախարարությունն էլ այս հարցում կաջակցի։ Շատ կարեւոր է նաեւ հանրապետության նախագահի վերաբերմունքը։ Լրագրողներս զարմանք արտահայտեցինք, որ մինչեւ օրս մեր շախմատիստները դեռ չեն արժանացել հանրապետության ղեկավար այրերի ընդունելությանը։ Իսկ որ նրանք արժանի են պատշաճ ընդունելության ու վերաբերմունքի, երկու կարծիք լինել չի կարող։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4