«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#209, 2002-11-15 | #210, 2002-11-16 | #211, 2002-11-19


«ԱՐԴՇԻՆԲԱՆԿՈՎ» ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ Է ՆԵՐԴՆՈՂՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ

Նշում է բանկի ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավար

Սմբատ Նասիբյանը

«Շատ լուրջ քայլ կլինի երկու բանկերի միավորումը։ Այսօր ձեռնարկությունների աճի տեմպերը գերազանցում են բանկերի աճի տեմպերին։ Այսինքնՙ արդյունաբերությունը ֆինանսավորելու լուրջ հնարավորություն կստեղծվի։ Սակայն, եթե դա ստացվի», երեկ «Արդշինբանկի» ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավար նշանակված «Կոնվերս բանկի» գլխավոր տնօրեն Սմբատ Նասիբյանն այսպես պատասխանեց այս երկու բանկերի միավորման հնարավորության մասին հարցին։ Այդուհանդերձ, նա ընդգծեց, որ դա ապագայում հայտնի կդառնա, իսկ իրՙ ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավար նշանակվելը կոնկրետ նպատակ ունի։ Այն էՙ 1 ամիս ժամկետում ուսումնասիրել եւ գնահատել գործերի վիճակն «Արդշինբանկում»։

Դեկտեմբերի 20-ին նա պետք է Կենտրոնական բանկի խորհրդին ներկայացնի «Արդշինբանկի» առողջացման ծրագիրը։ Տվյալ դեպքում Սմբատ Նասիբյանը ներկայացնում է բանկի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերած ներդնողների խմբին։ Ըստ նրա, բանկում կատարվելիք ներդրումները կարող են կազմել մինչեւ 9 մլն դոլար։ Ներդնողները ներկայացնում են ռուսական կապիտալը, եւ նրանց մեջ է նաեւ «Կոնվերս բանկի» բաժնետերը։

Արդյոք իրավական խնդիր չկա՞ «Կոնվերս բանկի» գլխավոր տնօրենին ԿԲ-ի կողմից մեկ այլ բանկի ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավար նշանակելու մեջ մեր հարցին Սմբատ Նասիբյանը պատասխանեց, որ իրՙ գլխավոր տնօրենի եւ վարչության նախագահի լիցենզիան նման իրավասություն ենթադրում է։ Հետեւաբար, իրավական խնդիր չկա։

Ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարը, անդրադառնալով «Արդշինբանկի» կացությանը, կարծիք հայտնեց, որ այն մեծ հնարավորություններ, բայց նաեւ լուծման կարոտ խնդիրներ ունեցող բանկ է։ Նրա գնահատմամբ, այդ խնդիրների հիմնական մասը կապված է բանկի Կենտրոն մասնաճյուղի տնօրենին վերաբերող քրեական գործի հետ։ Այդ ժամանակ տվյալ անձնավորությունը, ըստ մամուլի հրապարակումների, 3 մլն դոլար վերցրեց բանկից եւ անհետացավ։ Ներկայումս «Արդշինբանկի» բաժնետերերի իրավասությունները դադարեցված են, եւ բանկը գտնվում է Կենտրոնական բանկի խնամակալության ներքո։ Այդ ընթացքում գործերը որոշակիորեն կարգավորվում են։ Առկա է ավանդների աճ, իսկ բանկն աշխատում է ամսական միջինը 50 մլն դրամ շահույթով։

Պատասխանելով թերթերից մեկի այն հրապարակմանը, թե «Արդշինբանկը» ամանորյա նվեր էր Սմբատ Նասիբյանի համար, վերջինս նշեց, որ օրը 12 ժամ աշխատելը սարսափելի ծանր աշխատանք է, եւ նման «նվերից» շատերը կհրաժարվեին։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4