«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#211, 2002-11-19 | #212, 2002-11-20 | #213, 2002-11-21


ՈՍԿՈՒ ԻՐԱԿԱՆ ՈՒ ԿԵՂԾ ՓԱՅԼԸ

Ամեն մի գնորդ խաբեության հավանական զոհ է

Յուրաքանչյուր երկրի համար ոսկին ստրատեգիական մեծ արժեք է։ Պատերազմական իրավիճակներում պետությունը կարող է օգտագործել նույնիսկ իր բնակչության ձեռքին եղած թանկարժեք քարերն ու մետաղները, գնել դրանք կանխիկ գումարով կամ հետագայում փոխհատուցելու պայմանով։ Ըստ մասնագետների, խորհրդային տարիներին ոսկու հանույթի միայն 5 տոկոսն էր օգտագործվում ոսկեգործության ու ակնագործության մեջ։ Մնացածի տեղը տնտեսությունն էր, բանկային համակարգը։ Պետական անվտանգության այս կարեւոր պայմաններից մեկը մեզանում վաղուց անտեսվում է։

Մեկ ու կես ամիս առաջ Շենգավիթում գործող բանկային մի մասնաճյուղից արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոն էին բերել ոսկյա իրերի մի մեծ քանակ։ Դրանք բավական թանկ գնահատված զարդեր էինՙ 700, 1000, 1500 դոլար արժողությամբ։ Փորձաքննությունը, սակայն, ապացուցեց, որ իբրեւ ադամանդ ներկայացված քարերն ընդամենը հասարակ ցիրկոնիում են։ Եվ սա այսօրինակ միակ փաստը չէ։ Ըստ ֆինանսների նախարարության մետաղափորձական հսկողության տեսչության գլխավոր փորձագետ Սամվել Ղուկասյանի, նման իրողություններ են արձանագրվել նաեւ Արտաշատի, Գեղարքունիքի մարզերից բերված ոսկեղենի փորձաքննությունից հետո։ Երեւանի տոնավաճառներում ներկայացված ոսկյա զարդերի ճնշող զանգվածը պետական հարգադրոշմ ու գնապիտակ չունի, որ այս զարդերի իսկության առաջին երաշխիքը պիտի լինեն։ Տնայնագործ ոսկերիչներն իրենց ճաշակի ու ախորժակի հանգույն են լուծում խնդիրը։ Ապավինելով գնորդի անտեղյակությանն ու վերահսկողության իսպառ բացակայությանըՙ առանց խղճի խայթի նրանք ցածր հարգի ոսկին կարող են ներկայացնել բարձրահարգի տեղ, էժանագին ապակին ու լեռնաբյուրեղըՙ իբրեւ թանկարժեք ու կիսաթանկարժեք ոսկեղեն։

Յուրաքանչյուր հարգի ու գույնի ոսկի, գիտնականների ու գիտահետազոտական ինստիտուտների կողմից տարիների ընթացքում մշակված ու հաստատված նորմատիվներով, պիտի ունենա իր հաստատուն լիգատուրային կազմը։ Այն նշում է, թե, ասենք, 585 հարգի սպիտակ ոսկու մեջ որ մետաղն ինչ քանակով պիտի լինի։ Ինքնագլուխ ոսկերչություն ձեռնարկած արհեստավորները հետեւո՞ւմ են այս կանոններին։

Անկախացումից անմիջապես հետո ով ասես չմտավ այս ասպարեզՙ աշխատանքից զրկված, ոսկերչությանը որեւէ առնչություն չունեցող ամեն կոշկակար ու գործիքագործ։ Խորհրդային տարիներին մետաղափորձական հսկողության ազգային պալատ օրական այնքան զարդ էր բերվում, որ պալատի 50 աշխատողներ հազիվ էին հասցնում հարգորոշել ու հարգադրոշմել դրանք։ Այսօր այստեղ լռությունն ու անգործությունն են թագավորում։ Տնայնագործ ոսկերիչները մուրճի պարզ ու կոպիտ հարվածներով իրենք են «հարգադրոշմում» շատ հաճախ ոսկու չնչին պարունակությամբ համաձուլվածքներով զարդերը։ Նման զեղծարարությունների հեղինակներին Իտալիայում խստագույնս պատժում ենՙ առհավետ զրկելով գործունեությամբ զբաղվելու իրավունքից, բանտարկելով ու մեծ տուգանքների ենթարկելով նրանց։ Մեր տոնավաճառներում ամենաթողության մթնոլորտ է, եւ հասարակ գնորդն անպաշտպան է այս ասպարեզում։

Միամտություն կլինի կարծել, թե վաղուց կանոնակարգման կարոտ այս դաշտի տեր ու տնօրենները գործում են առանց պաշտպանիչ զրահների, առանց ամենազոր տանիքների հովանավորության։ Եվ զարմանալի չէ, որ մեծ շահույթ ապահովող խանութների ու տոնավաճառների ցանցը շատ կարճ ժամանակում ընդլայնվեց։ Այսօր հատկապես Թուրքիայից ու արաբական երկրներից գործունեության լայն ասպարեզ ստացած ներկրողները կիլոգրամներով ոսկյա զարդեր են բերում։ Մաքսատուն անցնում են ընդամենը հայտարարագիր տալով։ Կոպտորեն շրջանցվում է 2001 թ. մայիսին մետաղափորձական տեսչության աշխատանքային կանոնակարգի վերաբերյալ վարչապետի հաստատած որոշումըՙ մաքսազերծվելուց առաջ ոսկյա իրերը պետք է հարգորոշումների ու հարգադրոշմումների փուլ անցնեն։ Մետաղափորձական տեսչությունում նման օրինակ չեն հիշում։ Ավելինՙ հանվել է նաեւ ներկրվող զարդեղենի վրա դրվող մաքսատուրքը։ Այս ոլորտի հովանավորները լավագույնս պաշտպանում են իրենց բիզնեսը, եւ պետբյուջեին հսկայական մուտքեր խոստացող այս դուռն էլ է փակվել։ Եվ անհասկանալի չէ, թե ինչու են արդեն 6 տարի ձգձգվում ոլորտը կանոնակարգելու հավակնող օրենքի նախագծի քննարկումները։ Նույն արատավոր իրողություններն են նաեւ թանկարժեք ու կիսաթանկարժեք ակնեղենի ոլորտում։

Մուասանիտ քարը (այն ստացող 18-րդ դարի ֆր. գիտնական Մուասանի անունով) սիլիցիումի եւ ածխի պարզ համակցություն է, որ բարձր կարծրության շնորհիվ երկար տարիներ օգտագործվել է իբրեւ հղկանյութ։ Վերջին տարիներին արեւմտյան երկրներում հաջողվեց ստանալ նաեւ այս քարի ոսկերչական տարբերակըՙ թափանցիկ, անհարթություններից զերծ որակով։ Թե՛ ջերմափոխանակության, թե՛ լույսի անդրադարձման ցուցանիշներով մուասանիտը շատ մոտ է ադամանդինՙ թերեւս միայն կարծրությամբ ու տեսակարար կշռով զիջելով նրան։ Եվ ահա, ողջ աշխարհում մուասանիտը գայթակղության քար է դարձել կեղծարարների համար։ Մետաղափորձական հսկողության տեսչության գլխավոր փորձագետի հավաստմամբ, վերջերս այն մեծ քանակությամբ մտել է նաեւ Հայաստան։ Ադամանդը նմանակներից տարբերակելուն կոչված մեզանում շրջանառվող դետեկտորները վաղուց բարոյապես մաշվել են, եւ քարի իսկությունը կարելի է որոշել միայն լաբորատոր պայմաններում, որի հնարավորությունները սուղ են Հայաստանում։ Հայկական ակնագործության շուկան անզոր է նաեւ այսպես կոչված մանրատեսակ (մինչեւ 0,29 կարատ) ցածրորակ ադամանդաքարի գրոհի հանդեպ, որի մշակության 90 տոկոսը բաժին է ընկնում Հնդկաստանին։ Այն մեր կարգի երկրներ ներկրվում է հարյուրավոր, հազարավոր կարատներով։

Տոնավաճառները լի են նաեւ ինքնակոչ գնահատողներով, որոնց աշխատանքային գործիքը հասարակ խոշորացույցն է։ Մի քանի տարի առաջ, 1997 թ. ԵՊՀ-ում հեմմոլոգիական (ոսկու եւ թանկարժեք քարերի գնահատում) դասընթացներ կազմակերպվեցին։ Սակայն կենտրոնն ընդամենը 3 տարվա կյանք ունեցավ, ինչպես բացվել էր, այնպես էլ փակվեց։ Հետաքրքրական է, որ այս ասպարեզում առկա մասնագիտական քաղցի պայմաններում կենտրոնի շրջանավարտները այդպես էլ աշխատանք չգտան։ Արդեն ձեւավորված կլանային մեծ ու փոքր խմբերը մոտ չթողեցին նրանց։

Մինչդեռ նրանց ներկայությունն օդի ու ջրի պես անհրաժեշտ է հարկային, մաքսային ծառայություններում, բանկերում եւ վերջապես տոնավաճառներում, որոնց վայ-գնահատողները, ով կարող է երաշխավորել, որ վաճառողների հետ մշտական գործարքի մեջ չեն։

Եվ այդուհանդերձ, ոսկու եւ ակնեղենի երեւանյան վաճառակետերի մշտական այցելուներ են նաեւ դրսիՙ Դաղստանից, Չեչնիայից, Վրաստանից եւ Ռուսաստանից այստեղ հասած գնորդները։ Ի՞նչն է նրանց հրապուրում Հայաստանում։ Իհարկե, ամենից առաջ ցածր գները։ Հարկայինի աչքից հեռու, ստվերում գործող տնայնագործները ցածր են գնահատում իրենց աշխատանքն էլ, արտադրանքն էլ։ Դրսի գնորդներն առաջին հերթին «վրա են վազում» խորհրդային տարիների արտադրության, բոլոր կանոններով ստեղծված անխառն ու ազնիվ զարդեղենին։ Այն վաճառվում է նույն գներով, ինչ այսօր արտադրված կասկածելի արժեքները։ Առեւտրի այս ոլորտում հմտացած ձեռներեց չեչենուհիներն ու վրացուհիները կարողանում են տարբերել նաեւ ոսկեգործ վարպետների անխարդախ ձեռքով ստեղծված, գեղարվեստական որակ ներկայացնղ գործերը եւ շահավետ գնումներ կատարել։ Վաճառողների վկայությամբ, նրանք ամենեւին ուշադրություն չեն դարձնում «իտալական» հորջորջվող ոսկյա զարդերին։ Իտալիայում ոսկու 1 գրամը եռապատիկ թանկ արժե, քան մեզանում։ Ի՞նչ ակնկալիքով ներկրողը մեծաքանակ զարդ պիտի բերի ու դեռ վաճառի 1 գրամը 7¬8 դոլարով։ Լիգատուրային կասկածելի կազմով, հիմնականում Թուրքիայից բերված այս ցածրորակ զարդերը նախատեսված են զանգվածային արտադրության համար։ Եղել են դեպքեր, երբ զուտ հետաքրքրության համար ներկրողն այս կարգի զարդեր է բերել փորձաքննության։ Եվ պարզվել է, որ ոսկու պարունակությունը համաձուլվածքում 20¬23 տոկոս է։ Իսկ շուկաներում դրանք ներկայացվում են 580, 583, 585 հարգերի անվան տակ։ Նման կարգի ոսկու վաճառքը, Սամվել Ղուկասյանի հավաստմամբ, ընդհանրապես պետք է արգելել։

Լավատեղյակ գնորդը, թերեւս, հավատ ընծայում է միայն Երեւանի ոսկերչական գործարանի արտադրանքին։ Սակայն այն աշխատում է միայն դրսի շուկայի համարՙ ԱՄՆ, Եվրոպա, Ռուսաստան, Միջին Ասիա։ Ներքին շուկան քիչ է հետաքրքրում նրան։ Իր արտադրանքի գները բարձր են, իսկ պոտենցիալ գնորդների մեծ զանգվածըՙ անվճարունակ։ Եվ անպատժելիության ու խաբեության մթնոլորտի զոհը շարունակում է մնալ կիսավճարունակ սպառողը։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4