«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#212, 2002-11-20 | #213, 2002-11-21 | #214, 2002-11-22


ՀԱՅԵՐԵՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՇԵՄԻՆ

Համահայկական տեղեկատվական միասնական դաշտ ստեղծելու հրատապության մասին քանիցս խոսվել է։ Շեշտվել է այն հանգամանքը, որ ինտերնետի հայերեն թարգմանությունը կնպաստի թե՛ տնտեսության, թե՛ գիտության եւ թե՛ այլ ոլորտների արագընթաց զարգացմանը։

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում գործող ISMA ընկերությունը վերջին երկու տարիներին զբաղվում է համակարգչային ծրագրերի եւ ինտերնետի հայերեն տարբերակներ ստեղծելու փորձնական աշխատանքներով։ Ներկա փուլում ընկերությունն իր առջեւ խնդիր է դրել ունենալ որակյալ հայերեն-անգլերեն համակարգչային թարգմանչական համակարգ, ինչպես նաեւ Windows ծրագրի եւ ինտերնետի հայերեն տարբերակները։

Արդեն գործում է հայերեն-անգլերեն թարգմանչի փորձնական տարբերակը, որը կատարում է իմաստային թարգմանություն ցանկացած լեզվից։ Անհրաժեշտ է միայն համակարգ ներմուծել գիտելիքների բազան, տվյալ լեզվի բառարանները եւ շարահյուսական կանոնները։ Համակարգը ցուցադրվել եւ հավանության է արժանացել ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունում, ԳԱ ակադեմիայում, Հայաստանի ամերիկյան համալսարանում եւ այլ հաստատություններում։

Առայժմ ներմուծված են 500 բառ եւ շարահյուսական կանոնների 75 տոկոսը։ Նախատեսվում է մշակել պարզ համառոտ, պարզ ընդարձակ եւ բաղադրյալ նախադասություններով տեքստեր թարգմանելու աշխատանքը, ստեղծել 50000 բառ պարունակող բառարանային բազա, որից հետո թարգմանիչ ծրագիրը կցել ինտերնետին։ Ծրագիրն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է 136 մլն դրամ։

Ինչ վերաբերում է Windows ծրագրի հայերեն տարբերակին, այն աշխատում է համակարգի ֆունկցիաներով ու կանոններովՙ չձեւափոխելով ծրագրի միջոցներն ու տեքստային ռեսուրսները։ Այդ ձեւով ստացվում է ծրագրի հայերեն տարբերակի տնտեսապես շատ էժան լուծում։ Նշված հետազոտական փորձնական աշխատանքները ֆինանսավորվել են ընկերության ներքին ռեսուրսներից։ Նրանց վերջնական տեսքի բերելու համար անհրաժեշտ են որոշակի ֆինանսական ներդրումներ։

Քանի որ հայալեզու ծրագրային փաթեթների շուկան խիստ փոքր է, եւ տարածված է անօրինական պատճենահանումների երեւույթը, հետեւաբար հայերեն-անգլերեն համակարգչային թարգմանչի մշակումը կոմերցիոն նպատակներով ներկայումս գործնականում բացառված է։ Պետբյուջեի սղության պատճառով հնարավոր չէ նաեւ պետական ֆինանսավորում ստանալ։ Այսպիսով, ֆինանսավորման միակ ռեալ ուղին միջազգային կազմակերպություններից կամ հայ գործարար բարերարներից աջակցություն ստանալն է։

«Ազգի» թղթակցի հետ զրուցելիս ՀՊՃՀ-ի կոմպյուտերային համակարգեր եւ ինֆորմատիկա դեպարտամենտի պրոֆեսոր Էդուարդ Մանուկյանն ասաց. «Համալսարանի ռեկտորատը մեզ տրամադրել է տարածք, որտեղ մեզ հետ աշխատում են նաեւ ասպիրանտներ։ Ցավոք, ֆինանսական միջոցների սղության պատճառով ռեկտորատը հնարավորություն չունի մեզ ապահովելու եւս մի քանի համակարգիչներով, լրացուցիչ աշխատողներով, իսկ ասպիրանտներինՙ բավարար աշխատավարձով։ Կարիք ունենք անգլերենի եւ հայերենի մասնագետների, հատկապես լեզվաբաններիՙ քերականական կանոնները ներմուծելու, եւ եւս մի քանի աշխատողներիՙ ամսական գոնե 1000 բառ մուտք անելու համար։

Փորձում ենք ստեղծել հետազոտական պրոբլեմային լաբորատորիա, որի համար ժամանակ ու միջոցներ են պետք։ Մեր մշակած համակարգը թույլ է տալիս կազմել երկլեզու բառարաններ եւ ապա հեշտությամբ ավելացնել 3-րդ լեզուն։ Կասկածից վեր է, որ անգլերենին չտիրապետող մեծ թվով հայաստանցիների եւ հայերենին չտիրապետող սփյուռքահայերի համար թարգմանիչ ծրագիրը փոխշփման լայն հնարավորություն է ստեղծում։ Մեր մշակած սկզբունքով կունենանք նաեւ արեւելահայերենից արեւմտահայերեն (եւ հակառակը) փոխադրումներ կատարող ծրագիր, որի անհրաժեշտությունը նույնպես չափազանց կարեւոր է սփյուռքի համար։ Խնդիրն այն է, որ շահագրգիռ բարերարների օգնությամբ միայն կկարողանանք հաջողության հասնել, այլապես մեր աղքատիկ միջոցներով գործը տեղից չի շարժվի»։

Ավելացնենք, որ այս օրերին Երեւանում մեկնարկում է Եվրամիության հասարակության տեղեկատվական տեխնոլոգիաներ ծրագրի շրջանակներում անցկացվող միջազգային խորհրդաժողովը, որը նպատակ է հետապնդում ոչ միայն ստեղծել կապի ծառայություններից օգտվելու հնարավորություն, այլեւ ապահովել տեղեկատվական մատչելիություն։ Իսկ Հայաստանի համար հիմնական խնդիրը տեղեկատվության հայերեն եւ հակառակ թարգմանության միջոցների ստեղծումն է։

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4