«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2002-11-26 | #217, 2002-11-27 | #218, 2002-11-28


ՊԵՏՐՈՍՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ, ԽԱՎԻԱՐԸ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՆ

Թավրիզում, հայ ունեւոր ընտանիքում ծնված Մուշեղ եւ Մելքում Պետրոսյանները 1914 թ. Մոսկվա մեկնեցին համապատասխանաբար իրավագիտություն եւ ճարտարապետություն ուսանելու։ Առաջին աշխարհամարտը, Ռուսական կայսրության փլուզումը եւ Հայոց ցեղասպանությունն ի վերջո նրանց ստիպեցին գերդաստանի մեծ մասի հետ հաստատվել Փարիզում։ Նրանց դիպլոմները Ֆրանսիայում անարժեք էին։ Համադամասեր եւ մարդամոտ եղբայրները, հայերից շատերի պես, որոշեցին զբաղվել նպարավաճառությամբ։

1917 թ. Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Փարիզում հայտնված ռուս հարուստ տարագիրները, ռուսական կաբարեները հիացմունք էին պատճառում ֆրանսիացիներին։ «Ռուսական նորաձեւության» կատարյալ լինելուն խանգարում էր միայն ռուս իշխանների ճաշատեսակիՙ խավիարի բացակայությունը, որն այն ժամանակ անծանոթ էր ֆրանսիացիներին։

Հնարամիտ եղբայրները որոշեցին լրացնել այդ բացը։ Սակայն Ռուսաստանն առաջվանը չէր։ Քաղաքացիական կռիվների հետեւանքով վերացել էին Կասպից ծովի ձկնորսական մասնավոր ընկերությունները։ Ամեն ինչ պետության հսկողության տակ էր։ Իսկ բոլշեւիկների պետության հետ առեւտուր անելու միտքն անգամ սարսափ էր ներշնչում արեւմուտքցիներին։ Իրանական խավիարը եւս հայտնվել էր ռուսների հսկողության տակ։

1920-ական թթ. սկզբներին եղբայրները նուրբ խորտիկների խանութ բացեցին Փարիզի հարուստ թաղամասերից մեկում, իրենց բոլոր խնայողությունները դրեցին ճամպրուկի մեջ եւ ներկայացան Խորհրդային Միության հյուպատոսարան։ Ռիսկի դիմելովՙ նրանք ձկնկիթ ներմուծելու պաշտոնական թույլտվություն խնդրեցին, նախօրոք կանխիկ վճարելով առաջին մատակարարման դիմաց։ Երկու ամիս անց խանութում արդեն խավիար էր վաճառվում։ Անմշակ վիճակում ներմուծվող ձկնկիթը «հասունացվում» էր Պետրոսյանների ընտանեկան գաղտնիքը հանդիսացող մի բաղադրատոմսի համաձայն։

Եղբայրները խավիարի փոքր քանակություններ էին բաժանում խոշոր հյուրանոցներին, կազմակերպում համտեսումներ, մասնակցում գաստրոնոմիական բոլոր ցուցահանդեսներին։ Ի վերջո «Ռից» շքեղ հյուրանոցի սեփականատեր Սեզար Ռիցը որոշեց խավիար մատուցել իր հաճախորդներին։ Դա շռնդալից հաջողություն էր, քանզի Փարիզի բոլոր մեծ հյուրանոցները հետեւեցին «Ռիցի» օրինակին։ Պետրոսյան ազգանունը դարձավ խավիարի հոմանիշը։ Տասը տարում եղբայրները համալրեցին հարուստների շարքերը։ 1934 թ. Մուշեղն ամուսնացավ Իլյա Մալովի դստերՙ Իրենի հետ։ Մալովը ցարական Ռուսաստանում խավիարի գլխավոր արտադրողն էր, բայց բոլշեւիկյան հեղափոխությունից հետո սնանկանալովՙ տարագրվել էր Ֆրանսիա։

ԽՍՀՄ ղեկավար շրջանակներում հայտնի Պետրոսյանները պարտադիր միջնորդներ էին դարձել այն անձանց համար, ովքեր ուզում էին արդյունավետ առեւտուր անել Ռուսաստանի հետ, նշում է «UGAB Magazine» հանդեսը։ 1935 թ. եղբայրներն ընդլայնեցին տեսականինՙ վաճառքի հանելով նաեւ ռուսական խեցգետին եւ ապխտած սաղմոն, միաժամանակ Ֆրանսիայում բացելով սաղմոնի առաջին ապխտարաններից մեկը։

Երկրորդ աշխարհամարտը կտրեց մատակարարման բոլոր ուղիները։ Մուշեղը ձեռք բերեց սարդինի պահածոների մի խոշոր քանակություն։ Ժամանակավորապես նպարավաճառանոց դարձած խանութում վաճառվում էին միրգ, բանջարեղեն, գինի, թունդ խմիչքներ եւ, իհարկե, սարդին։ Խավիարի առեւտուրը կրկին ծաղկում ապրեց միայն 1950-ական թթ. վերջերին, երբ վերականգնվեցին մատակարարման ուղիները եւ ընդլայնվեց տեսականին։ Այդ շրջանում գերդաստանի կանայք բարեգործական աշխատանք ծավալեցին ՀԲԸՄ Փարիզի մասնաճյուղում։

«Խավիարի կայսրությունն» ամրապնդվեց։ Մելքումը մահացավ 1972թ., Մուշեղըՙ 1981 թ.։ Նրանց գործը շարունակեցին զավակները։ Մուշեղի որդի Արմենը 1992 թ. ստանձնեց ընտանեկան ֆիրմայի ղեկավարությունը։ Փարիզից բացի, ընկերությունն այսօր կենտրոնակայան ունի նաեւ Նյու Յորքում եւ գործունեություն է ծավալել գրեթե ամբողջ աշխարհում։ Ներկայումս ընկերության դրամաշրջանառության միայն 35 տոկոսն է կապված խավիարի հետ, բայց համադամագետները շարունակում են այն նույնացնել Պետրոսյանների անվան հետ։

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4