«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2002-11-26 | #217, 2002-11-27 | #218, 2002-11-28


ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆԸՙ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ

Հայրենիք-սփյուռք հարաբերությունների նորովի մոդելավորումը սկսվել է 2000 թվականին, երբ անցկացվեց Համահայկական առաջին խորհրդաժողովը, որը հիմք հանդիսացավ «Համահայկական երիտասարդական կենտրոն» հիմնադրամի ստեղծմանը։

Իր կանոնադրության նպատակներից ելնելովՙ հիմնադրամը Հայաստանի արտաքին գործերի նախարարության հետ նոյեմբերի 25¬30-ը նախաձեռնել է նախադեպը չունեցող Համահայկական երիտասարդական առաջին խորհրդակցությունը։ Նախատեսվում է այն վերածել ավանդական իրադարձության, որի որոշումները կդրվեն հիմնադրամի տարեկան գործունեության հիմքում։

Այսօր առաջնահերթ լուծում է պահանջում հայապահպանության խնդիրը, ինչի առնչությամբ մեծ անելիք ունեն սփյուռքի հայ երիտասարդները։ Ակնկալվում է, որ առաջին անգամ անցկացվող խորհրդակցությունը կունենա անգնահատելի դերակատարում համահայկական երիտասարդական հեռանկարային զարգացման հայեցակարգի մշակման համատեքստում։

Բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, կրթության եւ գիտության նախարար Լ. Մկրտչյանը, արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը։

Խորհրդակցության աշխատանքային խմբերին ողջույնի խոսք էր ուղղել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա կարեւորում էր նման նախաձեռնությունը, հույս հայտնելով, որ այն ավանդական բնույթ կկրի։

Խորհրդակցության մասնակիցները եկել էին կոնկրետ ծրագրերով ու նախաձեռնություններով։

«Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոնի» հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանն է, իսկ կենտրոնի գործադիր տնօրենըՙ Վ. Մկրտչյանը։

Ա. Մարգարյանը նշեց, որ մենք բոլորս ունենք ազգային նպատակներ եւ խնդիրներ, եւ այդ խնդիրները պետք է լուծել։ Դրանք ոչ միայն սփյուռքահայերի կամ հայաստանցիների խնդիրներն են, այլեւ բոլորի։ Նա լավատեսորեն նկատում է, որ մի քանի տարի հետո տարբերակում չենք դնի Հայաստանի, Արցախի կամ Ջավախքի հայերի միջեւ։ Ըստ վարչապետի, ավելի լավ է փոքր խնդիրներ դրվեն խորհրդակցության մասնակիցների առջեւ եւ հաջողությամբ դրանք լուծվեն։

Իսկ Վ. Օսկանյանը նշեց, որ դա պատմական իրադարձություն է, որովհետեւ հիմք է դրվում հայ երիտասարդական շարժման համախմբման եւ գործակցության ծավալման գործընթացներին, որոնք անչափ կարեւոր են մեր ժողովրդի վաղվա օրվա եւ ապագայի համար։

Առաջարկություններ եղան ստեղծել համահայկական տեղեկատվական բանկ, ինտերնետային էջ։

Իրանի պատվիրակությունն առաջարկեց ձեւավորել գործնական հանձնաժողովներ, ստեղծել կապի կենտրոն, պրոպագանդել մշակույթը, օգտվել տարբեր գաղութների երիտասարդական օղակներից եւ այլն։

Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչներին առավելապես հուզում էին սքինհեդների ահաբեկչական քայլերը հայերի դեմ։

Լատվիայի պատվիրակությունն առաջարկեց մշակույթը քարոզել Եվրոպայում եւ ստեղծել նյութատեխնիկական բազա։

Սիրիայի պատվիրակությունն անդրադարձավ ուսանողության խնդրինՙ Հայաստանի բուհերի վճարովի համակարգի վերաբերյալ։ Քանի որ սփյուռքահայ երիտասարդները հայրենիքում ուսում ստանալու դեպքում ստիպված են մոտ 2 անգամ ավելի գումար վճարել, քան տեղի ուսանողները։

Առաջարկներ են եղել նաեւ հոգեւոր պահպանության եւ ռազմավարական խնդիրների վերաբերյալ։

Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՌԱԿ երիտասարդական ներկայացուցիչներըՙ «Արմենական» ակումբի ատենապետ Էդուարդ Համբարձումյանը, փոխատենապետ Լիպարիտ Ավետիքյանը եւ «Երիտասարդ ռամկավարներ» ակումբի փոխատենապետ Արամ Ստեփանյանը։

ՀՌԱԿ «Արմենական» ակումբի ատենապետ Էդուարդ Համբարձումյանը ողջունեց «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոնին» եւ նշեց, որ խորհրդակցությունն առանձնապես համահունչ է ՀՌԱԿ գաղափարախոսությանը, քանի որ ՀՌԱԿ-ն ունի նպատակ ստեղծելու այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն հայերի վերադարձին պատմական հայրենիք։

«Արմենական» ակումբի փոխատենապետ Լիպարիտ Ավետիքյանն առաջարկեց ստեղծել հայ մշակութային օղակներ, որոնք կօգնեն հայապահպանման խնդրի լուծմանը։ Իսկ «Երիտասարդ ռամկավարներ» ակումբի փոխատենապետ Ա. Ստեփանյանն առաջարկեց ստեղծել համակարգող մարմին, որը կներառի գիտական, մշակութային եւ քաղաքական ոլորտները, եւ հայտնեց, որ ՀՌԱԿ-ը պատրաստ է հնարավորին չափով ձեռք մեկնել հայ երիտասարդության խնդիրների լուծմանը։

Համահայկական խորհրդակցության մասնակիցները ողջունեցին ՀՌԱԿ առաջարկությունները։

Ըստ Վարդան Օսկանյանի, խորհրդակցությունում տեղի կունենան քննարկումներ երիտասարդության քաղաքականության, նրա ներուժի օգտագործման, կրթության, դաստիարակության, հանգստի կազմակերպման, հետագա համագործակցության, ազգային հոգեւոր մշակութային արժեքների ընկալման, պահպանման եւ զարգացման եւ այլ հարցերի շուրջ։

Հիմնադրամի գործադիր տնօրեն Վ. Մկրտչյանի խոսքերով, հիմնադրամի ֆոնդը կազմում է 50 միլիոն դրամ։

ԷԴՈՒԱՐԴ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4