«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2002-11-27 | #218, 2002-11-28 | #219, 2002-11-29


ԼՈՒՅՍԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ

Եղիշե Չարենցի մահվան 65-րդ տարին

65 տարի առաջՙ 1937 թվականի նոյեմբերի վերջին հացի մի կառք պիտի դուրս գար Երեւանի քաղաքային կենտրոնական բանտից եւ խավարի միջով գնար Զանգվի մյուս ափը։ Տանում էին Եղիշե Չարենցի անշունչ մարմինը, տանում էին անհայտ մի վայրում թաքցնելու համար...

Ինչպես վայել է բռնատիրական ամեն մի պետությանը (Խորհրդային Միություն կոչվածը ոչ ավելի լավ էր, ոչՙ ավելի վատը ամեն մի բռնատիրական պետությունից), իր մեծերին նախ պիտի սպաներ ամեն մի վկայի աչքից հեռու, հետո, իր դաժան անմտությունը պիտի կոծկեր։ Պատմությունը մեզ չի թողել այն մարդկանց անունները, ովքեր գողացան Չարենցի մարմինը։ Բայց թողել է մի ողջ ազգի, աշխարհում ապրող բոլոր ազգերի մարդկանց, ովքեր պահպանել են Չարենցին։ Մեծերը չեն մեռնում, անգամ, եթե իշխանությունները սպանում են նրանց մարմինը։

Բախտ եմ ունեցել զրուցելու Եղիշե Չարենցի հարազատներից մի քանիսի հետՙ Անահիտ եւ Արփենիկ Չարենցներ, Կարինե Քոթանջյան, Ռեգինա Ղազարյան... կարդացել եմ բազմաթիվ հուշերՙ ցանկանալով հասկանալ Եղիշե Չարենցի երկրային ֆենոմենը։

«... 1937 թվականին Չարենցը ձերբակալվեց,- պատմում էր Ռեգինա Ղազարյանը։ ¬ Իզաբելայի հետ ես էլ էի երբեմն բանտ գնումՙ Չարենցին ուտելիք եւ դեղորայք հասցնելու։ Չարենցի լյարդը եւ լեղապարկը լուրջ հիվանդ էին, եւ նա դեռ տանը բժիշկների թույլտվությամբ սրսկվում էր ցավերի դեմ։ Մի օր Իզաբելան, երբ ուտելիք էր տարել բանտ եւ ետ ստացել Չարենցի շորերըՙ տանը լվանալու, սպիտակեղենը ջրի մեջ իջեցնելու պահին Չարենցի շապիկի մեջքին (ներսի կողմից) քիմիական մատիտի բծեր է նկատում եւ ինչ-որ բառեր։ Անմիջապես հանում է շապիկը, դնում սեղանին եւ հեւիեւ ինձ մոտ հասնում հայտնելու, որ գրված բառերը չի կարողանում ջոկել միմյանցից եւ որ միայն իմ անունն է կարողացել կարդալ։ Նախապես ետ ուղարկելով Իզաբելային, առանց վայրկյան կորցնելու, Չարենցի տուն հասա։ Միասին ուղղեցինք թաց շապիկը, Չարենցի գրասեղանից վերցրինք խոշորացույցը եւ կարդացինք ռուսերենով գրված հետեւյալ տեքստը. «Իզաբելա, լավ նայիր երեխաներին, փրկիր ձեռագրերս։ Այդ հարցով դիմիր միմիայն Ռեգինային եւ վստահիր նրան, նա քեզ կօգնի...»։

Ռեգինա Ղազարյանն արեց այն, ինչ չէր անի գուցե ոչ ոք։ Նա փրկեց Չարենցի ձեռագրերը։ Հաշվի առնենք, որ 1937 թվականն էր, եւ Չարենցը բանտարկված էր։

Ապա, տարիներ անց, երբ Չարենցն արդեն արդարացված էր, Պարույր Սեւակի հետ միասին Ռեգինա Ղազարյանը պետք է վերականգներ փրկված ձեռագրերը, պետք է եւս մեկ անգամ կյանք պարգեւեր Եղիշե Չարենցին։ Հետո պիտի գային Համո Սահյանը, Ռազմիկ Դավոյանը, Ռուբեն Հովսեփյանը, Ֆելիքս Մելոյանը։ 1967 թվականի հունվարի 13-ին եւ մայիսի 13-ին «Գրական թերթում» պետք է տպագրվեին «Ի խորոց սրտի խոսք ընդ Աստուծո», «Զվարթ գիտություն» եւ այլ գործեր։ Ու կրկին անգամ խորհրդային բռնապետությունը պիտի իր դեմքը ցույց տար. «Գրական թերթի» խմբագրի պաշտոնից պետք է հեռացվեր Համո Սահյանը...

Չարության ինչպիսի՜ ժամանակներում ապրեցինք։ Եվ եթե չլիներ Եղիշե Չարենցըՙ իր հզոր ու լուսավոր ստեղծագործությամբ, ինքներս պիտի չարանայինք ու դառնայինք Չարի ճորտերը։ Չարենցը մեզ պահեց, Չարենցը չթողեց, որ մենք ավերակվեինք։ Ինքը մատաղ եղավՙ մեզ ապրեցնելու համար։

Չարենցի երկրային կյանքի վերջին օրերի մասին պատմող հուշերի շարքում արժե նշել Եղիշե Հովհաննիսյանիՙ 1978-ի մարտին գրառված խոսքը. «...Իմ ունեցած տեղեկությունների համաձայնՙ Չարենցը իր բանտախցի պատերին նկարել է պատմական Հայաստանի քարտեզը եւ որոշ բնակավայրերի կապակցությամբ գրել քառյակներ կամ բանաստեղծություններ... Պատերին գրված գործերով լի մի տետրակ պահպանել է եւ բանտարկությունից հետո իր հետ տուն բերել ՀԼԿԵՄ Կենտկոմի նախկին քարտուղար Միհրան Գեւորգյանը։ Մի հավաքույթի ժամանակ նա ոգեւորված մի քանի գործեր է արտասանել։ Իր պատմածի համաձայնՙ մի քանի օր անց նրան հրավիրել են անվտանգության մարմիններ եւ պահանջել տետրը... Աքսորավայրից վերադարձած մի անձնավորության մասին ես շատ էի լսել։ Լսել էի, որ արտակարգ հիշողություն ունենալով, նա Չարենցի համար եղել է բարոմետր, բերանացի է արել պատերին գրածները։ Նույնիսկ պատմել են, որ Կրասնոյարսկի իր աքսորավայրում նա արտասանել է մի ամբողջ պոեմ։ Ես սկսեցի որոնել նրան։ Տեղեկացա, որ ապարանցի է։ Ապարանում նրան չգտա, բայց իմացա, որ նա բնակություն է հաստատել Թիֆլիսում։ Չորրորդ անգամ լինելով Թիֆլիսումՙ նրան գտա քաղաքի մի հեռավոր ծայրամասումՙ կիսանկուղային մի անշուք կացարանում։ Նրա անունը Արմենակ Մադոյան էր...»։

Հարգարժան Եղիշե Հովհաննիսյանի այս հուշագրությանը ծանոթ չէի, բայց գիտեի, ծանոթացել էի Արմենակ Մեդոյանի հետ (իսկական ազգանունը Մեդոյան էր, ոչ թեՙ Մադոյան)։ Նույն մարդն էր, ինչ նկարագրել էր Եղիշե Հովհաննիսյանը։ Եվ շատ հետաքրքիր տեղեկություններ հաղորդեց նա Եղիշե Չարենցի վերջին օրերի մասին։ Այդ հուշերը գրի են առնված...

... 65 տարի առաջ, կեսգիշերով մի կառք է դուրս եկել Երեւանի քաղաքային կենտրոնական բանտից եւ դագաղի մեջ փակված հզոր լույսն է տարելՙ թաղելու համար։ Բայց դա մի՞թե լինելու բան է։ Այսօր, 65 տարի հետո մենք Հզոր Լույսի երկրային վերջին օրերն ենք փորձում վերծանելՙ իրեն եւ մեզ ապրեցնելու համար...

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4