«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2002-11-27 | #218, 2002-11-28 | #219, 2002-11-29


ՎԱՀԱՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ՀՐԱԺԵՇՏԻ ԽԱՂԸ

«Բանանցին» հանձնվեցին բրոնզե մեդալներ

Ընթացիկ մրցաշրջանը հաջող էր Երեւանի «Բանանցի» ֆուտբոլիստների համար։ 6-ամյա ընդմիջումից հետո վերածնված «Բանանցը» 2-րդ մրցաշրջանն անցկացնելով բարձրագույն խմբումՙ նվաճեց առաջնության բրոնզե պարգեւները։ Թիմը հատկապես վերելքով հանդես եկավ 2-րդ շրջանումՙ 11 հանդիպումներում վաստակելով 27 միավոր (9 հաղթանակ, 2 պարտություն)։ Երեկ «Նաիրի» մարզադաշտում կայացան «Բանանցի» ֆուտբոլիստներին բրոնզե մեդալների հանձնման եւ թիմի ֆուտբոլիստ, 36-ամյա Վահան Արզումանյանիՙ մեծ ֆուտբոլին հրաժեշտ տալու հանդիսավոր արարողությունները։

Միջոցառումը սկսվեց Վահան Արզումանյանի հրաժեշտի խաղով։ Խաղադաշտ էին դուրս եկել «Բանանց-92» եւ «Բանանց-2002» թիմերը։ Ֆուտբոլասերները լավ են հիշում ֆուտբոլի ՀՀ անդրանիկ առաջնությունում Աբովյանի «Բանանցի» հաջող նորամուտը։ Ակումբի նախագահ, ֆուտբոլի մեծ երկրպագու եւ գործարար Սարգիս Իսրայելյանի, գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի ջանքերով «Բանանցն» արդեն առաջին մրցաշրջանում հասավ նշանակալի հաջողություններիՙ դառնալով անկախ Հայաստանի ֆուտբոլի գավաթի անդրանիկ խաղարկության հաղթող եւ անդրանիկ առաջնության բրոնզե մրցանակակիր։ Եվ ահա երեկ այդ հաղթանակում իրենց ներդրումն ունեցած ֆուտբոլիստները խաղադաշտ էին դուրս եկել ի պատիվ իրենց խաղընկերոջՙ Վահան Արզումանյանի, մրցելու թիմի ներկայիս կազմի խաղացողների հետ։ Փորձի եւ երիտասարդության այդ յուրօրինակ մրցավեճն ավարտվեց փորձառու վետերանների հաղթանակով (4¬1)։ Վետերաններից 2 գնդակ խփեց Անդրանիկ Հովսեփյանը, մեկական անգամ աչքի ընկան Արթուր Աբազյանն ու Աշոտ Բարսեղյանը, երիտասարդներից միակ գոլի հեղինակը Տիգրան Ղարաբաղցյանն էր։ Մարզասերները կրկին խաղադաշտում տեսան Հայկ Դանիելյանին, Արամ Փարսադանյանին, Գեւորգ Քամալյանին, Աշոտ Ավետիսյանին, Արթուր Աբազյանին, Անդրանիկ Հովսեփյանին, Արմեն Գյուլբուդաղյանցին, Կարեն Միքայելյանին, Արա Նիգոյանին, Վահրամ Հովհաննիսյանին, Սպարտակ Սարգսյանին, Աշոտ Բարսեղյանին, Սամվել Սարգսյանին եւ Վահան Արզումանյանին, որոնք կազմում էին «Բանանց-92»¬ի կորիզը։ Նշենք, որ հոբելյանն առաջին խաղակեսն անցկացրեց ներկայիս թիմի կազմում, իսկ ընդմիջումից հետո միացավ իր նախկին խաղընկերներին, որոնք հանդիպումից հետո ուսերի վրա նրան դուրս բերեցին խաղադաշտից։

Վահան Արզումանյանը հայկական ֆուտբոլի անվանի վետերաններից է։ 36-ամյա ֆուտբոլիստը ՀՀ առաջնություններում հանդես է եկել «Բանանցի» (1992¬94 , 2001¬02 թթ.), «Կոտայքի» (95¬97 թթ.), «Ցեմենտի» (98¬99 թթ.) եւ «Զվարթնոցի» (1999 թ.) կազմերումՙ անցկացնելով 196 խաղ, խփելով 2 գոլ։ 1992¬93 թթ. նա «Բանանցի» կազմում արժանացել է բրոնզե մեդալների, նվաճել ՀՀ գավաթը։ 1998 թ. «Ցեմենտում» Արզումանյանը դարձավ ՀՀ չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիրՙ հաջորդ տարի ստանալով բրոնզե պարգեւ։ Հարկ է նշել, որ Արզումանյանն անցկացրած խաղերի քանակով (98 խաղ) «Բանանցի» ռեկորդակիրն է։ Երեկ Վահան Արզումանյանին հանձնվեց հերթականՙ 4-րդ բրոնզե մեդալը։ Ֆուտբոլի ֆեդերացիայի մարզական բաժնի պետ Սլավա Սարգսյանը բրոնզե մեդալներով պարգեւատրեց նաեւ «Բանանցի» մյուս ֆուտբոլիստներինՙ Կարեն Բաբայանին, Եղիշե Մելիքյանին, Արա Ոսկանյանին, Տիգրան Եսայանին, Արարատ Առաքելյանին, Վահե Դավթյանին, Արթուր Մինասյանին, Ֆելիքս Խոջոյանին, Սերգեյ Առաքելյանին, Գագիկ Սիմոնյանին, Կարեն Նավոյանին, Տիգրան Ղարաբաղցյանին, Հայկ Բաբայանին, Արմեն Գրիգորյանին, Արկադի Դոխոյանին, Վարազդատ Ավետիսյանին, Ռաֆայել Նազարյանին, Գոռ Աթաբեկյանին, Հայկ Հակոբյանին, Սուրեն Սարգսյանին, Արտակ Մինասյանին եւ Լեւոն Հայրապետյանին։ Պարգեւներ հանձնվեցին նաեւ ակումբի ղեկավար կազմին, մարզիչներին ու սպասարկող անձնակազմին։

Հոբելյարին նվերներ հանձնվեցին «Սպարտակ», «Բանանց» ակումբների կողմից։ Ֆուտբոլի հանրապետական դպրոցի կողմից Արզումանյանին հուշանվեր հանձնեց հայկական ֆուտբոլի անվանի վետերան Հակոբ Դուրգարյանը։ Լավ նախաձեռնություն էր հանդես բերել «Սպարտակ» ակումբը (նախագահՙ Սարգիս Իսրայելյան), որը հուշամեդալներով պարգեւատրեց ՀՀ պատանեկան առաջնությունում չեմպիոնի կոչմանն արժանացած «Սպարտակի» 1985 եւ 1987 թթ. ծնված պատանի ֆուտբոլիստներին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4