«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#218, 2002-11-28 | #219, 2002-11-29 | #220, 2002-11-30


«ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ» ՉԿԱ՞

Շիրակի մարզում սկզբնապես 13-14 կուսակցությունների ներկայացուցիչների միավորած միջկուսակցական համագործակցության մարմինըՙ «Շիրակի մարզային կուսակցական համաձայնությունը», ՏԻՄ անցած ընտրություններից հետո դադարել է գործելուց։ Եվ հայտնի չէՙ այժմ ընդհանրապես գոյություն ունի՞, թե՞ ոչ։ Այս հարցը լրագրողներին չհաջողվեց լիովին պարզել նույնիսկ «Համաձայնության» վերջին հայտնի ներկայացուցիչ Վահան Թումասյանիՙ ԱԺՄ Շիրակի մարզային կառույցի ղեկավարի նոյեմբերի 29-ին հրավիրած մամուլի ասուլիսում։ Ճիշտ է, Թումասյանն ասաց, որ միավորումը չի լուծարվել, անդամ ոչ մի կուսակցություն (երկու բացառությամբ) պաշտոնապես չի հայտնել նրա կազմից դուրս գալու մասին, սակայն իրողությունը մնում է իրողություն. մարզի քաղաքական դաշտում անորոշ անդորրը շարունակվում է։

«Կուսակցական համաձայնությունը» ստեղծվել էր անցյալ տարվա հուլիս-օգոստոսիցՙ տեղական խնդիրների լուծման հարցերում համագործակցելու գեղեցիկ գաղափարի շուրջ, եւ կարելի է ասել, որ ավելի քան մեկ տարվա աշխատանքի ընթացքում որոշակի դեր խաղաց մարզում քաղաքական դաշտի ձեւավորման, իշխանություններին դրական իմաստով հակակշիռ լինելու հարցում։ Սակայն երբ փորձեց տեղական ընտրություններում հանդես գալ Գյումրու քաղաքապետի միասնական թեկնածուով, այստեղ արդեն փորձանքի հանդիպեց. «Համաձայնությունը» սկսեց քայքայվել ներսից ու «դրսից» եւ դեպքերի այդպիսի անսպասելի ու սրընթաց զարգացումից տակավին ուշքի չի եկել։ Դրա համար երեւի դեռ ժամանակ է պետք, որից հետո գուցե պարզվիՙ ով ով է եւ ինչըՙ ինչ։

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4