«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#218, 2002-11-28 | #219, 2002-11-29 | #220, 2002-11-30


ԽՈԶՈՒԿԻ ԲՌՆԿՈՒՄ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Վերջին ամիսներին Գյումրիում շատացել են էպիդեմիկ պարոտիտով (խոզուկ) հիվանդության դեպքերը։ Ըստ քաղաքային ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարինե Տոնոյանի հայտնած տեղեկությունների, առաջին նման դեպքերը գրանցվել էին դեռ ամռանըՙ հուլիս-օգոստոս ամիսներին, իսկ այժմ դրանց քանակը ավելանում է։ Գլխավոր բժշկի գնահատմամբ, հիվանդանում են հիմնականում այսօրվա դեռահասները, որոնք վակցինայի պակասության պատճառով 1993 թվականից ի վեր չեն պատվաստվել։ Այժմ պատվաստանյութը կա, սակայն այն չի հասցնում իմունիտետ առաջացնել։

Հիմնականում աշնանը եւ ձմռանը տարածվող օդակաթիլային այս վարակը երեխաներն ավելի թեթեւ են տանում, իսկ դեռահասների եւ հատկապես մեծահասակների շրջանում կարող է ուղեկցվել բարդություններով։ Արձանագրվել են մինենգիտի երեւույթներ, ենթաստամոքսային գեղձի բորբոքման եւ տղաների օրխիտի (ամորձիների բորբոքում) դեպքեր։ Ուստի մասնագետը խորհուրդ է տալիս հիվանդության ի հայտ գալու դեպքում անմիջապես դիմել բժշկի եւ չզբաղվել ինքնաբուժմամբ։

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4