«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2002-11-30 | #221, 2002-12-03 | #222, 2002-12-04


ԵԹԵ ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐ ՉՀԻՄՆՎԵՆ, ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԱՌՆԱԼԻՔ ՄԻՇՏ ԷԼ ԼԻՆԵԼՈՒ Է

Ամեն կեսգիշերից հետո Արգավանդի խճուղու, Մալաթիա-Սեբաստիա համայնքի վերավաճառողներին քաջ հայտնի տարածքներում մսամթերքի ապօրինի վաճառք է իրականացվում։ Արդեն 1 տարի անկառավարելի այդպիսի առուծախ է նաեւ Մ. Խորենացու փողոցում, շուկայի մերձակայքում։ Միսը բերում են, հանձնում մեծածախ գներով, եւ առանց անհրաժեշտ ստուգումների ու փորձաքննության այն ուղիղ գծով մտնում է մեր խանութներն ու ռեստորանները։

Ամեն տարի քաղաքի եւ հանրապետական անասնաբուժական ծառայությունները մսամթերքի վաճառակետերում ստուգայցային երթեր են կազմակերպում, բայց ե՛ւ մասնագետները, ե՛ւ վաճառողները հոգու խորքում չեն հավատում դրանց արդյունավետությանը, քանի որ միեւնույն է, չի գործում մսամթերքի անվտանգության ապահովման քիչ թե շատ տանելի մեխանիզմ։

Գյուղատնտեսական կենդանիների հիվանդություններից ամենից ավելի տագնապ է հարուցում սիբիրախտը։ Սա հողային ինֆեկցիա է, որի հարուցիչը հարյուրավոր տարիներ կարող է պահպանվել հողում, քանի դեռ կենդանին չի հանդիպել դրան։

Ո՛չ աղային ու ջերմային մշակումից, ո՛չ սառեցումից հարուցիչը չի ոչնչանում։ Եվ հատկապես հիմա, երբ խոտածածկույթը նոսրացել է, հարուցիչի հետ կենդանիների շփումը առավել հավանական է։ Խորհրդային տարիներին որեւէ տնտեսությունում սիբիրախտի հայտնաբերումն արտառոց իրողություն էր, իսկ հիմա, ինչպես վկայում է քաղաքապետարանի անասնաբուժական սպասարկման կենտրոնի տնօրեն Վիկտոր Աբրահամյանը, ամեն տարի նման դեպքեր արձանագրվում են։ Անցած տարի Արթիկի տարածաշրջանի Սարատակ գյուղում սիբիրախտով վարակված մսից հիվանդացել է 14 մարդ, այս տարի Տաշիրումՙ 3-ը։ Բարեբախտաբար, 2 դեպքում էլ հիվանդության մաշկային տարբերակն է եղել, թոքային եւ աղիքային տեսակներով վարակվածներին հնարավոր չէ փրկել։

Մեկ ամիս առաջ սիբիրախտով վարակված միս էին առաջարկել Մ. Խորենացու փողոցում գործող վաճառակետերից մեկին։ Փառք Աստծո, հայտնաբերվել էր փաստը։ Եվ վերջապես վերջերս Երեւանի կենդանաբանական այգում լուսանի եւ ամերիկյան կատվառյուծի կորստի պատճառը դարձյալ վարակված մսի անարգել վաճառքն էր։ Ի դեպ, ՀՀ գյուղնախարարության անասնաբուժական պետական տեսչության պետ Անուշավան Աղաջանյանը կատարվածի համար ամենից առաջ մեղադրում է այգու տնօրենությանը, որը եթե անասնաբուժական ծառայություն էլ չուներ, պարտավոր էր միսը փորձաքննության ներկայացնել հանրապետական մանրէաբանական լաբորատորիա։

Սեփականաշնորհումից հետո մսի վերամշակման ձեռնարկությունների անհետացումն առաջին հերթին հարվածեց բնակչությանն անվտանգ մսամթերքով ապահովելու խնդրի լուծմանը։ Մեկ տասնամյակ առաջ այդպիսի 6 հզոր կոմբինատներ էին գործում Երեւանում, Կապանում, Վանաձորում, Գյումրիում, Գավառում ու Հրազդանում։ Բոլոր մարզերն ու խոշոր տնտեսությունները նաեւ սեփական սպանդանոցներն ունեին։ Մսի կոմբինատները ողջ ծանրաբեռնվածությամբ աշխատում էին, իրականացվում էր ոչ միայն սանիտարական ապահով հսկողություն, հատված առ հատված հետազոտվում մորթված կենդանու մսեղիքը, այլեւ օգտագործվում էին մսամթերքի բոլոր բաղադրամասերըՙ ընդհուպ կենդանու աղեստամոքսային տրակտի պարունակությունը։

Այժմ զանգվածային տարածում են ստացել բակային գաղտնի մորթերը։ Գյուղացիներն ինքնագլուխ մորթ են անում եւ առանց ստուգումների միսը վաճառում ու հանձնում որտեղ պատահի։ Իսկ ինչո՞ւ է անասնապահը խուսափում անասնաբույժից։ Որպեսզի վաճառքի թույլտվությունն արտոնող անհրաժեշտ փաստաթուղթ ձեռք բերի (անասնաբուժական վկայականի II ձեւ), նա պետք է նաեւ վճարումներ անիՙ 1500¬2000 դրամ։ Առաջներում այս գործընթացն անվճար էր։ Վճարովի դարձվեց պետբյուջե մուտքերի մի լղարիկ առու էլ բացելու համար։ Բայց գյուղացիները համառ հետեւողականությամբ շրջանցում են անասնաբույժին էլ, այս կարգի ցանկացած ծառայություն էլՙ սպառնալով մեր առողջության պահպանման այս եւ մյուս ոչ պակաս կարեւոր խնդրին։

Այսօր հանրապետությունում գործում են մսամթերքի վաճառքի հարյուրավոր մասնավոր կետեր եւս։ Դրանք գործունեության թույլտվության արտոնագրեր ունեն, բայց տերերը բացեիբաց հրաժարվում են փորձաքննական որեւէ ծառայություն հիմնել եւ նույնպես չստուգված միս են վաճառում։ Կոմիտասի շուկան մսամթերքի վաճառքի լայն ու հարմարավետ բաժին ունի, որտեղ մսի վաճառք հազվադեպ է իրականացվում։ Փոխարենը շուկայի պատերի տակ 13 կրպակներ ու խանութներ են գործում առանց տաք ու սառը ջրի, առանց սառնարանների ու մսի ընդունման բաժինների։ Մի՞թե անհնար է փակել այդ կետերը կամ գոնե պարտադրել, որ վաճառքը շուկայի ներսում անեն։ Ի վերջո, մասնատված, դեսուդեն ցրված օբյեկտներն առավել դժվար է վերահսկել, եթե երբեմն-երբեմն այդպիսի փորձեր ձեռնարկվում են։

Բոլոր դեպքերում մսամթերքի անվտանգության միակ վստահելի երաշխիքը միայն վերամշակման ձեռնարկություններն են։ Մսի կոմբինատների վերագործարկումը մեր հնարավորությունների պայմաններում միֆ է, սակայն ցանկացած խնդիր լուծման տարբերակ ունի։ Մասնագետների համոզմամբ, յուրաքանչյուր տարածաշրջանում, մարզում գոնե 1 սպանդանոցի ստեղծումը հնարավոր է, հավանական եւ ծայր անհրաժեշտություն։ Այստեղ կիրականացվի կարեւոր նվազագույնըՙ մսեղիքի հետազոտություն սպանդից առաջ եւ հետո։ Սակայն գործադիր օղակներն այս առթիվ առայժմ հետաքրքրություն չեն ցուցաբերում։ Հեռանկարը չգիտես ինչու չի հուզում նաեւ գործարարներին, որոնք կայուն եկամուտ կարող էին ապահովել նաեւ կաշվի ու ենթամթերքի մշակումից։

Վերջում մի հետաքրքրական իրողություն էլ։ Պահեստարանի վերածված Երեւանի մսի կոմբինատում այսօր լաբորատոր փորձաքննության է ենթարկվում միայն պաշտպանության նախարարության գնած մսամթերքը։ Տարին մեկ անգամ, նախարարության պատվերով, գնված կենդանիների սպանդ է իրականացվում, մսամթերքը հետազոտվում է մորթից ե՛ւ առաջ, ե՛ւ հետո։ Դա էլ մի բան է։ Գոնե մեր զինվորներն ապահով կլինեն։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4