«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#222, 2002-12-04 | #223, 2002-12-05 | #224, 2002-12-06


ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐ ՉՈՒՆԵՆՔ

«Հայ աշխատավոր» կազմակերպության հավաք Գյումրիում

Վրահաս ձմռան շունչն արդեն պատել է Գյումրին։ Ցուրտ էր նաեւ լեփ-լեցուն դահլիճում, ուր «Հայ աշխատավոր» հասարակական կազմակերպության Շիրակի տարածաշրջանային կենտրոնն իր առաջին մեծ հավաքն էր հրավիրել։ Նախընտրական տարեվերջին նման միջոցառման կազմակերպումը, ուզես թե չուզես, քաղաքական առաջիկա մեծ իրադարձություններին առնչվելու ենթադրություններ է ծնում։ Հենց այս իրողությունը նկատի առնելով կազմակերպության ղեկավար, հանրահայտ գործարար եւ բարերար Հրանտ Վարդանյանն ընդգծեց. «Չեմ ուզում հրապարակել, թե այսօր մեր նորաստեղծ կազմակերպությունը քանի անդամ ունի, որպեսզի խանդի զգացողություններ չառաջացնեմ։ Բայց ուզում եմ վստահաբար հավաստիացնել, որ մեր կազմակերպությունը քաղաքական որեւէ նկատառումներ չունի։ Այն չի ստեղծվել սատարելու ոչ հանրապետության նախագահին, ոչ Արտաշես Գեղամյանին, ոչ էլ որեւէ այլ թեկնածուի։ Մեր կազմակերպության մեջ ե՛ւ կոմունիստներ կան, ե՛ւ դաշնակցականներ։ Մեր առաքելությունն աշխատանքի միջոցների ու աշխատատեղերի ստեղծմանը սատարելն է, որպեսզի հայը մնա Հայաստանում եւ կարողանա արժանապատիվ ապրել»։ Ընդամենը մի քանի ամսվա պատմություն ունեցող կազմակերպությունը համախմբում է «Գրանդ հոլդինգի» տարբեր միավորումների 4 հազար աշխատողների, նաեւ 30 հազար գյուղացիների, որոնք համագործակցում են նրա հետ։ «Հայ աշխատավորը» Հայաստանի բոլոր մարզերում մասնաճյուղեր ունի։ Աշխատատեղեր ստեղծելու գաղափարը կազմակերպության մեջ է ներքաշում նաեւ գործազուրկ մարդկանց, որոնց ոգեւորում է հույսը, թե կազմակերպության նախագահի հավաստիացումները դատարկ չեն, եւ որ նա արդեն իսկ հասցրել է շատ բան անել։ Թեկուզ միայն այն փաստը, որ 1996¬97 թթ. նա համարձակորեն նախաձեռնեց հայկական ծխախոտագործության վերակենդանացման ծրագիրը, եւ հաջողության հասավ (ինչը ժամանակին շատերն անհավանական էին համարում), հավատ ու լավատեսություն է ներշնչում։

Առաջիկա անելիքների շարքում Գյումրու ապակու գործարանի վերագործարկումն է եւ զուգադիրՙ արեւային էներգիայի աղբյուրներ ստեղծելու ծրագիրը։ Տարածաշրջանը կունենա իր սեփական էներգետիկ պաշարներըՙ կանխավ ապահովագրելով իրեն ատոմակայանի աշխատանքները դադարեցնելու վերաբերյալ հավանական թե հնարավոր հեռանկարի սպառնալիքից։ Հաջորդ քայլերից կլինի Գյումրիում հրուշակեղենի արտադրության նախկին հիմքի վրա նոր ձեռնարկության ստեղծումը, ուր կվերարթնանան հրուշակեղենի արտադրության հնուց եկող, բայց մոռացումի ենթակա ավանդույթները։

Վերջին 10¬12 տարվա ընթացքում թե երկրաշարժը, թե ոչ խելամիտ, անխիղճ տնտեսվարումը քայքայեցին նաեւ աղետի գոտու տնտեսությունը։ 25¬30 հազար բնակիչ ունեցող Արթիկ քաղաքում այսօր ընդամենը 2¬3 ձեռնարկություն է աշխատում, այն էլ հզորությունների ընդամենը 20 տոկոսով։ «Հայ աշխատավորը» փոքր եւ միջին բիզնեսի գործարկման ծրագրեր է ակնկալում նաեւ տեղացի նախաձեռնողներից։ Հիշեցնելով իր հանրահայտ կարգախոսըՙ «Մերն ուրիշ է», նոր կազմակերպության կնքահայր «Գրանդ հոլդինգը» շարունակում է տեղական արտադրանքի ու արտադրության հանդեպ հատուկ վերաբերմունք հռչակելու իր քաղաքականությունը։ «Զարգացնենք տեղական արդյունաբերությունը, տեղական գյուղատնտեսությունը, համատեղ ձեռնարկությունների կարգավիճակով դուրս գանք նաեւ դրսի աշխարհ, արտադրենք նաեւ այնտեղ, եւ ֆինանսները կհոսեն Հայաստան», ասում է Հրանտ Վարդանյանը։

«Հայ աշխատավորը» մտադիր է նաեւ աջակցել գիտական արժեքավոր նորույթների ներդրմանը։ «Գրանդ հոլդինգը» ձեռք է բերել «ԱՐ» հեռուստաընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը եւ նախատեսում է այս հեռուստաալիքով ամենշաբաթյա հաղորդումներ կազմակերպել հատուկ գործարարների համար։ Կհրապարակվեն այն գյուտերն ու հայտնագործությունները, որոնք ֆինանսներ չլինելու դեպքում կամ ինֆորմացիոն աղքատության պատճառով մնացել են գյուտարարի կամ գիտնականի գզրոցներում։ Հաղորդումը յուրօրինակ միջնորդ կդառնա գործարարի ու գիտնականի միջեւՙ գործի գցելով տնտեսության առողջացման ամենակարեւոր, բայց անտեսված շարժիչը։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4