«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#222, 2002-12-04 | #223, 2002-12-05 | #224, 2002-12-06


«ԲԱՆԱՆՑՆ» ՈՒ «ՍՊԱՐՏԱԿԸ» ԿՄԻԱՎՈՐՎԵՆ

Ակումբները պետք է ֆինանսապես կայուն լինեն

Ֆուտբոլի ՀՀ 11-րդ առաջնությունում մեծ հաջողության հասավ Երեւանի «Բանանցը»ՙ արժանանալով բրոնզե մեդալների։ Այդ հաջողությունում իր մեծ ներդրումն ունի ակումբի հիմնադիր Սարգիս Իսրայելյանը, որն այսօր «Ազգի» հյուրն է։

¬ Պարոն Իսրայելյան, թույլ տվեք ձեզ եւս շնորհավորել «Բանանցի» հաջողության առթիվ։ 9-ամյա ընդմիջումից հետո թիմը կրկին առաջնության մրցանակակիրների շարքում է։ Կխնդրեի որոշ զուգահեռներ տանել ներկայիս «Բանանցի» եւ այն ժամանակվա թիմի միջեւ։

¬ Շնորհակալություն շնորհավորանքի համար։ Ինձ համար իրոք ուրախալի է տեսնել «Բանանցին» առաջնության մրցանակակիրների շարքում։ Այս թիմն ընդամենը երկու տարվա կենսագրություն ունի, բայց արդեն հասցրել է վայելել ֆուտբոլասերների համակրանքը, ամրապնդվել հայկական ֆուտբոլի առաջատար թիմերի ցանկում։ Նշանակում է, ակումբը ճիշտ ճանապարհին է, ձեւավորվում է թիմի խաղային ձեռագիրը։ Թիմում փորձառու ֆուտբոլիստների հետ մեկտեղ հանդես են գալիս երիտասարդ, խոստումնալից խաղացողներ։ Այնպես որ, փորձի եւ երիտասարդության ճիշտ համադրումը հաջողություն բերեց «Բանանցին»։ 10 տարի առաջ, երբ հիմնադրվեց «Բանանց» ակումբը, թիմն առաջին իսկ մրցաշրջանում դարձավ առաջնության հայտնությունըՙ նվաճելով բրոնզե մեդալները, ինչպես նաեւ դառնալով անկախ Հայաստանի առաջին գավաթակիրը։ «Բանանցը» հայկական ֆուտբոլում մեծ խոսք ասաց, իր ուրույն տեղը գրավեց թիմերի մեջ, արժանացավ ֆուտբոլասերների համակրանքին։ Երկու թիմերն էլ ինձ թանկ ու հոգեհարազատ են։

¬ Երբ 1992 թ. կազմավորեցիք թիմը, ինչո՞ւ հատկապես ընտրեցիք «Բանանց» անվանումը։

¬ Այն ժամանակ ֆուտբոլի Հայաստանի առաջնության մասնակից 24 թիմերի մեծամասնությունը կրում էր Արեւմտյան Հայաստանի պատմական անվանումները։ Բանանցն Արեւելյան Հայաստանի գյուղերից մեկիՙ իմ ծննդավայրի պատմական անվանումն է եւ թանկ է ինձ համար։

¬ Առաջնության ընթացքում դուք նշել էիք, որ մրցաշրջանի ավարտից հետո «Սպարտակն» ու «Բանանցը» պետք է միավորվեն։ Չե՞ք փոխել ձեր որոշումը, մանավանդ որ երկու թիմերն էլ հաջող հանդես եկան եւ, հնարավոր է, երկուսն էլ մասնակցեն եվրագավաթների մրցաշարերին։

¬ Ոչ։ Երկու թիմերի միավորման գործընթացն արդեն սկսվել է։ Նոր ստեղծվող ակումբի փոխնախագահ է նշանակվել «Սպարտակի» գլխավոր մարզիչ Հովհաննես Զանազանյանը, որը նաեւ կգլխավորի մարզչական խորհուրդը։ Թիմի գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի Արմեն Գյուլբուդաղյանցը։ Ակումբի մյուս փոխնախագահ Նիկոլայ Ղազարյանը պատասխանատու է մանկապատանեկան ֆուտբոլի համար։

¬ Իսկ ինչպիսի՞ անվանումով է հանդես գալու նորաստեղծ թիմը։

¬ Այդ հարցը դեռեւս ընթացքի մեջ է։ Իրենց խոսքը պետք է ասեն ակումբների հովանավորները, ֆուտբոլասերները։ Ամեն դեպքում, 2 անվանումներն էլ կմնան. թիմերից մեկը հանդես կգա բարձրագույն, մյուսնՙ առաջին խմբում։

¬ Փաստորեն, ստիպված կլինեք մի խումբ ֆուտբոլիստների ծառայություններից հրաժարվել։ Ընտրություն կատարվե՞լ է։

¬ Բնական է, 50 ֆուտբոլիստ չես կարող պահել, կմնան լավագույնները։

¬ Նոր մրցաշրջանի նախապատրաստության ծրագրերի մասին կխնդրեի տեղեկացնել ֆուտբոլասերներին։

¬ Այդ մասին կարելի կլինի խոսել մի փոքր ուշ, երբ ֆուտբոլիստները վերադառնան արձակուրդից, ավարտվի միացյալ ակումբի կազմավորման ողջ գործընթացը։

¬ Ձեր տպավորություններն ավարտված առաջնությունից։

¬ Եթե հաշվի առնենք 2¬3-րդ տեղերի համար առաջնության վերջնագծում ծավալված սուր մրցակցությունը, սա արդեն խոսում է առաջնության վարկանիշի աստիճանական բարձրացման մասին։ Դա արդեն ուրախալի է։ Առաջին տեղն արժանիորեն գրավեց «Փյունիկը», որը մրցակցությունից դուրս էր։ Ուրախացրեց նաեւ, որ վերջին տուրերում մրցավարներիՙ խաղերի սպասարկման որակի փոփոխություն կար դեպի լավը։ Ընդհանրապես, առաջին 7 թիմերն իրենց խաղամակարդակով քիչ էին միմյանցից տարբերվում։ Հիմնական պայքարը նրանց մեջ ընթացավ։

Ինչ վերաբերում է թիմերի քանակին, ապա եթե Հայաստանում կան հովանավորներ, դրսից ներդրումներ կատարողներ, այդ դեպքում որքան ակումբների թիվը մեծ լինի, այնքան կշահի հայկական ֆուտբոլը։ Սակայն պետք է հաշվի առնենք նաեւ, թե ունե՞նք արդյոք այնքան բարձրակարգ ֆուտբոլիստներ, որ նրանք համալրեն թեկուզ 12 թիմերը, որպեսզի նրանց խաղամակարդակները խստորեն չտարբերվեն։ Սա է խնդիրը։ Սակայն ես լավատես եմ։ Ինձ թվում է, ներկայումս հանրապետությունում պատանեկան ֆուտբոլում առաջընթաց է նկատվում, 2¬3 տարի անց կունենանք ֆուտբոլիստներ, այն ժամանակ կարելի է նույնիսկ թիմերի քանակն ավելացնել։

¬ Իսկ առայժմ կողմնակից չե՞ք թիմերի քանակի կրճատմանը։

¬ Նորից եմ ուզում կրկնել. եթե ակումբը ֆինանսապես ամուր է, ապա արդյունքներ կլինեն։ Վերցնենք թեկուզ «Լոռին», Կոտայքը», «Լեռնագործը»։ Երիտասարդ թիմեր են, եթե ֆինանսապես ապահովված լինեին, ապա կարող էին առաջատար թիմերի հետ լրջորեն մրցակցել։ Առաջին հերթին հայկական ֆուտբոլում պետք է ակումբները ֆինանսապես ամուր լինեն։ Միայն այդ դեպքում կարելի է հաջողություն ակնկալել։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4