«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#223, 2002-12-05 | #224, 2002-12-06 | #225, 2002-12-07


ԱՆԿԱՐԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՇՓՈՒՄՆԵՐԻ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ

Շահարկման առարկան Կիպրոսի հիմնախնդիրն է

Պաշտոնական Անկարայի օրակարգում երեք կարեւորագույն խնդիրներն են. դեկտեմբերի 12¬13-ը Կոպենհագենում նախատեսվող Եվրոպական խորհրդի համաժողովում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար վերջնաժամկետի նշանակումը, Կիպրոսի վերաբերյալ ՄԱԿ-ի նոր բանաձեւը եւ հակաիրաքյան հնարավոր պատերազմում ամերիկյան ուժերի տեղաբաշխման համար երկրի ռազմաբազաների տրամադրումը։

Վերոհիշյալ խնդիրները սերտորեն կապակցված են, եւ դրանց առնչությամբ թուրքական իշխանությունները բուռն գործունեություն են ծավալում, իսկ դրան եվրոպական երկրների կողքին լրջորեն արձագանքում է ԱՄՆ-ը։ Դրա վառ ապացույցը շաբաթվա սկզբին Անկարա կատարված հաջորդած այցերն են, որոնց առնչությամբ թուրքական մամուլը գրել է. «Անկարայում են հավաքվում ողջ աշխարհի դիվանագետները»։

Անցած մի քանի օրերին Անկարա այցելեցին Անգլիայի արտգործնախարար Ջեք Սթրոուն, ԱՄՆ փոխպետքարտուղար Մարկ Գրոսմանը, ԱՄՆ պաշտպանության փոխքարտուղար Պոլ Վոլֆովիցը եւ Հունաստանի արտգործնախարար Յորգո Պապանդրեուն։ Անկարայում Սթրոուի բանակցությունների գլխավոր թեմաները ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերջնաժամկետի առումով խոստացած աջակցությունն էր եւ դրա, այնուամենայնիվ, Կիպրոսի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձեւի նկատմամբ թուրքական իշխանությունների դրական մոտեցումով պայմանավորումը։ Այլ կերպՙ Անգլիայի արտգործնախարարը բանակցություններում փորձեց բանաձեւի նկատմամբ տրամադրել Թուրքիայի ղեկավարներին։

Թեեւ Պապանդրեուն բանաձեւի առնչությամբ, որպես անմիջական շահագրգիռ կողմ, ավելի զուսպ էր արտահայտվում, սակայն նա եւս խոստացավ, որ Հունաստանը Կոպենհագենում կաջակցի Թուրքիային։ Կիպրոսի վերաբերյալ ՄԱԿ¬ի բանաձեւի առումով թերեւս հատկանշականը Գրոսմանի այցն էր։ Օգտվելով առիթից նշենք, որ նա ժամանակին Անկարայում ԱՄՆ-ի դեսպանն է եղել։ Համենայն դեպս, Գրոսմանն Անկարայից մեկնեց Նիկոսիա, որտեղ հանդիպեց Կիպրոսի նախագահ Գլավքոս Քլերիդեսին։ Ապա նա անցավ կղզու թուրքական հատվածը, հանդիպեց թուրք ղեկավարների, առավել եւս Ռաուֆ Դենքթաշին ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հետ, որոնք, ըստ թուրքական թերթերի, ողջունել էին Կիպրոսի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձեւը։

Վերադառնալով Վաշինգտոն, Գրոսմանը հույս հայտնեց, որ կողմերը Կիպրոսի հարցում մինչեւ դեկտեմբերի 12¬13-ը Կոպենհագենում կայանալիք Եվրոպական խորհրդի համաժողովը համաձայնության կգան։ Այնուհետեւ նա, թուրքական պետհեռուստատեսության տվյալներով, ավելացրեց. «ՄԱԿ-ի բանաձեւը կիպրական հիմնախնդրի կարգավորման լավագույն առիթներից է, եւ մենք պաշտպանում ենք ԵՄ-ին Կիպրոսի անդամակցությունը»։

Թուրքական պաշտոնական շրջանակները, որոնք բուռն հակազդեցություն են ցուցաբերում Կիպրոսի անդամակցությանը, նախընտրեցին Գրոսմանի հայտարարությունը չմեկնաբանել։ Նկատի ունենալով ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերջնաժամկետի նշանակման համար ՄԱԿ-ի վերոհիշյալ բանաձեւը սակարկելու նրանց տրամադրությունները, հայտարարությունից հազիվ թե գոհ լինեն։

Դեկտեմբերի 4-ին Վաշինգտոն վերադարձավ նաեւ Վոլֆովիցը։ Նա հայտարարեց, որ Թուրքիան առանձնակի տեղ ունի հակաիրաքյան պատերազմի սցենարում, եւ նա մտադիր է իր ռազմակայանները տրամադրել ամերիկյան զորքերի տեղաբաշխման համար։ Այդ ընթացքում թուրքական թերթերը գրեցին, որ Վոլֆովիցը, հանդիպելով թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարության հետ, խոստացել է առանց Անկարայի իրազեկության որեւէ քայլ չկատարել Հյուսիսային Իրաքում, բացառելով այնտեղ քրդական պետության ձեւավորումը։

Ավելինՙ նույնիսկ գրվեց 25 մլրդ դոլարի փոխհատուցման մասին, որն ԱՄՆ-ի պահանջները բավարարելու դիմաց տրամադրվելու է Թուրքիային։ Թուրքական արտաքին գերատեսչությունն անմիջապես արձագանքեց ինչպես Վոլֆովիցին, այնպես էլ թուրքական մամուլին, թե Թուրքիան հակաիրաքյան հնարավոր պատերազմի առնչությամբ որեւէ պարտավորություն չի ստանձնել, իսկ 25 մլրդ դոլարի մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։ Արտգործնախարարության օրինակին գրավոր հայտարարությամբ հետեւեց վարչապետ Աբդուլլահ Գյուլի կառավարությունը, նրան միացավ նաեւ գլխավոր շտաբը։

Հակաիրաքյան պատերազմի հավանականությունը մեծ է, ամերիկյան ուժերին Թուրքիայում տեղակայված ռազմաբազաների տրամադրումըՙ նմանապես։ Ինչ վերաբերում է Կոպենհագենում կայանալիք Եվրոպական խորհրդի համաժողովին, որտեղ հստակեցվելու է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար վերջնաժամկետի նշանակման հարցը, եթե Թուրքիան վերջնաժամկետի առնչությամբ Կիպրոսի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձեւն է եվրոպական երկրների հետ սակարկում, ապա Վաշինգտոնը, որպես ազդեցության լծակ, դա օգտագործում է նրա դեմ։ Ինչո՞ւ։ Հակաիրաքյան հնարավոր պատերազմում ամերիկյան պահանջներին դիմակայելու հնարավորությունից Թուրքիային զրկելու, Կիպրոսի հիմնահարցի կարգավորման այսպես կոչված նախադրյալների ստեղծումով թուրքերի ուշադրությունը այդ պատերազմին բեւեռելու, ինչպես նաեւ հիմնահարցի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձեւի սակարկումը եվրոպական երկրների հետ կանխելու պատճառներով։

ԵՄ-ի կազմում Անգլիայի կողքին, հանձին Թուրքիայի, մեկ այլ լիազոր ներկայացուցիչ ունենալու Վաշինգտոնի շահագրգռությունները գաղտնիք չեն։ Ահա թե ինչու Կիպրոսի հիմնահարցը թուրքական իշխանությունների դեմ, որպես ազդեցության լծակ շահարկող այդ նույն Վաշինգտոնը շահագրգռությունների բերումով ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը նպաստելու համար ճնշում է գործադրում եվրոպական երկրների վրա։ Այս դեպքում, եթե Կիպրոսի հիմնահարցը պայմանավորվում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությամբ, ապա անդամակցության համար եվրոպական երկրների վրա գործադրվող ամերիկյան ճնշումներն էլՙ հակաիրաքյան հնարավոր պատերազմում թուրքական իշխանություններին ներկայացված պահանջներով է պայմանավորվում։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4