«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#227, 2002-12-11 | #228, 2002-12-12 | #229, 2002-12-13


ԴԱՇՆԱԿԱՀԱՐ ՍԵՐԳԵՅ ԲԱԲԱՅԱՆԻ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸՙ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ

Նյու Յորքի բարոյական մշակույթի ընկերության դահլիճում կայանալիք «Ռոք հոթել դաշնամուրային առաջին փառատոնի» շրջանակներում հայազգի ճանաչված դաշնակահար Սերգեյ Բաբայանի համերգը տեղի կունենա դեկտեմբերի 20-ինՙ նախապես հայտարարված դեկտեմբերի 11-ի փոխարեն, հայտնում է ՀԲԸՄ-ի լրատվական գրասենյակը։ Ծրագրում հնչելու են Ռախմանինովի, Բախի, Գրիգի եւ Բեթհովենի ստեղծագործությունները։

Սերգեյ Բաբայանը ծնվել է Հայաստանում եւ սկսել է դաշնամուր նվագել 8 տարեկանից։ Աշակերտել է Երեւանումՙ Լուիզա Մարգարյանին եւ Ջորջ Սարաջեւին, ապա Մոսկվայումՙ Միխայիլ Պլետնեւին եւ Վերա Գորնոստաեւային։ 1990-ին Նյու Յորքի «Ալիս Թուլի» դահլիճում առաջին հաջող մենահամերգից հետո աշխարհի տարբեր երկրներից հրավերներ է ստանում եւ մենահամերգներով հանդես գալիս Քլիվլենդի նվագախմբի, Կալգարիի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Օսակայի սիմֆոնիկ, Բելգիայի ազգային նվագախմբի, Բի-Բի-Սի¬ի շոտլանդական սիմֆոնիկ նվագախմբի, Վարշավայի ֆիլհարմոնիկի, Բրատիսլավայի «Սլովենսկա» ֆիլհարմոնիայի, Լիլ քաղաքի ազգային նվագախմբի, Ֆլորիդայի եւ Արեւմտյան Վիրջինիայի սիմֆոնիկ նվագախմբերի հետ։ Քսաներորդ դարի լավագույն ստեղծագործությունների իր CD-ն վերջերս է ձայնագրել եւ արժանացել քննադատների, այդ թվումՙ «Նյու Յորք թայմսի» երաժշտական տեսաբանի գնահատանքին։ Նա այժմ դասավանդում է Քլիվլենդի երաժշտական ինստիտուտում։ Հիմնադիր-տնօրենն է Ս. Բաբայան միջազգային դաշնամուրային ակադեմիայի։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4