«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#227, 2002-12-11 | #228, 2002-12-12 | #229, 2002-12-13


ԲՈՋՈԼՅԱՆՆ ԻՐԵՆ ՄԵՂԱՎՈՐ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ

Թուրքիայի օգտին լրտեսության մեջ մեղադրվող Մուրադ Բոջոլյանի գործով երեկվա դատական նիստում պաշտպանը հանդես եկավ պաշտպանական ճառով։

Ըստ պաշտպանի, իր պաշտպանյալ Մուրադ Բոջոլյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել օրինախախտումներով։ Մասնավորապես, պաշտպանն ապօրինի համարեց Բոջոլյանի տան հեռախոսահամարի գաղտնալսումը։ Քրեական գործը հարուցվել է 2002 թ.-ի հունվարի 25-ին, մինչդեռ Բոջոլյանի հեռախոսային խոսակցությունները գաղտնալսվել են, ըստ պաշտպանի, դեռեւս 1999 թ.-ի մարտից։ Համաձայն պաշտպանական ճառի, չեն եղել քրգործ հարուցելու առիթներն ու հիմքերը։

Պաշտպանն այնուհետեւ խոսեց, որպես ՀՀ քաղաքացի, անպաշտպանվածության զգացում ունենալու մասին, քանի որ, ըստ իրեն, անօրինական կերպով հարուցված քրեական գործը չպետք է կախում ունենա հետագայում ձեռք բերված ինչ-որ ապացույցներից։

Պաշտպանն անդրադարձավ նաեւ այն հանգամանքին, որ «քրեական հետապնդման ընթացքում ձեռք բերված, այսպես կոչված, ապացույցները գոյություն չունեն։ Իսկ մեղադրող կողմը հաշվի չի առել, որ ամբաստանյալ Մուրադ Բոջոլյանը պատրաստվել է որպես պրոֆեսիոնալ հետախույզ, միեւնույն ժամանակ լինելով վերլուծաբան-լրագրող»։

Պաշտպանական ճառում անդրադարձ էր կատարվել նաեւ հետեւյալ հարցերին. ինչպե՞ս կարող էր պրոֆեսիոնալ հետախույզը չիմանալ, թե ինչ է նշանակում հայրենիքի դավաճանություն, կամ ինչո՞ւ ժամանակին Բոջոլյանին հարցադրումներ չեն արվել, թե ՄԻԹ-ից ստացած գումարներով ո՞ւմ պարտքերն է փակել, կամ ինչո՞ւ է Թուրքիայում ապրանքներ գնել ապառիկ։

Պաշտպանն անճշտությունների մի քանի օրինակներ բերեց Բոջոլյանի նախաքննական «ինքնազրպարտչական» ցուցմունքից, որոնք, ըստ պաշտպանի, իրականությանը չեն համապատասխանում։ Մասնավորապես, որ Բոջոլյանը եղել է Ստամբուլի քաղաքապետարանի բակում գտնվող ոստիկանատանը, մինչդեռ ոչ մի ոստիկանատուն էլ հիշյալ բակում չկա։

«Դատաքննության ժամանակ փորձեցի մի փոքր հուշել, ինչը մնաց անարձագանք, թե այդ երբ, ինչպես, ով հավաքագրեց Բոջոլյանին որպես գործակալի», շարունակելով, իր կարծիքով, ամբաստանյալի նախաքննական ցուցմունքում եղած անճշտությունները ներկայացնելՙ նշեց պաշտպանը։ Ըստ վերջինիս, պրն Բոջոլյանը հայրենասեր է եղել, կա ու կլինի։ Եվ որպես ապացույցՙ պաշտպանը նշեց ամբաստանյալի որոշ հոդվածներ, որոնցում Բոջոլյանը քննադատել է թուրքական կառավարությանը։

Խոսելով Բոջոլյանին ՄԻԹ-ի կողմից քրդերի մասով տրված, այսպես կոչված, հանձնարարությունների եւ դրանց կատարման մասինՙ պաշտպանն ակնհայտ համարեց այն հանգամանքը, որ դրանք ոչ թե Քրդական բանվորական կուսակցության հետ կապված լուրջ հանդիպումներ են եղել, այլ ընդամենը առօրյա խոսակցություններ։

Պաշտպանը տարօրինակ համարեց, որ իր պաշտպանյալին ներկայացված մեղադրանքն ամբողջությամբ, ըստ իրեն, հիմնված է նույն Բոջոլյանի նախաքննական ցուցմունքի վրա, ընդ որում, այդ ցուցմունքում հիշատակված ամեն ինչ ուղղակիորեն ընդունվել է նախաքննական մարմնի կողմից որպես ճշմարտություն։

Պաշտպանական ճառի մնացյալ մասն, ըստ էության, բաղկացած էր հարցադրումներից. ինչո՞ւ, ըստ մեղադրանքի, փորձ չի արվել հարցաքննել ՄԻԹ-ի աշխատակից-լրագրողներին, ինչպե՞ս կարելի է Մոսկվայից ուղարկված ինչ-որ տեղեկանք համարել ապացույց, չճշտել նախաքննական ցուցմունքում հիշատակված Գյուլայ, Նյուսրեթ, Թոլունայ եւ այլ անուններով անձնավորությունների իրական լինել-չլինելը։

Ավարտելով իր խոսքըՙ պաշտպանը նշեց, թե դատավարության սկզբում համոզմունք է ունեցել գործն իրավական դաշտում լինելու կապակցությամբ։ Երեկ նա հայտարարեց, որ Բոջոլյանի նկատմամբ քրգործը չպիտի շարունակվեր, քանի որ Լեւոն Տեր¬Պետրոսյանը չի առաջադրվել որպես թեկնածու։

Այնուամենայնիվ, պաշտպանը խնդրեց դատարանին օբյեկտիվ գնահատել գործում եղած փաստական տվյալները եւ առաջնորդվել միայն օրենքով։ Միեւնույն ժամանակ, պաշտպանը միջնորդեց կարճել քրեական գործն ու դադարեցնել իր պաշտպանյալի քրեական հետապնդումը։

Ճառով կարող էր հանդես գալ նաեւ ամբաստանյալը, բայց նա լռեց։

Սրանով դատական վիճաբանությունների փուլն ավարտվեց, որից հետո ամբաստանյալի վերջին խոսքն էր։

Մուրադ Բոջոլյանը նախ խոսեց միջազգային իրավական նորմերիցՙ նշելով իր գործում մեղադրանքի հիմնավոր ապացույցների մասին։

Գաղտնալսումներով ու «եթե»-ներով մեղադրանքն, ըստ ամբաստանյալի, մեղքի ապացույց չէ։ Ապացույց չեն նաեւ լրագրողական գործունեությամբ զբաղվելու համար արված գրառումները։

«Մեղադրողի միակ խաղաթուղթն իմ կեղծ ինքնախոստովանությունն է եղել իմ կուռ տրամաբանությամբ։ ...Ըստ հետախուզության կանոնների, ցանկացած գործակալ ձերբակալության պահին կարող է գնալ մասնավոր խոստովանության», ասաց ամբաստանյալը։ Նա ավելացրեց, որ այդպիսի լեգենդ ինքն ունեցել էՙ մշակված Մոսկվայում։

Բոջոլյանի խոսքով, իր նախաքննական ու վերջնական ցուցմունքները հիմնականում նույնն են, «պարզապես նախնական ցուցմունքում Թուրքիա կատարած այցերի վրա ավելացված են լեգենդի բաղադրիչները»։

Ամբաստանյալը նույնպես խոսեց 2 տեղեկանքներից, թուրք լրագրող-գործակալների չգոյությունից, իր գրառումների հրապարակային եղած բնույթից եւ այլն։

«Այն, որ այս քրգործը հատուկ պատվերով է սարքված, ինձ հայտնի էր դեռ սկզբից», ասաց ամբաստանյալը։ «Իսկ ինչո՞ւ էր հենց իմ անձը ընտրվել որպես քավության նոխազ։ Առաջինն իմ ակտիվ մասնակցությունն էր հայ-թուրքական շփումներին բոլոր մակարդակներով։ Երկրորդը, որ ես եղել եմ Լեւոն Տեր¬Պետրոսյանի գաղափարակիցը հայ-թուրքական հարաբերությունների հարցում, ինչը երբեք չեմ թաքցրել», ավելացրեց Բոջոլյանը։

Երրորդ հանգամանք էլ նշեց ամբաստանյալը։ Ըստ նրա, դեռ խորհրդային տարիներից հայրենադարձների նկատմամբ կասկածանք միշտ եղել է։ Եվ երբ 1971 թ.-ին իրեն առաջարկել են համագործակցել ԽՍՀՄ հետախուզության հետ, համաձայնել է. «Հուսալով, որ դրանով ԽՍՀՄ եւ Հայաստանի լիիրավ քաղաքացի կդառնամ»։

Իսկ անկախացումից հետո, սեփական բացատրությամբ, Բոջոլյանն ԱԱՆ կողմից կասկածելիների շարքում է հայտնվել, քանի որ «հաջող գործունեություն է ունեցել դիվանագիտության բնագավառում», որի պատճառով էլ ենթադրել են, թե «այստեղ մի բան կա»։

Նշելով, որ ինքն իրատես է եւ չի կարծում, թե դատարանի վճիռը առանձնապես կտարբերվի մեղադրողի պահանջից, իր վերջին խոսքն ամբաստանյալն ավարտեց այսպես. «Ես երբեք թուրքական ոչ մի հետախուզական մարմնի, ոչ էլ նրանց վճարովի գործակալների հետ չեմ համագործակցել եւ առաջադրված մեղադրանքում ինձ մեղավոր չեմ ճանաչում։ Բայց կրկին որոշ հույսեր եմ պահպանում, որ մեր երկիրն, իրոք, իրավական պետություն լինելու ճանապարհին է, եւ հարգարժան դատարանը որոշում կայացնելիս կլինի լրիվ անկախ»։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4