«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2002-12-18 | #233, 2002-12-19 | #234, 2002-12-20


ՔԱՆԻ ԴԵՌ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆ Է, ԹՈՒՐՔԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴՐԱԿԱՆ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐ ԿՀԱՂՈՐԴԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Երբ նոյեմբերի 3-ի խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին իսլամամետ «Արդարություն եւ բագավաճում» կուսակցության հաղթանակով, նրա գլխավոր նախագահ Ռեջեփ Թալիփ Էրդողանը, ենթադրություններին հակառակ, Թուրքիայի առաջնահերթ խնդիրը համարեց Եվրամիությանն անդամակցությունը եւ սկսեց դրական ազդանշաններ հաղորդել եվրոպական երկրներին։ Միանգամայն դրական էին նաեւ նրա ազդանշանները Կիպրոսի վերաբերյալ ՄԱԿ-ի նոր բանաձեւի առնչությամբ։

Էրդողանը ԵՄ-ի կոպենհագենյան գագաթաժողովի նախօրյակին Եվրոպայում կատարեց երկու շրջագայություն, որոնց ընթացքում նրա ազդանշանները հետզհետե բացասական բնույթ ստացան։ Իսկ դեկտեմբերի 12¬14-ին, երբ գագաթաժողովն իր աշխատանքներն էր կատարում, նա նույնիսկ սպառնաց, թե անդամակցության բանակցությունները 2003 թ. մայիսին չնշանակելու դեպքում Թուրքիան կվերանայի ԵՄ-ի նկատմամբ իր դիրքորոշումը։

ԵՄ-ի գագաթաժողովը տեղի չտվեց Էրդողանի սպառնալիքներին։ Թվում էր, թե դա հավասարակշռությունից կհանի թուրքական նորընտիր իշխանություններին։ Համենայն դեպս, թուրքական մամուլը ԵՄ-ի գագաթաժողովին անդրադառնում էր «Սառը ցնցուղ» կամ «Կատարյալ հիասթափություն» խորագրերով, իսկ Ռաուֆ Դենքթաշը դրա արդյունքները կիպրացի թուրքերի հանդեպ «դավաճանություն» էր համարում։

Մինչ թուրքական կենտրոնական թերթերը հարձակումներ էին գործում «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության նախագահի եւ վարչապետ Գյուլի կառավարության վրա, թե նրանք Կոպենհագենում պարտավորվել են Կիպրոսը հանձնել հույներին, Անկարայի քաղաքական շրջանակները հակազդեցության բուռն դրսեւորումներով միացան դրանց։

Այս ամենը, սակայն, չխանգարեց Էրդողանին, որպեսզի նա դեկտեմբերի 17-ին Մեջլիսում իր կուսակցության պատգամավորների առջեւ ելույթ ունենա եւ ԵՄ-ի գագաթաժողովի Թուրքիայի առնչությամբ ընդունած որոշումը բնութագրի որպես «համազգային հաջողություն», ավելացնելով. «Մենք արտաքին քաղաքականության մեջ կատարել ենք առաջին կարեւորագույն քայլը, հետամուտ ենք ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը»։

Մինչդեռ գագաթաժողովը, անտեսելով թուրքական նորընտիր իշխանությունների պահանջը, ԵՄ-ին անդամակցության բանաձեւերի համար վերջնաժամկետի նշանակման հարցն առաջադրված նախապայմանների կատարման դեպքում 2004 թ. դեկտեմբերին քննարկելու որոշում էր կայացրել։ Ավելին, այդ նախապայմանների մեջ առանձնակի նշանակություն էր տրվել Կիպրոսի հիմնախնդրին, դա մինչեւ 2003 թ. փետրվարի 28-ը կարգավորելու պահանջով։

Այս պահանջին էլ դեկտեմբերի 17-ին Մեջլիսի լիագումար նիստում արձագանքեց արտգործնախարար Յաշար Յաքըշը։ Նա հայտարարեց. «Եթե առանց հիմնախնդրի կարգավորման Կիպրոսի հունական կողմը միանա եվրոպական ընտանիքին, ապա կղզու հյուսիսային հատվածում տեղակայված թուրքական զինված ուժերը կհայտնվեն ԵՄ-ի տարածքն օկուպացնողի կարգավիճակում»։ Նրա այս հայտարարությանը բուռն հակազդեցություն ցուցաբերեց ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Դենիզ Բայքալը։

Հարցը, սակայն, Բայքալը չէ, այլ հակառակ Անկարայի քաղաքական շրջանակների հակազդեցությանը, գագաթաժողովի որոշումներին «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության իշխանությունների դրական մոտեցումը, ինչպես նաեւ Կիպրոսի հիմնահարցը ՄԱԿ-ի նոր բանաձեւին համապատասխան կարգավորելու նրանց պատրաստակամությունը։ Որքան էլ դա դեռ կարգավորում չնշանակի, այնուամենայնիվ, հիմնախնդրի կարգավորման հույսեր է ներշնչում։ Իսկ ներշնչման պայմաններում Կիպրոսի հյուսիսային հատվածը Թուրքիային կցելու հարցը, թեկուզ ժամանակավորապես, դուրս է մնում պաշտոնական Անկարայի օրակարգից։

Հատկանշական է, որ թուրքական նորընտիր իշխանությունները նաեւ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամություն են ցուցաբերում։ Ընդ որում, ի տարբերություն նախորդների, կարգավորումը չեն պայմանավորում Ադրբեջանի վերաբերմունքով։ Համոզվելու համար կարելի է անդրադառնալ Էրդողանի հայ-թուրքական հարաբերությունների համար հուսադրող ազդանշաններին, ինչպես նաեւ Յաքըշի հայտարարություններին։

Ազդանշաններից կարելի է առանձնացնել Էրդողանի նոյեմբերի 5-ի հեռախոսազրույցը նախագահ Հեյդար Ալիեւի հետ, որի ընթացքում նա ընդունելով խորհրդարանական ընտրություններում «Արդարություն եւ բագավաճում» կուսակցության հաղթանակի առնչությամբ վերջինի շնորհավորանքները, «Զաման» թերթի նոյեմբերի 6-ի համարի վկայությամբ, նրան ասում է. «Թուրքիան շարունակելու է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման ճանապարհին լինել Ադրբեջանի կողքին»։

Նկատի ունենալով, այսպես կոչված, Ադրբեջանի գրավյալ տարածքներն ազատագրելու թուրք պետական գործիչների մտավարժանքները, Էրդողանի խաղաղ կարգավորման վերաբերյալ խոսքերը պետք է անսովոր համարել թուրքական իրականության համար։ Որքան էլ մեզ չբավարարի, միանգամայն անսովոր է օտարերկրյա լրագրողի «Թուրքիան ճանաչելո՞ւ է Հայոց ցեղասպանությունը» հարցին էրդողանի պատասխանը։ Այն առումով, որ Էրդողանը մյուսների նման փաստը գոնե չի ժխտում, ոչ էլ կատարյալ կեղծիք է համարում, այլ, ինչպես նշում է «Ակօսը» նոյեմբերի 29-ի համարում, լրագրողին ասում է. «Նախ պետք է գտնել վիճարկման ենթակա այս հարցի պատասխանը ճշտելովՙ հայերի ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչ։ Առանց ճշմարիտ պատասխանի անհնար է նման խնդրի ընդունումը»։

«Ակօսը» դա գնահատում է հայերի հետ երկխոսության ակնհայտ պատրաստակամություն եւ այդ առումով կարեւոր նշանակություն է տալիս «հարեւան Հայաստանի նկատմամբ բարիդրացիական հարաբերությունների վրա կառուցված քաղաքականություն վարելու» Էրդողանի հայտարարությանը։ Դրան է հետեւում արտգործնախարար Յաքըշի հայտարարությունը։ Դեկտեմբերի 15-ին նա մատնանշում է. «Մենք զարգացնելու ենք մեր հարաբերությունները Ռուսաստանի, Իրանի եւ Հայաստանի հետ։ Ինչ խոսք, հաշվի ենք առնելու Ադրբեջանի մտահոգությունները հայ-թուրքական համագործակցության առումով։ Սակայն, եթե մեր տնտեսական շահերը պահանջեն հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, մենք դա կանենք»։

Կարծում ենք, հայ-թուրքական երկխոսության առումով Յաքըշի հայտարարությունն ավելի քան կարեւոր է, որովհետեւ դա, եթե Հայաստանի պարագայում դրական ազդանշան է, ապա Ադրբեջանի պարագայում նախազգուշացում է դառնում։ Այդ ընթացքում ընդգծվում է Թուրքիայի տնտեսական շահերի գերակայությունն Ադրբեջանի «ազգային շահերի» նկատմամբ։ Սա որոշակի տեղաշարժ է, դրական ազդանշանների հետ համադրման պայմաններում, անկասկած, հուսադրում է։

Խոսքը տվյալ դեպքում Թուրքիայի հայկական քաղաքականությունը եթե ոչ վերանայելու, ապա վերանայման նախադրյալներ ստեղծելու մասին է։ Ինչո՞վ է դա պայմանավորված։ Ըստ երեւույթին, վերոհիշյալ քաղաքականության կատարյալ ձախողմամբ, ինչը անխուսափելիորեն հանգեցրել է Թուրքիայի անդրկովկասյան քաղաքականության ձախողմանն ամերիկյան գործոնով, ինչպես նաեւ ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթություններով։ Անդամակցությունը նրան կհաջողվի՞, թե՞ ոչ, դժվար է ասել։ Բայց որ դրա անհրաժեշտ նախապայմանը դրական ազդանշանի հաղորդումն է, կասկած չի հարուցում։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4