«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#238, 2002-12-26 | #239, 2002-12-27 | #240, 2002-12-28


ՄՐՑԱՇՐՋԱՆ-2002-Ի ՀԱՂԹԱԿԱՆ ԱԿՆԹԱՐԹՆԵՐԸ

Թող 2003 թ. նորանոր նվաճումների տարի լինի

Եվս մի քանի օր եւ պատմության գիրկը կանցնի մրցաշրջան-2002-ը, որը հարուստ էր տարբեր մարզաձեւերից անցկացված աշխարհի ու Եվրոպայի առաջնություններով, միջազգային խոշոր մրցաշարերով։ Անկասկած, անցնող տարվա մարզական գլխավոր իրադարձություններն էին Սոլթ Լեյք Սիթիի ձմեռային 19-րդ օլիմպիադան եւ Ճապոնիայում ու Հարավային Կորեայում անցկացված ֆուտբոլի աշխարհի 17-րդ առաջնությունը։ Մրցաշրջանը հագեցած էր նաեւ Հայաստանի մարզիկների համար, որոնց ելույթներին «Ազգը» պարբերաբար անդրադարձել է։ Մրցաշրջան-2002-ն ուրախության եւ հպարտության քիչ պահեր չպարգեւեց հայ մարզասերներին։ Եղան ակնառու հաջողություններ, եղան նաեւ առանձին ձախողումներ, ինչն անխուսափելի է սպորտում։ Ավարտվող տարին հատկապես «բերքառատ» էր հայ շախմատիստների համար, որոնց փառահեղ նվաճումները հաստատում են, որ իրոք Հայաստանն աշխարհի հզոր շախմատային տերությունների թվին է դասվում։ Եվ բնավ էլ պատահական չէր, որ մրցաշրջան-2002-ի Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցանկում տեղ զբաղեցրին 4 շախմատիստներ։ Եվ եթե մարզական լրագրողների միջեւ հարցումը մի փոքր ուշ անցկացվեր, անկասկած, լավագույն տասնյակում իր արժանի տեղը կգտներ նաեւ Լեւոն Արոնյանը, որը հայ շախմատիստների հաջող մրցելույթներին փառահեղ վերջակետ դրեց։ Հանրագումարի բերելով մրցաշրջանի արդյունքները, եկեք վերհիշենք հայ մարզիկների հաղթական ակնթարթները։

Պարգեւը գտավ արժանի տիրոջը

Ազատ ոճային ըմբիշ Արամ Մարգարյանն օլիմպիական մարզաձեւերից աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացած հայաստանցի միակ մարզիկն է։ Ուստի պատահական չէր նրան հանրապետության լավագույն մարզիկ ճանաչելու լրագրողների ընտրությունը։ Արամն իրեն գերազանց դրսեւորեց սեպտեմբերի սկզբին Թեհրանում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում։ 60 կգ քաշային կարգում հայ ըմբիշը մեկը մյուսի հետեւից գետնելով մրցակիցներին, մտավ եզրափակիչ։ Այստեղ նրա մրցակիցը թուրք ըմբիշ Դոհան էր, որի հետ նախկինում հանդիպել էր 1994 թ. Ֆինլանդիայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչում եւ հաղթել 3¬1 հաշվով։

Գոտեմարտի առաջին իսկ վայրկյաններից Արամը զգաց, որ մրցակցի մաշկը շատ սահուն է։ Թուրքն անազնիվ քայլի էր դիմելՙ մարմինն օծելով քսանյութով, որը շարունակ քրտնեցնում է։ Հայ ըմբիշը փորձում էր հնարքներ կատարել, բայց չէր ստացվում, մատները սահում էին, ասես ձեռքը յուղի էր դիպչում։ Մրցակիցը հաշվի մեջ առաջ անցավ, ապա Արամը վերականգնեց հավասարակշռությունը։ Անհավասար պայմաններում շատ դժվար էր գոտեմարտել։ Թուրք ըմբիշը գոտեմարտը շահում էր 3¬2 հաշվով։ Ընթանում էին վերջին վայրկյանները, երբ Արամին հաջողվեց գցում կատարել, սակայն, ցավոք, մրցավարներն այն չգրանցեցին։ Այսպես, 28-ամյա հայ ըմբիշը ստիպված էր բավարարվել արծաթե մեդալով։ Բայց ի վերջո արդարությունը հաղթանակեց եւ ոսկե մեդալը գտավ իր արժանի տիրոջը։ Արգելված դեղամիջոցներ օգտագործելու համար թուրք ըմբիշը որակազրկվել էր եւ չեմպիոնի կոչմանն արժանացել էր Արամ Մարգարյանը, որի նվիրական երազանքը 2004 թ. Աթենքում օլիմպիական չեմպիոնի դափնուն արժանանալն է։

Իրենց վատ չդրսեւորեցին նաեւ մեր պատանի ազատ ոճային ըմբիշները։ Հունիսին Վիլնյուսում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Տիգրան Բաբախանյանը 46 կգ քաշայինների մրցավեճում գերազանցեց մրցակիցներինՙ կանգնելով պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին։ Իսկ նրա թիմակից Սուրեն Ադյանը (42 կգ) արժանացավ բրոնզե մեդալի։

Հայկական շախմատի փառահեղ նվաճումները

Ընթացիկ մրցաշրջանում հայ շախմատիստների փառահեղ ելույթների հիմքը դրեց Լիլիթ Մկրտչյանըՙ գերազանց հանդես գալով հունիսին Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացված կանանց շախմատի Եվրոպայի անհատական 3-րդ առաջնությունում։ Հայ գրոսմայստերը վստահ մրցելույթների շնորհիվ առաջնության 114 մասնակիցների մեջ ցույց տվեց 2-րդ արդյունքըՙ 11 հնարավորից վաստակելով 8,5 միավոր։ Լիլիթ Մկրտչյանն ընդամենը կես միավորով զիջեց չեմպիոնուհունՙ բուլղարուհի Անտունետա Ստեֆանովային։ Ընդ որում, մրցաշարի ավարտից 2 տուր առաջ Լիլիթը 6,5 միավորով 3¬7-րդ տեղերն էր բաժանում։ Վերջնագծում հայ շախմատիստուհին կարողացավ 2 վճռորոշ հաղթանակ տոնել իր հիմնական մրցակցուհիների նկատմամբ եւ արժանիորեն դարձավ Եվրոպայի փոխչեմպիոնուհի։ Այս հաջողությունն աննախադեպ է Հայաստանի կանանց շախմատում, որը վերջին տարիներին զգալի առաջընթաց է ապրել։ Լիլիթ Մկրտչյանն իր բարձր կարգը հաստատեց նաեւ շախմատի համաշխարհային օլիմպիադայումՙ մեծ ներդրում ունենալով մեր հավաքականի հաջող ելույթներում։ Նա հավաքականին պարգեւեց առավելագույն քանակի միավորներ (8)։ 12 պարտիաներում Լիլիթը տարավ 5 հաղթանակ, 6-ն ավարտեց ոչ-ոքի, մեկում պարտվեցՙ վաստակելով հնարավոր միավորների 66,6 տոկոսը։ Անկասկած, Լիլիթ Մկրտչյանը տաղանդավոր շախմատիստուհի է, այս տարի լրացրեց տղամարդկանց միջազգային վարպետի նորմա։ Նրա եւ մյուս պատանի շախմատիստների հաջողություններին, անշուշտ, օժանդակեց տարեսկզբին Սմբատ Լպուտյանի նախաձեռնությամբ եւ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի աջակցությամբ հիմնադրված շախմատի ակադեմիան, որի ունկնդիրներից է նաեւ Լիլիթ Մկրտչյանը։ Ակադեմիայի մյուս սաներն էլ շոշափելի հաջողության հասան։ Հունաստանի Հերակլիո քաղաքում անցկացված տարիքային տարբեր խմբերի շախմատի աշխարհի առաջնությունում Տիգրան Պետրոսյանը շատ մոտ էր մրցանակակիր դառնալուն։ Մինչեւ 18 տարեկան շախմատիստների մրցաշարում Տիգրանը 11 հնարավորից վաստակեց 8 միավոր եւ Հարիկրիշնայի ու Պարագուայի հետ բաժանեց 3¬5-րդ տեղերը։ Միայն լրացուցիչ գործակիցներով Պետրոսյանը բրոնզե մեդալը զիջեց Հարիկրիշնայինՙ զբաղեցնելով 4-րդ տեղը։ Հաջող էր պատանի շախմատիստի ելույթը նաեւ տղամարդկանց ՀՀ բարձրագույն խմբի առաջնությունում, որտեղ 10 մասնակիցների մեջ 6-րդն էր։ Նա լրացրեց միջազգային վարպետի նորման, նաեւ գրոսմայստերի կոչման առաջին բալը ստացավ։ Շախմատի ակադեմիայի սաներ Զավեն Անդրեասյանն ու Դավիթ Պետրոսյանն էլ առաջին անգամ հաղթահարեցին միջազգային վարպետի նորմայի սահմանագիծը, իսկ Լիլիթ Գալոյանը լրացրեց միջազգային վարպետի նորման։

Տարին հաջող էր նաեւ Գաբրիել Սարգսյանի համար, որը համալրեց հայ գրոսմայստերների ընտանիքըՙ դառնալով 15-րդ անդամը։ Գաբրիելը շատ մոտ էր հաջողությանը հունիսին Բաթումում անցկացված շախմատի Եվրոպայի անհատական 3-րդ առաջնությունում, որտեղ 9 միավորով Գագունաշվիլու, Վոլկովի եւ Գուրեւիչի հետ բաժանեց 2¬5-րդ տեղերը։ Ցավոք, մեդալների համար լրացուցիչ մրցախաղում Գաբրիելը զիջեց մրցակիցներին եւ բավարարվեց 5-րդ տեղով, որը եւս բարձր ցուցանիշ է։ Փայլուն ելույթների շարքը շարունակվեց Սլովենիայի Բլեդ քաղաքում անցկացված շախմատի համաշխարհային 35-րդ օլիմպիադայում։ ՀՀ հավաքականը Վլադիմիր Հակոբյան, Սմբատ Լպուտյան, Կարեն Ասրյան, Գաբրիել Սարգսյան, Արտաշես Մինասյան, Աշոտ Անաստասյան կազմով գերազանց մեկնարկից հետո մի փոքր «արգելակելով», ավարտական տուրերում կրկին համոզիչ հաղթանակների հասնելով, դարձավ բրոնզե մրցանակակիրՙ կրկնելով 10 տարի առաջ Մանիլայում ցույց տված արդյունքը։ Հավաքականի անդամներից յուրաքանչյուրն իր ուժերի ներածի չափով նպաստեց թիմի ընդհանուր հաջողությանը։ Բայց, այնուամենայնիվ, պետք է առանձնացնել թիմի առաջատար Վլադիմիր Հակոբյանին, որն առաջին խաղատախտակի վրա ցույց տվեց բավական բարձր արդյունք։ 11 հանդիպումներում Հակոբյանը վաստակեց 8 միավորՙ չկրելով ոչ մի պարտություն։ Այս արդյունքով նա զիջեց միայն ՌԴ հավաքականի առաջատար, աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովին։ Ի դեպ, Հակոբյանն այն երեք շախմատիստներից մեկն էր, որ օլիմպիադայում ոչ-ոքի ավարտեց պարտիան Գարրի Կասպարովի հետ։ Իսկ մինչ այդ, Վլադիմիրն աշխարհի հավաքականի կազմում «Դարի մրցամարտում» արդեն 25-րդ քայլին հաղթել էր Կասպարովին։ Փայլուն ելույթների շնորհիվ Հակոբյանին հաջողվեց հատել 2700-ի սահմանագիծը։ Հունվարի 1-ին հրապարակվելիք ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակում Հակոբյանն առաջին անգամ կընդգրկվի 2700-ից բարձր վարկանիշ ունեցող էլիտար գրոսմայստերների շարքը։

Տարեմուտին շախմատային իր տաղանդով փայլատակեց նաեւ Լեւոն Արոնյանըՙ բազում տիտղոսներին ավելացնելով մինչեւ 20 տարեկան պատանիների աշխարհի չեմպիոնի կոչումը։ Լեւոնը շատ վստահ անցկացրեց ողջ մրցաշարըՙ ցույց տալով գերազանց արդյունք։ 13 հնարավորից Արոնյանը վաստակեց 10 միավորՙ չկրելով ոչ մի պարտություն, վերջին 3 տուրերում տանելով կարեւոր հաղթանակներ։ Հարկ է նշել նաեւ Սլովենիայում բնակվող մեր հայրենակից Սերգեյ Մովսիսյանի նվաճումները։ Նա «Բոսնիայի» կազմում դարձավ շախմատի եվրոպական չեմպիոնների գավաթակիր, արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում 1¬2-րդ տեղերը բաժանեց, ճանաչվեց Սարաեւոյի ներկայացուցչական մրցաշարի հաղթող, հաջող հանդես եկավ շախմատային օլիմպիադայումՙ Սլովենիայի հավաքականում ցույց տալով լավագույն արդյունքը։

Սառույցը կոտրվեց

Վերջապես ուրախության եւ բերկրանքի պահեր ապրեցին նաեւ հայ ֆուտբոլասերներըՙ կապված եվրագավաթներում Երեւանի «Փյունիկի» ելույթների հետ։ Առաջին անգամ Հայաստանի չեմպիոնին հաջողվեց հաղթահարել չեմպիոնների լիգայի որակավորման փուլի արգելքը եւ մտնել հաջորդ փուլ։ Արգենտինացի մասնագետ Օսկար Լոպեսի գլխավորությամբ «Փյունիկը» տպավորիչ հաղթանակներ տարավ ֆիննական «Տամպերեի» նկատմամբ (4¬0, 2¬0), իսկ հաջորդ փուլում թեեւ զիջեց ահեղ մրցակցինՙ Կիեւի «Դինամոյին», սակայն այդ հանդիպումներում էլ վատ տպավորություն չթողեց։ Իսկ ներքին առաջնությունում «Փյունիկը» ֆուտբոլային բոլոր առումներով գերազանցեց մրցակիցներինՙ դառնալով ՀՀ չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր։ Ցավոք, սպասելիքները չարդարացրեց ֆուտբոլի ՀՀ ազգային հավաքականը, որը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երկու հանդիպումներում վաստակեց ընդամենը մեկ միավոր եւ, բացառությամբ ուկրաինացիների հետ մրցամարտի 2-րդ կեսի, ոչնչով աչքի չընկավ։ Հիշարժան էին Նիկիտա Սիմոնյանի 75-ամյակի եւ Էդուարդ Մարգարովի 60-ամյակի հանդիսավոր տոնակատարությունները «Հրազդան» մարզադաշտում։

Մեդալների հարուստ ավարով

Ընթացիկ մրցաշրջանում արձանագրվեցին նաեւ այլ նվաճումներ տարբեր մարզաձեւերի ներկայացուցիչների կողմից։ Երեւանում անցկացված ուզբեկական ըմբշամարտիՙ կուրաշի աշխարհի առաջնությունում սամբոյի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնուհի, բազում միջազգային մրցաշարերի մրցանակակիր Քրիստինե Նաջարյանը կանգնեց պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին։ Կարինե Ղեւոնդյանը նվաճեց արծաթե մեդալ, Հարություն Ղարիբյանը դարձավ բրոնզե մրցանակակիր։ Սամբոյի աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններից արծաթե եւ բրոնզե մեդալներով տուն վերադարձավ վանաձորցի Արթուր Գեւորգյանը, իսկ Շողիկ Գեւորգյանը Եվրոպայում ճանաչվեց 3-րդը։ Հայաստանի նարդիստների «Էջմիածին-301» թիմը, որի կազմում էին Կոլյա Մոսոյանը, Խաչիկ Մելիքյանը եւ Սամվել Աղրամանյանը, Մոնտե Կառլոյում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճեց չեմպիոնի տիտղոսը։ Ուրախացրին հունահռոմեական ոճի մեր երիտասարդ ըմբիշները։ Մայիսին Հարավսլավիայում կայացած Եվրոպայի առաջնությունում չեմպիոնի տիտղոսին արժանացան Ռոման Ամոյանը (50 կգ) եւ Արմեն Անտոնյանը (54 կգ), իսկ Արտյոմ Պողոսյանը (58 կգ) դարձավ բրոնզե մրցանակակիր։

Նշանակալի նվաճման հասավ լեռնագնաց Իգոր Խալաթյանը։ Նա հայ առաջին լեռնագնացն էր, որ նվաճեց Էվերեստի դժվարահաս գագաթը։ Թեեւ մրցաշրջանը հաջող չէր մեր բռնցքամարտիկների համար, սակայն հուլիսին Պերմում կայացած մարզաձեւի Եվրոպայի առաջնությունում մրցանակակիրների թվում տեղ գրավեց Մարատ Թովմասյանը (91 կգ)ՙ արժանանալով բրոնզե պարգեւի։ Նշանակալի հաջողության հասավ հրաձիգ Նորայր Բախտամյանը։ Աշխարհի առաջնությունում գրավելով 6-րդ տեղը, Նորայրը դարձավ Աթենքի ամառային օլիմպիադայի ուղեգիր նվաճած հայաստանցի առաջին մարզիկը։ Հարկ է նշել նաեւ մարմնամարզիկ Վահագն Ստեփանյանի արդյունքը, որը Եվրոպայի առաջնությունում բազմամարտում գրավեց պատվավոր 9-րդ տեղը։ Ցավոք, անհաջող հանդես եկան հենակետային երկու մարզաձեւերիՙ հունահռոմեական ոճի ըմբշամարտի (մեծահասակներ) եւ ծանրամարտի ներկայացուցիչները։

Ավարտելով անցնող տարվա մարզական արդյունքների ամփոփումը, «Ազգի» մարզական բաժինը շնորհավորում է մարզաշխարհի ներկայացուցիչներին, բոլոր մարզասերներին գալիք Ամանորի կապակցությամբ եւ մաղթում նրանց ամենայն բարիք։ Թող մրցաշրջան¬2003-ը հայ մարզիկների համար նորանոր նվաճումների, ծանրակշիռ հաղթանակների տարի դառնա։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4