«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#238, 2002-12-26 | #239, 2002-12-27 | #240, 2002-12-28


ԿՈՒՆԵՆԱՆՔ ՆՈՐՙ 20 ԴՐԱՄԱՆՈՑ ՄԵՏԱՂԱԴՐԱՄ

2003 թ. ընթացքում նաեւ 50, 100, 200 եւ 500 դրամանոց մետաղադրամներ

2003 թ. հունվարի 1-ից շրջանառության մեջ է դրվելու նորՙ 20 դրամանոց մետաղադրամ։ Այդ մասին երեկ հայտնեց Կենտրոնական բանկի էմիսիոն գործառնությունների եւ դրամական պահուստների վարչության պետ Գեւորգ Թումանյանը։ Նա նշեց, որ ցածր արժեքով թղթադրամները մետաղադրամներով փոխելու մասին նախկինում ասվել էր։ Այս տարվա ընթացքում, հավանաբար հուլիսի 1-ից, շրջանառության մեջ կդրվեն նաեւ 50, 100, 200 եւ 500 դրամ արժողությամբ մետաղադրամներ։ Կենտրոնական բանկի այս քաղաքականությունը Գեւորգ Թումանյանը բացատրեց նրանով, որ, ի տարբերություն թղթադրամների, մետաղադրամները չեն մաշվում, դրանք կարող են շրջանառվել տասնյակ տարիներ։ Այնուհետեւ, չնայած մետաղադրամների ինքնարժեքը թղթադրամի համեմատ ավելի բարձր է, սակայն վերոնշյալ հանգամանքները նկատի ունենալով, մետաղադրամների գործածումը տնտեսապես ավելի շահավետ է։ «Իսկ ինչո՞ւ մինչեւ 500 դրամանոցներն են փոխարինվելու մետաղադրամներով» հարցին ԿԲ վարչության պետը պատասխանեց. «Այդ արժեքի դրամանոցներն ավելի դանդաղ են շրջանառվում բանկերում եւ ավելի արագ ձեռքից ձեռք անցնում, իսկ դրանից բարձրերըՙ հակառակը։ Հետեւաբար, ավելի մեծ արժեքով (սկսած 1000 դրամից) թղթադրամներն ուշ են մաշվում։ Այդուհանդերձ, մետաղադրամներն ունեն խոցելի տեղ. դրանք ավելի թույլ են պաշտպանված եւ ենթակա կեղծումների։

Նշենք նաեւ, որ նոր մետաղադրամներըՙ 20 դրամանոցից մինչեւ 500 դրամանոց, անհամեմատ ավելի գեղեցիկ ձեւավորում ունեն եւ հաճելի են դիտվում, քան 10 դրամանոց մետաղադրամը։ Գեւորգ Թումանյանից իմացանք ձեւավորման հեղինակի անուն-ազգանունըՙ Կարապետ Աբրահամյան։

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4