«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2003-01-14 | #6, 2003-01-15 | #7, 2003-01-16


ԱՆՆԱԽԱԴԵՊ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԿԻՊՐՈՍԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ

Ցուցարարները մինչեւ փետրվարի 28-ը կարգավորում են պահանջում

Հունվարի 15-ի համարում «Ազգը», շնորհիվ Ջորջ Տեր¬Բարթողի հատուկ թղթակցության, տեղեկացրեց աննախադեպ հանրահավաքի մասին, որը նախորդ օրը կազմակերպվել էր Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի գրավյալ հատվածում։ «Կիպրոսի թուրքերը պահանջում են վերամիանալ իրենց հույն համաքաղաքացիներին» խորագրով հրապարակված տեղեկատվության մեջ թղթակիցը նշում է, որ հանրահավաքին մասնակցել են շուրջ 60 հազար ցուցարարներ, որոնք քաղաքը բաժանող «կանաչ գծի» դիմաց Կիպրոսի երկու հատվածների վերամիավորումից բացի պահանջել են նաեւ թուրքական համայնքի ղեկավար Ռաուֆ Դենքթաշի հրաժարականը, ինչ խոսք, «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» նախագահի պաշտոնից։

Ջորջ Տեր¬Բարթողը հատկանշական է համարում, որ կիպրոսցի թուրք ցուցարարները ծածանել են Կիպրոսի Հանրապետության դրոշները, եւ նրանց ձեռքին չի եղել Թուրքիայի ոչ մի դրոշակ, ոչ էլ վերոհիշյալ ինքնակոչ հանրապետության։ Այնուհետեւ նա ուշադրություն է հրավիրում հանրահավաքի ժամանակացույցի վրա, ընդգծելով, որ դա կազմակերպվել է այն օրը, երբ Կիպրոսի Հանրապետության նախագահ Գլավկոս Քլերիդեսը հենց «կանաչ գծի» վրա ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ալվարո դե Սոտոյի հովանավորությամբ պատրաստվում էր հանդիպել Դենքթաշին։

Ի դեպ, վերոհիշյալ հանրահավաքին հունվարի 15-ի համարներում անդրադարձան նաեւ թուրքական թերթերը։ Ընդ որում, դրանցից մի քանիսը «Ռադիկալի» գլխավորությամբ առանձնակի նշանակություն տալովՙ ընթերցողին դա ներկայացրին որպես առաջնորդող լուր։ Հանրահավաքի մասին թուրքական թերթերի հրապարակումները ոչ միայն հաստատում, այլեւ լրացնում են Տեր¬Բարթողի տեղեկությունները։

Այդ թերթերը հանրահավաքը համարելով աննախադեպ, ընդգծում են, որ դա Կիպրոսի պատմության մեջ խոշորագույնն էր։ 60 հազար ցուցարարի մասին նշելիս նրանք միաժամանակ ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ Կիպրոսի հյուսիսային հատվածի բնակչությունը 200 հազար է։ Քանի որ 200 հազարից 140 հազարը վերաբնակության համար Հյուսիսային Կիպրոս տեղափոխված թուրքահպատակներ են, ուրեմն հանրահավաքին նաեւ նրանք են մասնակցել։

Սա ցույց է տալիս, որ հյուսիսային հատվածում Թուրքիայի ռազմաքաղաքական ներկայությանը հակազդելու հարցում կիպրացի թուրքերին են միանում վերաբնակները։ Այսպիսով, կասկածի տակ է դրվում ներկայության նպատակահարմարությունը։ Այս ընթացքում Թուրքիան զգալիորեն զրկվում է ներկայության անհրաժեշտությունը Կիպրոսում թուրք բնակչության անվտանգությամբ պատճառաբանելու հնարավորությունից։

Ուրեմն հանրահավաքին թուրք վերաբնակների մասնակցությունը կարեւոր է թուրքական հատվածում Թուրքիայի նկատմամբ աճող դժգոհությանը համատարած բնույթ հաղորդելու առումով։ Ոչ պակաս կարեւոր է նաեւ այն, որ ցուցարարները Կիպրոսի վերամիավորման եւ Դենքթաշի հրաժարականի պահանջների կողքին, ըստ թուրքական թերթերի, առաջ են քաշել կողմերի միջեւ անհապաղ հաշտության հասնելու, կղզում խաղաղություն հաստատելու, ինչպես նաեւ Եվրամիության հետ ինտեգրացվելու կարգախոսներ եւ պահանջել են «մինչեւ փետրվարի 28-ը հասնել կիպրական հիմնահարցի կարգավորմանը»։

Այս պահանջը պատահական չէ եւ բխում է Կիպրոսի վերաբերյալ նոր բանաձեւից եւ հիմնահարցի կարգավորման ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Կոֆի Անանի նշանակած վերջնաժամկետից։ Ավելինՙ մարտի 1-ին Կիպրոսի Հանրապետությունն անդամակցում է ԵՄ-ին։ Սա նշանակում է, որ հիմնահարցը մինչեւ փետրվարի 28-ը չկարգավորելու դեպքում անդամակցությունը թուրքական հատվածի վրա չի տարածվելու։

Ուրեմն, ցուցարարների պահանջը լուրջ հիմքեր ունի։ Թուրքական թերթերը դա եւս ընդունում եւ զարմանքով վկայում են, որ ցուցարարների ձեռքին եղել են միմիայն Եվրամիության դրոշներ, ինչպես նաեւ պաստառներ, որոնց վրա գրված էին. «Միակ լուծումը ԵՄ-ին անդամակցությունն է», «Անհապաղ կարգավորում», «Կեցցե՜ Կիպրոսի Հանրապետությունը»։ Նույն աղբյուրների վկայությամբ, ցուցարարները դատապարտել են Բյուլենթ Էջեւիթին, որի անունն անմիջականորեն կապված է 1974 թ.-ին թուրքական զորքերի Կիպրոս ներխուժման հետ, եւ նա Թուրքիայում առ այսօր «Կիպրոսի նվաճող» է հորջորջվում։ Նրանք միաժամանակ վարչապետ Աբդուլլահ Գյուլին եւ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության գլխավոր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին գովերգող պաստառներ են բարձրացրել։

Ընդ որում հանրահավաքը կազմակերպվել է այն ժամանակ, երբ Թուրքիայի Ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի նախագահ Բյուլենթ Արընչն աշխատանքային այցով գտնվում էր «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունում»։ Հանրահավաքին Արընչի վերաբերմունքը չգիտենք, բայց որ նա «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության ներկայացուցիչն է, իսկ այդ կուսակցության իշխանությունները Կիպրոսի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձեւին դրական մոտեցում ցուցաբերելու պատճառով Թուրքիայում ենթարկվում են անընդմեջ քննադատությունների, ակնհայտ է։ Ուստի Էրդողանին եւ Գյուլին գովերգող պաստառներից հազիվ թե նա դժգոհեր։

Հանրահավաքի կազմակերպումն Արընչի այցի ժամանակ հատկանշական է։ Ինչ վերաբերում է Դենքթաշին, ապա նա հենց հանրահավաքի օրը հայտարարեց. «Թեեւ Կիպրոսի հիմնահարցի կարգավորման առնչությամբ որեւէ հանգրվանի հասնելու հույսերը քիչ են, բայց եւ այնպես բարի կամք են դրսեւորում եւ սկսում բանակցությունները»։ Հատկանշական է նաեւ հայտարարության զուգադիպությունը հանրահավաքին։ Դրանով Դենքթաշը փաստորեն անտեսում է ցուցարարների պահանջը։ Ըստ երեւույթին, Կիպրոսի թուրքական հատվածում ընդդիմությունն էլ նրան է անտեսում, որ, թուրքական հանրային հեռուստատեսության տվյալներով, բացահայտորեն սպառնում է խոչընդոտել որպես «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» նախագահ Դենքթաշի, կառավարության եւ խորհրդարանի հետագա գործունեությունը։

Կհաջողվի՞ ընդդիմությանը հասնել նպատակին, թե՞ ոչ, դժվար է ասել։ Բայց որ թուրքական հատվածի քաղաքական կուսակցությունները համախմբվել են ընդդեմ Դենքթաշի, ակնհայտ է։ Եթե նրանց միանա թուրք բնակչությունը, ապա Դենքթաշը կկանգնի փաստի առաջ։ Քանի որ նա Թուրքիայի դրածոն է, իսկ թուրքական «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության իշխանությունները Կիպրոսի հարցի կարգավորման առնչությամբ բախվում են բուռն հակազդեցության, ուստի Դենքթաշի հետ փաստի առջեւ են կանգնելու թուրքական այն քաղաքական ուժերը, որոնք կարգավորումը պայմանավորում են կղզու վերջնական մասնատմամբ։

Համենայն դեպս, երեկ ՄԱԿ-ի հովանավորությամբ սկսել են կողմերի միջեւ Կիպրոսի հարցի կարգավորման ուղղակի բանակցությունները։ Այդ ընթացքում Մեջլիսի նախագահ Արընչը վերադարձել է Անկարա։ Ենթադրվում էր, որ նա մամուլի ասուլիս կկազմակերպի։ Թվում է, թե ասուլիսում Արընչը կարտահայտի հանրահավաքի մասին իր վերաբերմունքը։ Իսկ դրա արձագանքները հնարավորություն կտան մեզ ամբողջացնելու Կիպրոսի հիմնախնդրի առնչությամբ Թուրքիայում առկա տեսակետների մասին մեր պատկերացումները։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4