«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#9, 2003-01-18 | #10, 2003-01-21 | #11, 2003-01-22


ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄՐՑԱՆԱԿԸՙ ՀԱՅԱԶԳԻ ՀԱԿՈԲ ԱԿԻՍԿԱԼԻՆ

Հոգեբանության համաշխարհային ասոցիացիան (ՀՀԱ) Ջին Դիլեյի անվան իր բարձրագույն մրցանակն անցյալ տարի շնորհել է Սան Դիեգոյի Կալիֆոռնիա համալսարանի «Տրամադրության միջազգային կենտրոնի» տնօրեն եւ հոգեբանության դոկտոր, պրոֆեսոր Հակոբ Սուրենի Ակիսկալին։ Այս մասին է գրում «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը, հավելելով, որ նրա թեկնածությունն առաջադրել են Ֆրանսիայի, Պորտուգալիայի եւ Ճապոնիայի ներկայացուցիչները, թեկնածությունը միաձայն պաշտպանել է 11 հոգուց բաղկացած հատուկ ժյուրին. Յոկոհամայում (Ճապոնիա) կայացած ՀՀԱ-ի 12-րդ համաշխարհային Կոնգրեսի օրերին 7 հազար գիտնականների, Ճապոնիայի գահաժառանգ իշխան Նարուհիտոյի եւ տիկնոջՙ իշխանուհի Մասակոյի ներկայությամբ մրցանակը հայազգի պրոֆեսորին է հանձնել ՀՀԱ-ի նախագահ, իսպանացի պրոֆեսոր Լոպես-Իբորը։

Հակոբ Ակիսկալի ծնողները պատմական Հայաստանից են։ Ինքը ծնվել է Բեյրութում եւ ավարտել 1961-ին ՀԲԸՄ-ի տեղի Հովակիմյան¬Մանուկյան վարժարանը։ Պատանեկան տարիներին արձակ նյութեր եւ բանաստեղծություններ է տպագրել «Շիրակ» եւ «Ահեկան» գրական պարբերականներում։ Այնուհետեւ խմբագրել է «Մեդիկուս» բժշկական ամսագիրը։ Բժշկության բնագավառում իր թեկնածությունն է պաշտպանել 1969-ին եւ հոգեբանության մեջ մասնագիտացել Թենեսիի եւ Վիսկոնսինի համալսարաններում (ԱՄՆ)ՙ հասնելով պրոֆեսորի աստիճանի։ Այնուհետեւ դարձել է «Տրամադրության խախտումների ծրագրի» տնօրենըՙ միաժամանակ համակարգելով իր գործունեությունը Մեմֆիսի բապտիստական հիվանդանոցի «Քնի խախտումների ծրագրի» կենտրոնի հետ։ Դեռ 1981-ին նա «Մ. Նահանգների 15 լավագույն հոգեբանների» ցուցակում էր։ 1190¬94 թթ. նա ծառայել է որպես «Մտավոր առողջության ազգային ինստիտուտի» (Վաշինգտոն) տնօրենի ավագ գիտական խորհրդատու։ 1997-ին նա հատուկ խորհրդականի պաշտոնն է զբաղեցրել առողջապահության համաշխարհային կազմակերպությունում (Ժնեւ, Շվեյցարիա)։ Համագործակցել է համանման հոգեբանական կենտրոնների հետ Փարիզում, Լիսաբոնում, Իտալիայում, Գերմանիայում, Բուդապեշտում, Տոկիայում, Կահիրեում, Ռիո դե Ժանեյրոյում եւ այլուր։ Նրա թեկնածությունը պաշտպանող նամակներից մեկում նշվում էր, որ «ֆրանսիական հոգեբանությունը ամբողջովին ակիսկալացված է»։ Նա հեղինակ է 400 գիտական աշխատությունների եւ 16 գրքերի, ինչպես նաեւ ավելի քան 100 հոդվածների ամերիկյան, ֆրանսիական եւ բրիտանական հանրագիտարաններում։ Ընդգրկվել է 25 ազգային եւ միջազգային հոգեբանական պարբերականների խմբագրական կազմում։ 1988-ի երկրաշարժից հետո կնոջՙ Քնարիկի հետ հոգեբանական վերականգնողական առաքելությամբ աշխատել է Հայաստանում։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4