«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#14, 2003-01-25 | #15, 2003-01-28 | #16, 2003-01-29


ՀԱԿԱԻՐԱՔՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԱՄՆ-Ի ՎԵՐՋՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ «ՄԵԾ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄՆ Է

Հունվարի 27-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը լսեց Իրաքում զանգվածային ոչնչացման զենքերի առկայությունն ստուգող տեսչական խմբի ղեկավարներ Հանս Բլիքսի եւ Մոհամադ ալ Բարադեյի զեկույցները։ Ստուգումների արդյունքում տեսուչները զենք չեն հայտնաբերել, ոչ էլ նրանց հաջողվել է դրա գոյությունն ապացուցող որեւէ փաստ ձեռք բերել։ Սակայն դա չի խանգարել Բլիքսին, որ նա Իրաքին մեղադրելու պատրվակներ որոնի, ընդգծելով, որ Բաղդադը փորձում էր խոչընդոտել ամերիկյան լրտես օդանավերի թռիչքները։

Ակամա հարց է ծագում, եթե լրտես օդանավերը հետախուզական թռիչքներ էին կատարելու, ապա ո՞րն էր Իրաք տեսուչներ գործուղելու նպատակը։ Ըստ երեւույթին, սադրիչ գործողությունների դիմելը եւ Իրաքի դեմ ռազմական գործողություններն սկսելու համար պատրվակ գտնելը, որ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջոն Նեգրոպոնտեն Բլիքսի նշած «թերացումները» բավարար հիմք համարեց եզրակացնելու. «Սադդամ Հուսեյնը ժամանակ շահելու համար շարունակում է կեղծել եւ խաբել։ Մինչդեռ ժամանակը սպառվում է»։ Նրա խոսքերը նույնությամբ կրկնեց ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելը։

Ուրեմն հարցն Իրաքում զանգվածային ոչնչացման զենքերի առկայություն չէ, այլ արաբական այդ պետության դեմ ռազմական գործողությունների դիմելու պաշտոնական Վաշինգտոնի նկրտումը։ Միջազգային դիտորդները դա պայմանավորում են նավթի գործոնով եւ Իսրայելի ազգային անվտանգությունն ամրապնդելու անհրաժեշտությամբ եւ չեն բացառում, որ հակաիրաքյան պատերազմի ավարտին Վաշինգտոնը շուտափույթ լուծում գտնի իսրայելա-պաղեստինյան հակամարտությանն ու նշանառության նոր թիրախ դարձնի Իրանի Իսլամական Հանրապետությունը։

Վերոհիշյալ հակամարտությունը լուծելու եւ Իրանը թիրախ դարձնելու ամերիկյան մտադրությունների հարցում կարելի է համաձայնել դիտորդների հետ։ Ինչ վերաբերում է նավթի գործոնին եւ Իսրայելի անվտանգությանը, ապա պետք է ասել, որ Պարսից ծոցում նավթի պաշարներն ուղղակի կամ միջնորդավորված ձեւով վերահսկում է ԱՄՆ-ը։ Իսկ հյուսիսային եւ հարավային թռիչքազերծ գոտիների ստեղծմամբ փաստորեն երեք մասի բաժանված Իրաքը, որ Ծոցի պատերազմից ի վեր գտնվում էր կաթվածահար վիճակում, հազիվ թե սպառնալիք հանդիսանա Իսրայելի համար։ Հատկապես այն դեպքում, երբ Թուրքիայի, Եգիպտոսի եւ Սաուդյան Արաբիայի պես երկրների թվին, որոնց տարածաշրջանային դերակատարության մեջ առանձնակի նշանակություն ունի Իսրայելի անվտանգությանը նպաստելու ամերիկյան առաջարկը, միացել է Հորդանանը։

Այլ կերպ, Իսրայելը անվտանգության խնդիր որպես այդպիսին չունի։ Քանի դեռ Մերձավոր եւ Միջին Արեւելքում ԱՄՆ-ին հաջողվում է միանձնյա ռազմական ներկայություն ապահովել, չպետք է ունենա։ Սակայն Իրաքն իր ազդեցության տակ վերցնելն ԱՄՆ-ի առաջնահերթ խնդիրն է։ Դրա լուծումը նրա առջեւ բացում է վերոհիշյալ ռազմական ներկայությունը տարածաշրջանում ոչ ամերիկյան կողմնորոշում որդեգրած երկրներում հաստատելու եւ այդ միջոցով լիարժեք դարձնելու հեռանկարը, որպեսզի հնարավոր լինի տարածաշրջան հասկացության մեջ ընդգրկել Անդրկովկասն ու Միջին Ասիան։

Այդ առումով պատահական չէ հակաաֆղանական պատերազմի ավարտին Աֆղանստանում ԱՄՆ-ի դիրքերի ամրապնդումն ու Վրաստանում, Ուզբեկստանում եւ Ղրղզստանում ամերիկյան ռազմական ներկայության ապահովումը։ Ելնելով Իրաքն ազդեցության տակ վերցնելու ամերիկյան առաջադրանքից, հակաիրաքյան պատերազմի դրդապատճառների առնչությամբ ամենեւին չի կարող պատահական լինել «Մեծ Մերձավոր Արեւելքի» ծրագիրը։

90-ական թթ. սկզբներին ՌԱՆԴ կորպորացիայի առաջ քաշած այս ծրագիրը, որը համապատասխանում է «աշխարհին ուղղություն տալու» ամերիկյան ռազմական դոկտրինային, պաշտպանություն է գտել Երուսաղեմի հրեական համալսարանի Հարրի Տրումենի անվան խաղաղության ինստիտուտի կողմից։ Դրա պաշտպանների թվում հանգամանքների բերումով հայտնվել է նաեւ Հորդանանի թագավորական գիտահետազոտական կենտրոնը։

Ծրագրին դեռեւս 96 թ. գարնանն «Ազգին» տված հարցազրույցում, ապա նաեւ մի շարք աշխատություններում բազմակողմանիորեն անդրադարձել է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմագիտության դոկտոր, պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանը։ Պարզապես նշենք, որ դրա մշակման հիմքում ԽՍՀՄ-ի փլուզումից հետո աշխարհաքաղաքական նոր մակրոտարածաշրջանի ձեւավորման այսպես կոչված անհրաժեշտությունն է։ Ծրագիրը ներառում է արաբական երկրներով, Իսրայելով եւ Պաղեստինի ինքնավարությամբ հանդերձ Մերձավոր Արեւելքը, Միջին Ասիան, Անդրկովկասը, ինչպես նաեւ Արեւմտյան Ասիայի այնպիսի երկրները, ինչպիսիք են Իրանն ու Թուրքիան։

Եթե Իրաքի դեմ ԱՄՆ-ի պատերազմը ենթադրում է տարածաշրջանում ուժերի հավասարակշռության փոփոխությունը, ինչպես նաեւ նոր դերի եւ տեղի բաշխումը տարածաշրջանային երկրներին, ապա «Մեծ Մերձավոր Արեւելքի» ծրագիրը նրանց ռազմավարական վերախմբավորման է ենթարկում։ Ուրեմն, հակաիրաքյան պատերազմի վերջնական նպատակը ծրագրի իրագործման անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն է։ Այլ կերպ, պատերազմի համար ԱՄՆ-ի պատճառներն ավելի լուրջ են։

Այս ամենը չի կարող չանդրադառնալ ինչպես տարածաշրջանի քաղաքական ճակատագրի, այնպես էլ տարածաշրջանային պետությունների միջազգային դրության եւ փոխհարաբերությունների վրա։ Սակայն սրանք առանձին խնդիր են եւ մասնավոր մոտեցումներ են պահանջում։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4