«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#19, 2003-02-01 | #20, 2003-02-04 | #21, 2003-02-05


ՌՈՒՄԻՆ ՊԱՏՄԱԲԱՆԸ ՀԱՅ ՆԿԱՐՉԻ ՄԱՍԻՆ

Վերջերս Բուխարեստի (Ռումինիա) «Արարատ» հրատարակչատունը լույս է ընծայել Միհայ Ռդուլեսկուի «Հրանդ» աշխատությունը, որն, ըստ այս լուրը հաղորդող Ռումինիայի հայոց միության «Նոր կյանք» երկլեզվյան ամսաթերթի, մեծ հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն հայ, այլեւ ռումին հասարակության համար։

Գրքի 275 էջերում պատմագետ հեղինակը, շնորհիվ իր ընտանեկան հարաբերությունների, մանրամասն ներկայացրել է բազմավաստակ նկարիչ եւ արվեստի գործերի նուրբ հավաքող հանգուցյալ Հրանդ Ավագյանին, որին Ռումինիայի նկարիչների միությունն իր շարքից վտարել էր համայնավար ռեժիմի օրերին։ Պարտադրված իրավիճակում նկարիչն իր պատյանի մեջ ներքաշվելով, իր միակ սփոփանքը գտել է Ֆունտեն լճի շրջանը նկարելու մեջՙ որոշ հոգեկան բավարարվածություն ստանալով դրանից։ «Նշումներ մահվան մասին» բաժնում (էջ 71¬83) հեղինակը նկարագրել է Հրանդ Ավագյանի կյանքի ամենաարյունալի պահերն Օսմանյան Թուրքիայի կառավարության իրագործած Ցեղասպանության օրերին, նշելով, որ 18 հազար հայերից, որոնք կենտրոնացած էին Մալաթիայում աքսորի համար, Դեր Զոր են հասել ընդամենը հազար հոգի։ Մահվան ճիրաններից ազատված Հրանդն, ապաստան գտնելով Ռումինիայի Բալչիկ քաղաքում, ծանոթացել է ռումին անվանի նկարիչ Ստերյատիի հետ, որը հետագայում մեծապես օժանդակել է նրան կատարելագործվելու նկարչական արվեստում։

Գրքում հայագետ եւ թարգմանիչ Միհայ Ռդուլեսկուն նաեւ ընդգրկել է հայ ժողովրդի հին ու նոր պատմությանը վերաբերող իր հեղինակած բազմաթիվ հրատարակությունները, որոնք առավել արժեքավոր են դարձնում հատորը։ Գրքի առաջաբանը գրել է Պետրոս Խորասանճյանը։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4