«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#24, 2003-02-08 | #25, 2003-02-11 | #26, 2003-02-12


ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ԵՎ ՄԵԾԱՐԱՆՔ

Վարդանանց զորավարաց

Ամերիկայի Հայաստանյայց եկեղեցու Արեւելյան թեմի հովանավորությամբ փետրվարի 27-ին նախատեսվում է Նյու Յորքի Սբ. Վարդան հայկական եկեղեցում մեծ շուքով նշել Վարդանանց տոնը։ Սուրբ պատարագը մատուցելու է հայր Սիմեոն Օդաբաշյանը։ Մասնակցելու են միջին ատլանտյան շրջանի Վարդանի ասպետներն ու դուստրերը։ Հոգեւոր երաժշտությունը հնչելու է մաեստրո Խորեն Մեյխանեջյանի ղեկավարությամբ։

Միջոցառումը, ըստ էլ. փոստով ստացված հաղորդագրության, շարունակվելու է երեկոյան ժամը 7։30-ին, թեմական համալիրի Հայկ եւ Ալիս Գավուքչյան դահլիճում, որտեղ խոսք է առնելու այդ առթիվ հատուկ հրավիրված դոկտ. Վարդան Աբդոն։ Նյու Ջերսիի Սեթոն Հոլ համալսարանի մաթեմատիկայի պրոֆեսորը քաջածանոթ է Ամերիկայի հայ հասարակությանը հատկապես որպես վարողը տեղական հայկական ռադիոժամի, որն այս օրերին տոնում է իր գոյության 25-ամյակը։

Երեկոն նշանավորվելու է նաեւ Սուրբ Վարդան մայր տաճարին կից գործող «Շուշի» հայկական պարի համույթի (գեղարվեստական ղեկավարՙ Սեդա Քանթարջյան) ելույթով։ Արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արք. Պարսամյանի հովանավորության ներքո գործող միջոցառումը կազմակերպող հանձնախումբը, հայր Մարտիրոս Չեւյանի ղեկավարությամբ, ամեն ինչ բծախնդրորեն մշակել է, որ հավուր պատշաճի անցնի ձեռնարկը։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4