«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#28, 2003-02-14 | #29, 2003-02-15 | #30, 2003-02-17


ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԹՇՆԱՄԱՆՔԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ՈՐՈՇ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐՈՎ

«Հայաստանի արտաքին քաղաքականության վրա անվիճելի է արտերկրի հայերի գործուն ազդեցությունը։ Դրա ցայտուն օրինակը հանրապետության նախագահն է, որը նույնպես դրսի հայերից է։ Ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանն, իբրեւ Ղարաբաղի բնակիչ, միջազգային նորմերի համաձայն շարունակում է մնալ Ադրբեջանի քաղաքացի»։

«Թուրքերի նկատմամբ ատելությունը հայության արյան մեջ է։ Հայ ազգայնամոլների կարծիքով, հայերի պատմական թշնամիներն են նաեւ հրեաները»։

«Քոչարյանի գլխավոր առանձնահատկությունն ագրեսիվ արտաքին քաղաքականության որդեգրումն է։ Իշխանության առաջին իսկ օրից Քոչարյանն ու նրա արտաքին գերատեսչությունը Ցեղասպանության հարցը մտցրել են օրակարգ եւ այդ առումով քաջալերել սփյուռքահայերին»։

«1991 թ. անկախացումից հետո Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի ազդեցության ոլորտում։ Ռուսաստանի հետ Հայաստանի սերտ համագործակցությունը խոչընդոտում է նրա որպես անկախ պետություն կայացմանը»։

«Երբ Մ. Նահանգները տարածաշրջանում սերտացնում են իրենց հարաբերություններն Ադրբեջանի ու Վրաստանի հետ, Հայաստանը հակառակ ուղղությամբ է ընթանում, իսկ դա սպառնում է նրա շահերին»։

«Չնայած երկրի առջեւ ծառացած խնդիրներին, ընդդիմության թուլության պատճառով զինված պայքարը իշխանության վրա ազդելու գլխավոր միջոցն է դառնում, իսկ դա վկայում է երկրում տիրող բռնության մթնոլորտի մասին»։

«Ագրեսիվ քաղաքականության հետեւանքով Հայաստանը շարունակ մեկուսանում է, եւ աճում են նրա հակասությունները տարածաշրջանի այլ երկրների հետ»։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուրջ խոչընդոտ է Հայաստանի տնտեսական զարգացմանն ու ներքաղաքական կայունությանը»։

Մենք այս տողերը չենք քաղել հհշական թափթփուկների ճառախոսությունից կամ նախագահական թեկնածուների նախընտրական ելույթից։ Ոչ էլ պնակալեզի բնազդով այդ թափթփուկներին ծառայող հհշամետ թերթերից։ Քանի որ գործող նախագահի վարկաբեկման նպատակն ընդհանուր էՙ նկրտումների ընդհանրությամբ հանդերձ, ուստի այդ թերթերը, որոնց շարքը վերջերս համալրվեց պնակների տարբերությունից անկախ նույն բնազդով առաջնորդվող մեկ այլ թերթով, հհշական թափթփուկների հետ համանման մոտեցումներ ունեցող թեկնածուներին պաշտպանելու համար ջանք չեն խնայում։ Եվ չեն դադարում սրանց վայնասունները, որոնց իր ամենօրյա հաղորդումներով ոգեւորում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը։

Վերոհիշյալ ընդգծված նախադասություններն Անկարայում գործող Եվրասիական ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի Հայկական հետազոտությունների ինստիտուտի սայթից են։ Պատկանում են այդ ինստիտուտի աշխատակիցներ Սեդաթ Լաչիներին եւ Քամեր Քասըմին։ Եթե նախադասություններին հավելենք Ռոբերտ Քոչարյանի լեգիտիմությունը կասկածի տակ դնող, նրան անձնապես վիրավորող, նրա նկատմամբ անձնական թշնամանքը հայհոյանքի հասցնող ձեւակերպումները, աներեւակայելի ստերը եւ օտարին հաճոյանալու ստրկամտությունից բխող սադրանքներն ու կեղծիքները, ապա դրանք կարող էին միանգամայն վերագրվել ինչպես հհշական թափթփուկներին ու դրանց պնակալեզներին, այնպես էլ նախագահության վերոհիշյալ թեկնածուներին։

Թեկնածուներից մեկն ինքնակամ Հայաստանը փրկելու առաքելությունն է ստանձնել, բայց մոռանալով փրկիչների ամենազորության մասինՙ «Իզվեստիայում» հրապարակված հոդվածներն արժանիք է համարում եւ չի էլ ասում, որ «Իզվեստիայի» արժանիքն էլ Վագիթ Ալեքպերովի «Լուկօյլ» նավթային ընկերությունն է, որովհետեւ թերթը դա է վերահսկում։ Մյուսը երեւանցի տղա է, Քոչարյանից ամենեւին չի վախենում, «27»-ի գործը քննելու եւ բացահայտելու պատրաստակամությամբ պատրաստվում է գնդակահարել հինգին եւ նրանց հետեւում կանգնածներին։

Մեկ ուրիշը «ռիսկով տղա է», այն աստիճանի, որ առանց վախենալու պապենական օջախ է մտնում։ Թեեւ գնդակահարելու մասին լռում է, բայց եւ այնպես վճռականորեն հայտարարում, որ. «Քոչարյանի թիմակիցները չեն ներվելու», ապա եւ ավելացնում է. «Հենց էստեղով է սկսվելու Ռ. Քոչարյանի անօրինական իշխանության վերջը»։

Հաջորդ թեկնածուն վերոհիշյալներից բարեկրթությամբ եւ ներքին զսպվածությամբ էապես տարբերվում է։ Սակայն դա չի խանգարում, որ նրանց սատարողները ասպարեզ իջնեն եւ արյուն թափելու մասին խոսեն եւ ավելացնեն, որ «հարկ լինելու դեպքում իրենք դրան էլ կգնան, միայն թե ազատվեն ներկայիս իշխանություններից»։ Վերջինիս սատարողներից ոմանք էլ հայտարարում են. «Աստված մի արասցե, եթե նա դիմի բիրտ ուժով ընտրությունները կեղծելու մեթոդին, փետրվարի 20-ին Հայաստանում քաղաքացիական պատերազմ սկսելու, անհնազանդության կոչ անողներից մեկը ես եմ լինելու»։

Ժողովրդի անունից անընդհատ հնչող այս հոխորտանքները Հայաստանում ընտրարշավի շուրջ վախի եւ սարսափի մթնոլորտ ստեղծելու միջոցով ժողովրդի կամքին բռնանալու փորձեր են։ Դրանց առկայությամբ նախընտրական քարոզարշավը բռնության եւ արյունահեղության անարգել քարոզի բնույթ է ստանում։ Իսկ այդ քարոզչությանը լայնորեն արձագանքում են վերոհիշյալ թերթերը։ Քաղաքական որոշ կուսակցություններ, չառաջադրելով հանդերձ նախագահի ոչ մի թեկնածու, կանխավ հետեւություն են անում, թե «Քոչարյանը միայն կհաղթի ընտրակեղծիքներով», թերեւս դրանով էլ ազդում ընտրությունների ընթացքի վրա։

Այլ կերպ, բացի Քոչարյանի նկատմամբ ընդգծված թշնամանքից, դեռեւս ընտրությունները չկայացած դրանց արդյունքները կասկածի ենթարկելու հարցում հհշական թափթփուկներն ու պնակալեզները միանում են միացյալ թեկնածու առաջադրելու առումով կատարելապես ձախողված «միացյալ ճակատի» թեկնածուներին։

Հատկանշական է, որ այս ամենը «վրիպում է», ինչպես Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի, այնպես էլ Երեւանի մամուլի ակումբի ուշադրությունից։ Եվ նրանք ընտրությունները լուսաբանելիս անաչառության մտավարժանքներով հարձակվում են այն լրատվամիջոցների վրա, որոնք չեն ձայնակցում բռնության եւ արյունահեղության կոչերին։ Քոչարյանի նկատմամբ թշնամանքը դառնում է անաչառության չափանիշը։ Ի դեպ, հարձակումների թիրախ է դարձել նաեւ «Ազգը», թե մի ամբողջ էջ նվիրել է սփյուռքահայերիՙ ընտրություններին վերաբերող տեսակետներին, իսկ դա Ընտրական օրենսգրքի խախտում է, քանի որ օտարերկրյա քաղաքացիներին արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել։

Ակամա հարց է ծագում, իսկ դեսպանների՞ն, որովհետեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանը եթե քարոզչություն չի կատարել, այնուամենայնիվ, ընտրությունների մասին չարաբաստիկ կանխատեսումներով Հայաստանի ներքին գործերին է միջամտել, ինչը եւս շրջանցվում է։ Դա հասկանալի է, ի վերջո նշված ինստիտուտն ու ակումբն անաչառ լինելու համար չէ, որ առատաձեռնորեն ֆինանսավորվում կամ դրամաշնորհներով առատորեն ֆինանսավորվելու հնարավորություն են ստանում։

Եվրասիական ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի Հայկական հետազոտությունների ինստիտուտը հայերի եւ Հայ դատի դեմ պայքարի պետական առաջադրանքով հարձակումներ է գործում Ռոբերտ Քոչարյանի վրա, որպեսզի արդարացնի Հայաստանի նկատմամբ Թուրքիայի թշնամական քաղաքականությունը։ Ինչ վերաբերում է գործող նախագահի նկատմամբ թշնամաբար տրամադրված մեր թեկնածուներին, ապա նրանք էլ առաջնորդվում են «Որքան վատ լինի Հայաստանի համար, այնքան լավՙ մեզ համար» սկզբունքով։ Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ առաջիկա ընտրություններում ձախողվելը նրանցից շատերի համար ճակատագրական է լինելու։ Ոմանք ստիպված հեռանալու են քաղաքական դաշտից։ Ահա թե ինչու նրանք Քոչարյանի նկատմամբ թշնամաբար են տրամադրվում եւ, կանխավ անօրինական են համարում դեռեւս չկայացած ընտրությունները։

Ակնհայտ է, որ ընտրությունների «անօրինականության» դեպքում նրանք ոչ միայն արդյունքները շահարկելու հնարավորություն են ձեռք բերում, այլեւ Քոչարյանի, այսպես կոչված, ոչ լեգիտիմության պատրանք ստեղծելու միջոցով միջազգային շահագրգիռ ուժերի ձեռքին Հայաստանի վրա ազդելու հավելյալ լծակ են տալիս։ Նպատակն այդ ուժերի աջակցությանն ապավինելն է։ Թերեւս ապավինելու ակնկալիքն է, որ ընդդեմ Քոչարյանի միավորում է բոլորին։ Այս պայմաններում թշնամանքը վերջիններիս համար դառնում է ընդհանուր նպատակ, եւ նրանք Քոչարյանի տապալման հարցում կամա թե ակամա տուրք են տալիս Անկարայում գործող նշյալ ինստիտուտին։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4