«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#29, 2003-02-15 | #30, 2003-02-17 | #31, 2003-02-18


ՀԲԸՄ-Ի ԱՆԴԱՄԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ

Նյու Յորքից էլ. փոստով ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ 1997 թվից ՀԲԸՄ-ի Սոֆիայի մասնաճյուղի վարչության անդամ, 25-ամյա իրավաբան Կատար Հակոբի Խաչիկյանը վերջերս դարձել է Բուլղարիայի 240 հոգանոց խորհրդարանի 2-րդ հայ պատգամավորը։

«Քինգ մուվմընտ» շարժման կողմից թեկնածու առաջադրվելովՙ նա 2001 թ. մասնակցել էր խորհրդարանական ընդհանուր ընտրություններին եւ զբաղեցրել 6-րդ տեղը համամասնական ցուցակում, որից միայն առաջին 5-ն էին ընտրվել պատգամավոր։ Մեկ ամիս առաջ այդ 5-ից մեկի փոխնախարար դառնալու առնչությամբ թափուր տեղը զբաղեցրել է արդեն անցյալ տարի պաշտոնապես որպես կուսակցություն գրանցված վերոհիշյալ շարժման 6-րդ թեկնածունՙ Կատար Խաչիկյանը։

Երիտասարդ իրավաբանը Սոֆիայի համալսարանի շրջանավարտ է։ Իրավագիտության բնագավառում թեկնածուական է պաշտպանել Բեռլինի Հումբոլտ համալսարանում։ Նախքան քաղաքականության ոլորտ մուտք գործելը նա աշխատել է եվրոպական ինստիտուտումՙ մասնագիտական տեխնիկական օժանդակություն ցուցաբերելով բուլղարական օրենքները Եվրամիության ուղենիշներին համապատասխանեցնելու գործում։ Ապա նախարարների խորհրդին կից գործել որպես խորհրդարանական պաշտոնյա, որի պարտականությունն է եղել համակարգել հարաբերությունները վարչապետի, նախարարների խորհրդի եւ խորհրդարանականների խմբավորումների միջեւ։ Հայերենից բացի տիրապետում է գերմաներենին, անգլերենին, ռուսերենին եւ բուլղարերենին։

Հ. Ծ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4