«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#33, 2003-02-20 | #34, 2003-02-21 | #35, 2003-02-22


ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԱՆՇՐՋԵԼԻ ՉԷ

Անցած տարվա տնտեսական ամենանշանակալի ցուցանիշներից էին (համախառն ներքին արդյունքի 12,9 տոկոս աճից հետո) արտաքին առեւտրի բացասական հաշվեկշռի նվազումը 48 մլն դոլարով եւ արտահանման աճն ավելի քան 160 մլն դոլարով (48 տոկոս)։ Նման ցուցանիշների առկայությունն, անշուշտ, չի կարելի չնկատել եւ տպավորիչ չհամարել։ Սակայն ասել, թե դա նշանակում է արմատական եւ անշրջելի գործընթաց տնտեսության մեջ, չի կարելի։ Եվ խոսքը միայն այն մասին չէ, որ արձանագրված ցուցանիշների բարերար ազդեցությունը բնակչության զգալի մասը դեռեւս չի զգում իր կյանքում։ Սրան բազմիցս ենք անդրադարձել։ Տվյալ դեպքում գործ ունենք տնտեսական զարգացման միտումների հետ ընդամենը։ Վերլուծելով արտահանման կառուցվածքը, այն եզրակացության ենք գալիս, որ իսկապես անշրջելի զարգացում են ապրում տնտեսության միայն 2¬3 ճյուղ։

Ովքեր են հիմնական արտահանողները

Առաջին տեղում ադամանդագործությունն է (ներառյալ ոսկերչությունը), ինչի շնորհիվ է մեծամասամբ աճում արտահանումը Հայաստանում։ 507 մլն դոլարի արտահանվող ապրանքներից այս ճյուղի բաժինն է 200 մլն դոլար կամ շուրջ 40 տոկոսը։ Անցյալ տարի հատկապես ադամանդագործության համար սրընթաց զարգացման տարի էր։ Նախորդ տարվա համեմատ արտահանումն աճեց ավելի քան կրկնակիՙ 96 մլն դոլարից հասնելով 200 մլն դոլարի։ Այսինքնՙ արտահանման ծավալների 160 մլն դոլարի ընդհանուր աճից 104 մլն դոլարն այս ոլորտինն է։ Այստեղ շարք մտան նոր ձեռնարկություններՙ «Ջեյ Սի Էյ», «Արեւակն» (իսրայելական «Տաշե» ընկերության) եւ ամենախոշորըՙ Թալինի «Դայմոթեքը», հիմնադրված բելգիական «Ռոզի բլյու» ընկերության կողմից։ Ստեղծվեցին 1500¬2000 նոր աշխատատեղեր։ Որ ադամանդագործությունը զարգանում է նման տեմպերով, ուրախալի է։ Սակայն, որ դա տեղի է ունենում միայն այստեղ եւ մյուս, անգամ աճ արձանագրած ճյուղերը զգալիորեն հետ են մնում, մտահոգիչ է։

Կարող ենք նշել, որ անշրջելի զարգացում ունի իր արտադրության եւ արտահանման ծավալներով երկրորդ տեղում գտնվող ճյուղըՙ հանքարդյունաբերության եւ շինանյութերի արտադրությունը։ Այս ոլորտում են գործում ինչպես օտարերկրյա, այնպես էլ տեղի խոշոր ներդնողները։ Դրանք են «Ռուսալը», AGRC-ն, «Հայկական պղինձ ծրագիրը», «Մաքուր երկաթի գործարանը», «Միկան» եւ այլն։ Անցյալ տարի դրան ավելացան շվեյցարական «Դենո», բելգիական «Ռոբերտո» ընկերությունները։ Պետական ձեռնարկությունների համար փայլուն օրինակ է Զանգեզուրի պղնձամոլիբդենային եւ նրա աջակցությամբ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատների հաջող գործունեությունը։ Ընդհանուր արտահանման ծավալների մեջ հանքարդյունաբերությանն է պատկանում մոտ 20 տոկոսը, որը գումարային արժեքով կազմում է 100-110 մլն դոլար։ Ընդ որում, անցյալ տարի արտահանման ծավալներն այստեղ ավելացել են մոտ 20 մլն դոլարով։ Նկատի ունենալով, որ տնտեսության այս ճյուղի հումքային բազան գտնվում է երկրի ներսում, խիստ արժեւորվում է հետագա զարգացումն այստեղ։ Կարեւորվում են նաեւ խտանյութի փոխարեն մաքուր մետաղների կամ դրանցից պատրաստված իրերի արտադրության կազմակերպումն ու զարգացումը, ինչը կնշանակի մեր բնական հարստությունների լիարժեք օգտագործում։

Այսպիսով, արտահանման ծավալների 160 մլն դոլար կազմող աճի հիմնական մասըՙ մոտ 125 մլն դոլար, ապահովել են տնտեսության երկու ճյուղեր։ Մնացած 35 մլն դոլարը բաշխված է մնացած բոլոր ճյուղերի մեջ, որտեղ առանձնանում են գյուղմթերքների վերամշակման եւ սննդարդյունաբերության ապրանքները։ Այստեղ եւս վերջին տարիներին զգալի առաջընթաց է արձանագրվել, ինչի արդյունքում ոչ միայն նվազել է սննդամթերքի ներմուծումը Հայաստան, այլեւ տարեցտարի ավելանում է արտահանումը։

Մյուսները տեղապտույտի մեջ են

Այսքանով դրականը սպառվում է։ Ժամանակին մեր արդյունաբերության ավանդական համարվող ճյուղերըՙ քիմիական արդյունաբերությունը, թեթեւ արդյունաբերությունը, մեքենաշինությունը, հաստոցաշինությունը, ռադիոէլեկտրոնիկան, սարքաշինությունը, չնայած արձանագրած որոշ հաջողություններին, ընդհանուր առմամբ տեղապտույտ են տալիս։ Արտահանման ծավալների մեջ նրանց դերը դեռեւս փոքր է։ 2002 թ. արտադրության ծավալների աճ այս ոլորտներում գրեթե չեղավ, իսկ որոշ դեպքերում նաեւ նվազում արձանագրվեց։

Թեթեւ արդյունաբերության մեջ արձանագրվեց արտադրության ծավալների ընդամենը 1,5 տոկոս աճ։ Եթե սրան ավելացնենք, որ համակարգում գործող 25 ձեռնարկությունները հիմնականում աշխատում են տոլինգով, այսինքնՙ ոչ թե սեփական արտադրանքն են վաճառում, այլ վճարվում են հագուստներ ձեւելու ու կարելու համար միայն, ապա պատկերն ավելի ամբողջական է դառնում։ Այստեղ ուրախալի տեղաշարժը կոշիկի արտադրության զարգացումն էր։ Սակայն ամեն դեպքում ակնհայտ է, որ զուգահեռներ անցկացնել թեթեւ եւ սննդի արդյունաբերությունների միջեւՙ չխոսելով արդեն ադամանդագործության կամ հանքարդյունաբերության մասին, անհնար է։

Քիմիական արդյունաբերության մասին 1¬2 տարի առաջ ամենաբարձր մակարդակով նշվում էր, որ ոլորտը դարձել է ինքնակառավարելի, իսկ նրա զարգացումնՙ անշրջելի։ Արտահանման ծավալների մեջ այդ տարիներին մեծ չափաբաժին ուներ քիմիական արտադրանքը, մասնավորապես կաուչուկը։ Սակայն անցյալ տարի, դժբախտաբար, քիմիական արդյունաբերությունը կտրուկ անկում ունեցավ։ Դադարեց գործել նոր-նոր վերագործարկված «Նաիրիտը», իսկ Վանաձորի «Պրոմեթեյ-խիմպրոմը» մի քանի անգամ գործարկվելուց եւ կանգ առնելուց հետո այդպես էլ կանոնավոր չաշխատեց։ Դա, իհարկե, իր պատճառներն ուներ։ Բրիտանական «Ռանսատ» ընկերությունը, ձեռք բերելով այս ձեռնարկությունները, չկարողացավ դրանք արդյունավետ շահագործել։ Այսպես թե այնպես, քիմիական արդյունաբերությունը հայտնվեց նույն մեկնարկային կետում, ինչը ցավալի է նաեւ այն պատճառով, որ մեծաթիվ աշխատատեղեր է ապահովում։ Սակայն հազարավոր մարդիկ դեռ նոր ձեռք բերած, զրկվեցին դրանցից։

Նույնն է պատկերը նաեւ մեքենաշինական համալիրում (ներառյալ հաստոցաշինություն, էլեկտրոնիկա, սարքաշինություն)։ Բավական է մեկ հաջող գործող ձեռնարկություն դադարի գործելուց, դա անմիջապես անդրադառնում է ամբողջ ճյուղի ցուցանիշների վրա։ 2002 թ. չի աշխատել «Ավիահամալիր» ԲԲԸ-ն (պատվերների բացակայության պատճառով), ինչի արդյունքում առանց այն էլ խղճուկ արտահանման ծավալներն այստեղ նվազել են 20 տոկոսով եւ կազմել մոտ 6 մլն դոլար։ Հարկ ենք համարում նշել, որ բագրատյանական սեփականաշնորհման ամենածանր հարվածը հենց այս ճյուղին հասցվեց, ինչի արդյունքում շուրջ 150 ձեռնարկություններ թալանվեցին եւ դադարեցին որպես այդպիսին լինել։

Կարծում ենք, որ հենց այս ճյուղերը, որոնք ապահովում են առավել մեծ թվով աշխատատեղեր, որոնք ունեն գործունեության ավանդույթներ մեր երկրում, առաջիկա տարիներին պետք է գտնվեն պետական հոգածության կենտրոնում։ Հնարավորինս արագ պետք է վերացնել դրանց զարգացման խոչընդոտները եւ ստեղծել գործունեության նպաստավոր պայմաններ։ Երբ այս ամենն իրականություն դառնա, երբ դադարի կախվածությունն արդյունաբերության 2¬3 ճյուղերից, այն ժամանակ արդեն կարող ենք խոսել տնտեսական զարգացման գործընթացի անշրջելի լինելու մասին։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4