«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2003-02-22 | #36, 2003-02-25 | #37, 2003-02-26


ՀԱՑԱԴՈՒԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԾ ՃԱՐՈՅԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՎԵՐՋ ՏԱԼ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻՆ

Երեկ «Ազգի» խմբագրությունը ստացավ առայժմ կալանքի տակ եւ հացադուլի մեջ գտնվող Հակոբ Ճարոյանի նոր հայտարարությունը։ Հիշեցնենք, որ նա ապօրինաբար կալանվել է Գեղարքունիքի մարզի դատախազության հարուցած անհիմն քրեական գործի հետեւանքով։ Հակոբ Ճարոյանն ընդամենը օգտվել է ցուցմունք չտալու իր իրավունքից (ՀՀ սահմանադրությունՙ 41, 42 հոդվածներ, ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքՙ 86, 63, 651 հոդվածներ), ինչը մարզի դատախազությունը համարել է աններելի հանցանք։ Արդյունքումՙ Ճարոյանի դեմ հարուցված քրեական գործի ավագ քննիչ Վարդան Ավետիսյանը պատճառաբանելով, որ նա կարող է խոչընդոտել նախաքննությանը, կալանավորելու միջնորդություն է ներկայացնում։ Մինչ այդ գործի քննությունը տանում էր մեկ այլ քննիչՙ Հովսեփ Սարգսյանը, որը փոխարինվեց, քանի որ Հակոբ Ճարոյանը մերժել է նրաՙ կաշառք տալու պահանջը եւ այդ մասին հայտարարել մամուլի ասուլիսի ժամանակ։

Ներկայումս Հակոբ Ճարոյանը զրկված է իրեն պաշտպանելու հնարավորությունից։ Նա հացադուլ է հայտարարելՙ պահանջելով Գեղարքունիքի մարզի դատախազությունից բաց դատավարության ժամանակ հիմնավորել իր դեմ քրեական գործ հարուցելու օրինականությունը։

Դիմելով զանգվածային լրատվության միջոցներին, իրավապաշտպան կազմակերպություններին, Հակոբ Ճարոյանը նշում է, որ ինքը համաձայն է դատվել ու պատիժ կրել, եթե հանցագործություն է կատարել, սակայն եթե դա այդպես չէ, ապա պատասխանատվություն պետք է կրեն նաեւ իրեն հասարակությունից մեկուսացնողները։ Նա կոչ է անում ուշադրության կենտրոնում պահել իր եւ Գեղարքունիքի մարզի դատախազության հակամարտությունը եւ թույլ չտալ, որ վերջինս կատարի նոր չարաշահումներ ու ապօրինություններ։

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4