«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#39, 2003-02-28 | #40, 2003-03-01 | #41, 2003-03-03


ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ, ԳՆԵՐԻ ԱՃԸՙ ԴԱՆԴԱՂԵԼ

Անշարժ գույքի շուկան այսպես է արձագանքել քաղաքական գործընթացներին

Քաղաքական անկայունության կամ ցնցումների արձագանքն անմիջապես արտացոլվում է տվյալ երկրի տնտեսական ցուցանիշների վրա։ Սա հայտնի ճշմարտություն է։ Անշարժ գույքի շուկան թերեւս առաջինն է զգում այդ իրադարձությունների ազդեցությունը։ Ինչպե՞ս է անդրադառնում ընտրական գործընթացը շուկայի վրա այժմ եւ ինչպիսի՞ն կլինի այդ ազդեցությունը առաջիկա ամիսներին։

Այս եւ ոլորտին առնչվող այլ հարցերի շուրջ զրուցեցինք ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանի հետ։

¬ Ես առիթ ունեցել եմ նշելու, որ անշարժ գույքի շուկայի կայացման վրա բավականին մեծ ազդեցություն է ունենում երկրի սոցիալ-քաղաքական կայունությունը։ Բնականաբար, ընտրությունները լուրջ քաղաքական գործընթացներ են, որոնց ժամանակ շուկայի մասնակիցներըՙ գնորդ, վաճառող, վարձակալ, վարձատու, ներդնող, գրավառու, գրավատու ինչ-որ տեղ զգուշանում են եւ սպասում ընտրությունների արդյունքներին։ Մեր երկրում նախագահական ընտրությունները գնացին երկու փուլով, ինչն իր ազդեցությունը թողեց։

Անցյալ տարվա դեկտեմբերի արդյունքների համեմատ դեռ հունվարին գործարքները նվազել են 39 տոկոսով։ Առկա է նաեւ, եթե չասենք գների լուրջ անկում, ապա աճի դանդաղում։ Գների տարեկան աճը 2002 թ.-ին 40¬50 տոկոս էր, ապա այսօր այդ աճը չի նկատվում։ Փետրվարին ավելի մեծ բացասական տարբերություն կունենանք։ Շուկան միայն առուվաճառքը չէ, դա նաեւ վարձակալությունն է, օտարումն է։ Հատկապես հիպոթեկային գործընթացը, երբ բանկերը եւ ֆինանսական կազմակերպությունները վարկեր են տրամադրում, որոշակի հետընթաց է ապրում։

¬ Ի՞նչ եք կարծում, ընտրությունների արդյունքն ինչպե՞ս կազդի շուկայի վրա։ Նշանակություն ունի՞ իշխանության փոփոխությունը։

¬ Կարծում եմ, որ նշանակություն ունի։ Դա կախված է նրանից, թե թեկնածուներից ով ինչպիսի ծրագիր է ներկայացրել։

Տնտեսական զարգացման կոնկրետ ծրագրեր ներկայացնող թեկնածուին ներդնողներն ավելի վստահությամբ են վերաբերվում։ Եթե իշխանության է գալիս մի թեկնածու, որի ծրագրային ձեւակերպումները հստակ չեն, ապա ներդնողները սկսում են մտածել։ Դա ինքնըստինքյան ազդում է շուկայի ձեւավորմանը, զարգացմանը, գործարքների քանակին եւ գների վիճակին։

¬ Այս գործընթացները ձեր կանխատեսմամբ ե՞րբ կհաղթահարվեն։

¬ Պարտվող կողմը գոնե ճիշտ պետք է գնահատի իրավիճակը։ Միտինգային գործընթացը միանշանակորեն բացասաբար է ազդում տնտեսության վրա։ Անցյալ տարի անշարժ գույքի գների աճման միտումը, գործարքների քանակի մեծացումը սոցիալական եւ քաղաքական կայուն վիճակի հետեւանք էին։ Այդ պատճառով, կարծում եմ, այժմ ստեղծված իրավիճակը կհաղթահարվի խորհրդարանական ընտրություններից հետո, որն անմիջապես հաջորդելու է նախագահական ընտրություններին։

Հուսով եմ, որ գործող նախագահի ընտրվելու պարագայում խորհրդարանական ընտրությունները կանցնեն առանց ցնցումների, քանի որ նա ունի շատ հստակ ծրագիր եւ նրա վարած քաղաքականության արդյունքում են առաջացել ներդրումային ծրագրերը։

¬ Նկատի ունենալով 2003 թ. ընտրությունների տարի լինելու հանգամանքը եւ դրա ազդեցությունն անշարժ գույքի շուկայի վրա, հավանական համարո՞ւմ եք, գոնե, 2002 թ.-ի մակարդակի պահպանումն այստեղ։

¬ Իմ կարծիքով, 2002 թ.-ի մակարդակը չի պահպանվի, որովհետեւ որքան էլ մենք դա ցանկանանք, այս երկու լրջագույն քաղաքական իրադարձություններն իրենց ազդեցությունը կթողնեն։ Միայն մեկ ամսվա ընթացքում, կրկնում եմ, մենք 39 տոկոս գործարքների թվի անկում ունեցանք։ Դա երեւի կավելանա փետրվար-մարտին։ Այս ամենը վերականգնելու խնդիրը կա։ Այստեղ շատ բան կախված կլինի պետական մարմինների ինտենսիվ ու արդյունավետ աշխատանքից, որպեսզի հասարակության տարբեր շերտերի մեջ վստահության քվեն մեր տնտեսության հանդեպ վերականգնվի։

Եթե լինեն լրջագույն ներդրումային ծրագրեր, այնպես, ինչպես դա եղավ աղետի գոտում, որը 1 տարվա ընթացքում կտրուկ փոփոխություններ բերեց, միգուցե այդ մակարդակին հասնենք։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4