«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#41, 2003-03-03 | #42, 2003-03-04 | #43, 2003-03-06


ՄԱՍԻՍՈՒՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՀԱՑՈՒՑԻՉ ԷՐ

Քվեարկությունն անցավ առանց իրավախախտումների

Մասիս քաղաքի ընտրողները նկատելի ակտիվություն էին դրսեւորել նաեւ ՀՀ նախագահական ընտրությունների առաջին փուլում, եւ ընտրություններում որեւէ խախտում չէր արձանագրվել։ Այս հանգամանքը հուսադրող էր երկրորդ փուլի համար, հիմք էր տալիս ենթադրելու, որ ընտրողների ակտիվության մակարդակն ու քվեարկությունների օրինականությունը կպահպանվեն։

Համոզվելու համար եղանք Մասիս քաղաքի երկրորդ ընտրական տարածքում, որտեղ ընտրական հանձնաժողովի նախագահ Աղասի Խաչատրյանը ասաց, որ ընտրողների ակտիվությունը մեծ է, եւ ընտրություններում որեւէ իրավախախտում չի արձանագրվել։ Պարոն Խաչատրյանը միաժամանակ տեղեկացրեց, որ քվեարկությանը հետեւելու համար Ռոյ Ուիլսոնի գլխավորությամբ ընտրատարածք են այցելել ԵԱՀԿ դիտորդները, որոնք միանգամայն բավարարված են ընտրությունների ընթացքից։

Ընտրական տեղամասի նախագահ Աղասի Խաչատրյանի վերոհիշյալ խոսքերը հաստատեց նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի վստահված անձ Ավետիս Ծատուրյանը։ Ի պատասխան մեր հարցի նա նշեց, որ ընտրությունները ընթանում են օրենքի շրջանակներում, թերություններ չեն նկատվել եւ միջազգային դիտորդները իրավախախտումներ չեն արձանագրել։

Այլ կերպ, պրն Ծատուրյանը, որպես Ստ. Դեմիրճյանի վստահված անձ, ժամը 12-ի դրությամբ ընտրությունների ընթացքից գոհ էր։ Ինչ վերաբերում է գործող նախագահ, նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի վստահված անձ Միշա Մխիթարյանին, ապա ասենք, որ նա ՀՌԱԿ «Մասիս» ակումբի ատենապետն է։

Պատասխանելով «Ի՞նչ աշխատանքներ եք կատարել առաջին փուլի թերությունները ձեր ընտրատարածքում շտկելու ուղղությամբ» հարցին, պարոն Մխիթարյանը միանշանակ ասաց. «Ոչ մի, քանի որ մեր ընտրատարածքում որեւէ թերություն չի եղել»։ Այնուհետեւ նա ընդգծեց, որ առաջին փուլում միջազգային դիտորդները ոչ մի իրավախախտում չէին արձանագրել։ Վերջում ընտրական հանձնաժողովի նախագահ Աղասի Խաչատրյանը հավաստիացրեց, որ Մասիս քաղաքի երկրորդ ընտրատարածքում իրավախախտումներ չեն լինելու։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4