«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#43, 2003-03-06 | #44, 2003-03-07 | #45, 2003-03-08


ԵՐԲ ԽՈՍՈՒՄ Է ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԸ, ՄԵՋԼԻՍՆ ԱՍԵԼԻՔ ՉՈՒՆԻ

Ամերիկյան զորքերը տեղակայվում են Թուրքիայի տարածքում

Մարտի 1-ին, երբ Թուրքիայի ազգային մեծ ժողովըՙ Մեջլիսը, մերժեց «Երկրի տարածքում ամերիկյան զորքերի տեղաբաշխման եւ հակաիրաքյան պատերազմի թուրքական զինված ուժերի մասնակցության մասին» կառավարական օրինագիծը, ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելը, հեռախոսակապի մեջ մտնելով վարչապետ Աբդուլլահ Գյուլի հետ, հույս էր հայտնել, որ այդ մերժումը չի անդրադառնա երկկողմ բանակցությունների վրա, եւ հավաստիացրել. «Մենք ըմբռնումով ենք մոտենում Մեջլիսի որոշմանը»։

Որ Պենտագոնը, անկախ Մեջլիսից, շարունակում էր բանակցությունները թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի հետ, միանգամայն հասկանալի էր։ Թերեւս անհասկանալին վերոհիշյալ որոշմանը պետքարտուղարի ըմբռնումով մոտեցումն էր։ Այն առումով, որ որոշումը բացառում է 62 հազար ամերիկացի զինծառայողի տեղակայումը Թուրքիայում, թուրքական ռազմաբազաների հագեցումը հակաիրաքյան պատերազմի համար նախատեսված ծանր տեխնիկայով, որը բեռնված էր Իսքենդերունի նավահանգստում բեռնաթափման սպասող ռազմանավերի վրա։

Այսպիսով, միանշանակ բացառվում էր Հյուսիսային Իրաք ներխուժելու համար երկրորդ ճակատի բացումը։ Մինչդեռ առանց դրա հակաիրաքյան պատերազմն ինքնաբերաբար երկարաձգվելու էր։ Անկախ երկարաձգման տնտեսական եւ քաղաքական անցանկալի հետեւանքներից, միանգամայն աճելու էին ամերիկյան բանակում ենթադրվող մարդկային կորուստներըՙ հարաբերական ցուցանիշը 11 տոկոսից հասնելով 38-ի։ Իսկ դա որպես Վիետնամի սինդրոմի վերականգնման սպառնալիք լրջորեն պետք է մտահոգեր Թուրքիայում ամերիկյան զորքերի տեղակայման օրինագծի մերժումն ըմբռնումով ընդունող Քոլին Փաուելին։

Սակայն Փաուելը քաջ գիտեր, որ այնպիսի կենսական խնդիրներում, ինչպիսիք Թուրքիայի տարածքում ամերիկյան զորքերի տեղակայումն ու Իրաքի դեմ ռազմական գործողություններին թուրքական զինված ուժերի մասնակցությունն են, վճռական խոսքի իրավունքը պատկանում է ոչ թե Մեջլիսին կամ կառավարությանը, այլ Ազգային անվտանգության խորհրդին, որտեղ առանցքայինը զինվորական իշխանության ներկայացուցիչների դիրքորոշումն է։

Այդ առումով ավելի քան առանցքային է թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի դիրքորոշումը։ Ահա թե ինչու շտաբի պետ, բանակի գեներալ Հիլմի Օզքյոքի մարտի 5-ի հայտարարությունն ուղերձի ներգործություն ունեցավ Անկարայի քաղաքական շրջանակների վրա։ Մինչ այդ երկրի տարածքում ամերիկյան զորքերի տեղաբաշխման օրինագծի համար վարչապետ Գյուլի կառավարության վրա հարձակումներ գործող պետական եւ կուսակցական գործիչները, պատգամավորներով հանդերձ, շրջադարձ կատարեցինՙ պաշտպանելով կառավարական օրինագիծը։

Ինչո՞ւ։ Որովհետեւ Օզքյոքն ասել էր. «Բանակն օրինագծի հարցում համամիտ է կառավարության հետ»։ Թվում էր, թե շուտով օրինագիծը Մեջլիսում քվեարկության կդրվի եւ կհաստատվի, այնուհետեւ կսկսվի ամերիկյան զորքերի տեղակայումը Թուրքիայի տարածքում։ Այսպիսով իրողություն կդառնա Իրաքի դեմ երկրորդ ճակատի բացումը։ «Ազգը» նախորդ համարում «Գեներալ Օզքյոքը կանաչ լույս է վառել Գյուլի կառավարության առջեւ» խորագրով հոդվածում տեղեկացրել էր վերջինի հայտարարության մասին։ Մարտի 7-ին էլ թուրքական կենտրոնական թերթերը տեղեկացրին, որ Իրաքի դեմ երկրորդ ճակատն արդեն բացված է։

Ինչո՞վ է դա բացատրվում։ Այդ հարցին սպառիչ պատասխան է տալիս «Սաբահը»ՙ մասնավորապես գրելով. «Թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օզքյոքի հայտարարությունից հետո Իսքենդերումի նավահանգստից սկսվեց ամերիկացի զորքերի ու ռազմական տեխնիկայի փոխադրումը։ Տեղակայման համար նախապատվությունը տրվում է ոչ թե Ինջիռլիքին, այլ Դիարբաքրի ռազմաբազային, ավտոշարասյուներն այդ ուղղությամբ են շարժվում»։ «Սաբահին» հավելեց «Ենի շաֆաքը»ՙ ընդգծելով, որ ամերիկյան զինվորները կենտրոնանում են նաեւ սահմանամերձ Մարդին քաղաքում։

Մինչդեռ Մեջլիսը երկրի տարածքում ամերիկյան զորքերի տեղաբաշխման որոշում չի կայացրել։ Սա նշանակում է, որ տեղաբաշխումը մերժելու նրա նախորդ որոշումն ուժի մեջ է։ Ինչպես երեւում է, Թուրքիայում գլխավոր շտաբի պետի խոսքը վեր է ամեն մի որոշումից։ Ուրեմն, թուրքական զինված ուժերն էլ պետք է Մեջլիսից վեր դասվեն։

Ինչ վերաբերում է կառավարությանը, ապա պետք է ասել, որ մարտի 9-ին Սղերդ քաղաքում նշանակված են պատգամավորական 3 տեղի համար միջանկյալ ընտրություններ։ Թեկնածուների թվում է իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ըստ ամենայնի, նա պատգամավոր կընտրվի։ Այսպիսով, Աբդուլլահ Գյուլը ստիպված կլինի վարչապետի պաշտոնը զիջել նրան։

Թե դա ե՞րբ տեղի կունենա, կամ դառնալով վարչապետ Էրդողանը հարկ կհամարի՞ Մեջլիսում կրկին քվեարկության դնել կառավարական օրինագիծը, ցույց կտա ժամանակը։ Բայց որ այս անգամ պատգամավորները, կանգնած լինելով երկրում ամերիկյան զորքերի տեղաբաշխման փաստի առջեւ, հազիվ թե օրինագծին հակադրվեն, ենթադրելի է։ Այդ առումով պատահական չէին օրինագծի մոլի հակառակորդներից Մեջլիսի նախագահ Բյուլենթ Արընչի խոսքերը. «Ես վստահում եմ պատգամավորների ողջամտությանը։ Նրանք կանեն այն, ինչ անհրաժեշտ է երկրի համար։ Կառավարությունն էլ պետք է Մեջլիսին վստահի»։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4