«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#50, 2003-03-15 | #51, 2003-03-18 | #52, 2003-03-19


ԵԹՈՎՊԱՀԱՅ ԳԱՂՈՒԹՆ ԱՆՄԽԻԹԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ

Հայրենի կառավարության համապատասխան մարմինների ուշադրությանը ներկայացնելու նպատակով խմբագրությունը ինտերնետային ցանցով ստացել է մի ահազանգ-նամակ եթովպահայ գաղութի անմխիթար վիճակի մասին։ Նամակի հեղինակն է Սաբրինա Ավագյանը, որն իր հոր մահվան առնչությամբ որոշ ժամանակ բացակայելուց հետո վերադարձել է Եթովպիա եւ այն, ինչի ականատեսն է եղել, ցնցել է նրան։ Բայց լինելով համայնքում հայտնի եւ ակտիվ մի անձնավորության դուստրը, Սաբրինան չի հանդուրժել այդ բոլորը եւ որոշել է ձայնը լսելի դարձնել ոչ միայն եթովպահայ գաղութում, հույս ունենալով որոշակի լուծումներ գտնել տխուր երեւույթներին։

Առաջին մեծ ցնցումը Սաբրինան ստացել է տեղի հայկական գերեզմանատանը, որը բարձիթողի եւ անմխիթար վիճակում է եղել։ Ջարդված գերեզմանաքարեր, ժանգոտած ցանկապատեր, մոլախոտեր եւ աղբակույտեր չորս բոլորը։

«Կարիք չկար հեռու գնալու տեսնելու համար, թե ինչպես են այլ համայնքների ներկայացուցիչները հոգ տանում իրենց հարազատների շիրիմներին։ Անմիջապես հայկականի կողքին գտնվող բրիտանական, իտալական եւ հունական համայնքների գերեզմանները մաքուր եւ խնամքով պահպանված էին», գրում է նա ամոթի զգացումով։ «Մի՞թե հայկական համայնքն այնքան աղքատ է, որ չի կարող բարեկարգ վիճակում պահպանել իր նախնիների հողաթումբերը», հարցնում է նա արդարացիորեն։

Եվ անմիջապես անցնում երկրորդ հարցին, որն էՙ համայնքի ֆինանսական անճշտությունները։

Սաբրինան տեղեկացել է, որ եթովպական բանկերից մեկում հայկական համայնքի հաշվին ներկայումս գոյություն ունի ընդամենը 1 միլիոն բիր, որը հավասար է 120 հազար ամերիկյան դոլարի։ Այդ գումարը գոյացել է վերջին երկու տարում երկրի տնտեսական չափազանց ծանր պայմաններում։

«Իսկ որտե՞ղ են նախորդ տարիների եկամուտները, երբ պայմաններն առավել նպաստավոր են եղել», դարձյալ արդարացիորեն հարցնում է Սաբրինան եւ պատասխանում, որ ցարդ ոչ մի հաշվապահական ստուգում չի անցկացվել։ Հայրը երկար ժամանակ պայքարել է այդ առնչությամբ, բայց, դժբախտաբար, նրան չի հաջողվել։ Իսկ փաստ է, որ համայնքն իր նախկիններից եկամուտի աղբյուրներ հանդիսացող կառույցներ ժառանգել է։ Դրանցից արժե նշել Ադիս Աբեբայում օտար շրջանակներին ծանոթ «Հայկական ռեստորան-ակումբը», հայկական դպրոցը, որն ավելի քան 2000 աշակերտ ունի, եւ հայկական եկեղեցին, որը նաեւ վարձով է տրվում օտարազգիներին հարսանիքներ անցկացնելու նպատակով։ Բացի այս ամենից, Եթովպիայի կառավարությունն ամսական կտրվածքով վարձահատույց է լինում իր կողմից պետականացված կառույցների դիմաց։

Սաբրինան հաճելիորեն զարմացել է իմանալով, թե հայկական համայնքի ձեռքում շարունակում են մնալ հողատարածքային սեփականություններ, որոնք վկայում են երկրում երբեմնի բարգավաճ համայնքի մասին։ Սակայն նրան վշտացրել է այն փաստը, որ վերջին տարիների համայնքի առաջնորդներից ոմանք հանդգնել են համայնքի կանոնադրության մեջ կատարել փոփոխություններ, որոնք թույլատրում են համայնքային սեփականությունների վաճառքն առանց համայնքի վարչական մարմինների անդամների համաձայնության։

Այդ «ոմանց» հայտնաբերելու պրպտումները Սաբրինային դեմ առ դեմ են կանգնեցրել մի ընտանիքի հետ, որի անդամները տարիներ շարունակ հեռու են մղել բոլոր նրանց, ովքեր առնչություն չեն ունեցել «իրենց» ընտանիքի հետ։ Դժբախտաբար նա չի նշում այդ ընտանիքի անունը, սակայն փոխարենը հիշատակում է բոլոր նրանց անունները (մեծ մասը հաջողակ գործարարներ), ովքեր ընտրվել են համայնքի վարչական մարմիններում նոր ավյուն եւ բարեփոխումների նոր հույս բերելու նպատակով, սակայն հրաժարական են տվել չկարողանալով աշխատակցել այդ ընտանիքի հետ։ Նրանց թվում են եղել Տ. Կարապետյանը, Հ. Վարժապետյանը եւ Վ. Կարիբյանը։ Նրանցից առաջ Է. Գեւորգյանը, Թ. Կյորաջյանը, Ա. Իսկենդերյանն ու Սաբրինայի հայրը քանիցս պահանջել են աուդիտորական ստուգումներ անցկացնել համայնքներում 1990-ական թվականների հաշիվների համար, բայց միշտ մերժվել են։ Այժմ որոշ հաստատակամության շնորհիվ նրանցից մի քանիսին հաջողվել է դատական հայց հարուցել այդ ընտանիքի դեմ։

Սաբրինային մտահոգող հարցերից կարեւորագույնը թերեւս այն է, որ համայնքային նյութական միջոցները չեն ծառայում նույն համայնքի չքավոր խավի կարիքները հոգալու նպատակով։ Համայնքի հոգսերով մտահոգ ազնիվ եթովպահայեր նաեւ Ս. Էջմիածնից պահանջում են կարող եւ ունակ կղերականի նշանակումը որպես համայնքի հոգեւոր հովիվ։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4