«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#52, 2003-03-19 | #53, 2003-03-20 | #54, 2003-03-21


ԱՐՇԱԿ ԱԼՊՈՅԱՃՅԱՆԻ «ԻՐԱՔԻ ՀԱՅԵՐԸ» ԳԻՐՔԸ

Անչափ հետաքրքրական մի հրատարակությամբ է հանդես եկել Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտըՙ Մատենադարանը։ Իրաքի հայոց առաջնորդարանի մեկենասությամբ տպագրվել է բազմավաստակ պատմաբան Արշակ Ալպոյաճյանի «Իրաքի հայերը» աշխատասիրությունը։ Գիրքը խմբագրել եւ հրատարակության է պատրաստել Վարդան Գրիգորյանը։

Գիրքը նվիրված է Իրաքի հայերի մինչ այսօր չուսումնասիրված պատմությանըՙ հնագույն ժամանակներից մինչեւ անցյալ դարի 40-ական թթ.։ Այս աշխատությունը գիտական լուրջ պրպտումների արդյունք է։ Հեղինակը, որն իր աշխատությունը գրել է Համաշխարհային երկրորդ պատերազմի տարիներին, լուրջ քննական գործ էՙ Իրաքում բնակություն հաստատած հայերի կյանքի, առանձին-առանձինՙ ըստ բնակության վայրերի, հայկական օջախների մասին։ Ամբողջությամբ լուսաբանված են իրաքահայերի մտավոր կյանքի, դպրոցների, կրթական ու մշակութային ընկերությունների պատմությունը։

1965 թ., ինչպես նշված է Վարդան Գրիգորյանի ներածականում, անվանի գիտնական, մանկավարժ եւ հասարակական գործիչ Արշակ Ալպոյաճյանի արխիվը, նրա կտակի համաձայն, տեղափոխվում է Երեւան եւ հանձնվում Մաշտոցի անվան Մատենադարան։ Դիվանական վավերագրերի բաժնում ստեղծվում է «Արշակ Ալպօյաճեան» ֆոնդը, որում տեղ գտան գիտնականի տպագրված ու անտիպ աշխատությունների ձեռագրեր, նամակներ, զանազան փաստաթղթեր, լուսանկարներ, կտրոններՙ թերթերից, ուրիշ նյութերՙ 8676 միավոր։ Անտիպ գործերի մեջ էր նաեւ Ա. Ալպոյաճյանի «Իրաքի հայերը» աշխատությունը, որում հեղինակը մտադրվել էր պատկերել Իրաքի հայերի ողջ պատմությունը մինչեւ մեր օրերը։ Ավաղ, տարբեր պատճառներով, կիսատ էր մնացել մեծավաստակ գիտնականի մտահղացումը։ Սակայն ներկայացված վիճակով էլ աշխատությունն անչափ կարեւոր դրվագ է հայոց սփյուռքի ամբողջական պատմությունը լրացնելու համար։

Աշխատության պատմագրական մասը սկսված է դեռեւս Քրիստոսից առաջ 19-րդ դարից, երբ Միջագետքի այս յուրօրինակ երկրի հետ շաղկապվում է հայոց պատմությունը։ Ապա թվարկվում են մեր ու օտարազգի մի շարք պատմաբանների աշխատություններ, որոնցում խոսվում է Իրաքում հայերի բնակության ու գործունեության մասին։ Բաղդադ, Բասրա, Մոսուլ, Քերքուք, Համադան... Մեծ ու փոքր քաղաքներ, որտեղ բնակություն են հաստատել հայերը, դարձել հայ մշակույթի, հոգեւոր կյանքի հզոր կենտրոններ։ Եվ միայն Արշակ Ալպոյաճյանի ուսումնասիրության շնորհիվ մենք բազմաթիվ կարեւոր տեղեկություններ ենք քաղում այս հայ գաղթօջախի մասին։

Իր 80-ամյակի կապակցությամբ բազմավաստակ գիտնականն ասել է. «Իմ մեծագոյն իղձս է մինչեւ կեանքիս վերջին օրը հաւատարիմ մնալ յաւիտենական ուսանողութեան ուխտիս, եւ ըստ մօրս պատուերին միշտ աշխատիլ, հոգ չէ թէ այդ աշխատանքը պարապի իսկ երթայ։ Ինծի համար մեծագոյն բախտաւորութիւնը պիտի ըլլայ, եթէ մահը զիս գտնէ գլուխս սեղանի մը վրայ հակած եւ գրիչը ձեռքս»։

Այդպես էլ եղավ։ 1962 թ. հունիսի 24-ին երեկոյան ժամը 7-ին Արշակ Ալպոյաճյանը մարեց Մաթարիոյի իր բնակարանումՙ աշխատելու ժամանակ։ «Իրաքի հայերը» գիրքը Ռամկավար գիտնականի հիշատակի տուրքն է։ Ու նաեւ հենց այս օրերի համար պետքական աշխատություն է, երբ Իրաքը ճակատագրական վիճակում է, եւ իրաքահայերի հետագա վիճակը շատ անորոշ է։

Ս. ՄԵԼՔՈՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4