«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2003-03-22 | #56, 2003-03-25 | #57, 2003-03-26


ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐԻ ԱՌԱՏԱՁԵՌՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Վաշինգտոնում իր ակտիվ գործունեությամբ հայտնի ամերիկահայ գործարար Ջեյմս Քեշիշյանը հայկական հին գորգերի իր եզակի հավաքածուն նվիրել է Վաշինգտոնում բացվելիք Հայոց ցեղասպանության թանգարան-հուշակենտրոնին, տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարի Ազգային ինստիտուտի լրատվական գրասենյակից ստացված հաղորդագրությունը։ Հավաքածուն, որը գնահատվում է մոտ 1 մլն դոլար, ընդգրկում է ավելի քան 100 նախշավոր գորգեր, որոնց մի մասը Ցեղասպանությունը վերապրած հայուհիների ձեռքի գործն է։

Քեշիշյանը, որը Չեւի Չեյսում (Մերիլենդ) գորգագործությամբ է զբաղվում, հայկական գորգերի ճանաչված մասնագետներից է եւ արվեստի նրբությունները սովորել է իր հորիցՙ Մարկ Քեշիշյանից։ Վերջինս առաջին անգամ Լոնդոնում է բացել «Քեշիշյան արեւելյան գորգերի» վաճառատունը, իսկ տնտեսական լճացման տարիներին տեղափոխվել է Մ. Նահանգներ, որտեղ իր հաճախորդների թվում են եղել Սպիտակ տան պաշտոնյաներ։ Ջեյմսն ընդլայնել է ընտանեկան բիզնեսը եւ 1980-ին հիմնել Հայկական գորգերի ընկերությունըՙ ուսումնասիրություններ կատարելու եւ փաստական տվյալներ հավաքելու նպատակով։ 1994-ին հրատարակել է իր հեղինակած գիրքը հայկական գորգագործության մասին։ Մոտ 30 տարի նա եղել է Հայկական համագումարի հոգաբարձուների թվում եւ մարտի 1-ին այդ վարչության կազմակերպած ընդունելության ժամանակ ջերմ գնահատանքի է արժանացել իր առատաձեռն նվիրատվության համար։

«Հայկական համագումարի, Հայ ազգային ինստիտուտի եւ Հայոց ցեղասպանության թանգարան-հուշակենտրոնի անունից խորին շնորհակալություն ենք հայտնում այս արտակարգ նվիրատվության եւ Հայաստանին ու հայ ժողովրդին անսակարգ նվիրվածության համար», նշել է Ազգային ինստիտուտի կառավարիչների վարչության նախագահ Ռոբերտ Գալստյանը։ Քեշիշյանը շնորհակալություն հայտնելով ավելացրել է, որ հավաքածուն սիրո արդյունք է եղել, եւ ուրախ է, որ այսուհետեւ այն ապաստան կգտնի Վաշինգտոնի Հայոց ցեղասպանության թանգարանում։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4