«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#62, 2003-04-02 | #63, 2003-04-03 | #64, 2003-04-04


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՕԳՆԵԼՈՒ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՁԵՎ

Համապատասխանաբար վեց եւ չորս տարեկան դարձած Արա եւ Արմեն Գասպարյաններն այս տարի պատրաստակամությամբ եւ հաճույքով են արձագանքել իրենց մորՙ Անիի նախաձեռնությանըՙ խնդրել ընտանիքի մոտիկ ազգականներին ու բարեկամներին նվերների փոխարեն երեխաների տարեդարձի առթիվ գումարներ հավաքել ու փոխանցել Հայ օգնության ֆոնդի (FAR) երեւանյան գրասենյակի երեխաների հիմնադրամին, տեղեկացնում է Նյու Յորքից էլ. փոստով ստացված հաղորդագրությունը։

Նրանք այդ միջոցով կարողացել են 2300 դոլար հավաքել եւ մտադիր են ամբողջ տարվա ընթացքում ուրիշ ընտանիքների նմանօրինակ տոնակատարությունների առթիվ ձեռք բերված գումարներով այդ թիվը զգալիորեն բազմապատկել եւ հատկացնել Հայաստանի երեխաներին։

Այն հարցին, թե արդյոք դրանից ամերիկահայ երեխաները չե՞ն տուժում, Անի Գասպարյանը պատասխանել է, որ առաջվա նման նրանք ստանում են իրենց փաթեթավորված, ճիշտ է, միգուցե ավելի համեստ նվերները, որոնցից արդեն «հագեցած» պետք է լինեն։ Փոխարենը նրանք սովորում են օգնել ուրիշներին, որոնք կարիք ունեն այդ օգնության։ Իսկ դրանով նաեւ առաջիկայում կարող է ստեղծվել այն կամուրջը, որով այդ երեխաները կկարողանան կապ հաստատել իրենց հայաստանյան քույրերի ու եղբայրների հետ։ Նա նաեւ ավելացրել է, որ այդ որոշմանը մասնակցել են նաեւ իր երեխաներըՙ Արան ու Արմենը։

Ավելացնենք, որ 15 տարվա ընթացքում Հայ օգնության ֆոնդը, ըստ ստացված հաղորդագրության, ավելի քան 200 մլն դոլարի բարեգործական ծրագրեր է իրագործել ՀՀ-ում եւ Արցախում։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4