«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#62, 2003-04-02 | #63, 2003-04-03 | #64, 2003-04-04


ԴԵՆՔԹԱՇԻ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ»

Կղզու վերամիավորմանն ուղղված Կոֆի Անանի ջանքերի տապալման համար մեղավոր ճանաչվելուց խուսափելու հուսահատ քայլեր գործադրելով, Կիպրոսի թուրքական զավթյալ հատվածի առաջնորդ Ռաուֆ Դենքթաշը վեց կետից բաղկացած «խաղաղության մի ծրագիր» է մշակել, որն, իր խոսքերով, կարող է «առաջնորդել աշխատանքային հարաբերություններ հաստատելու բանակցությունների եւ խորհրդատվությունների միջոցով»։ Այս մասին Նիկոսիայից տեղեկացնում է մեզ «Ազգի» հատուկ թղթակից Ջորջ Տեր-Բարթողը, ավելացնելով, որ այդ առթիվ Դենքթաշը մամուլի ասուլիս է հրավիրել եւ հայտնել, որ ծրագրի օրինակներ է ուղարկել Կիպրոսի նախագահ Թասոս Պապադոպուլոսին եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Կոֆի Անանին։

Ծրագրի ներկայացումը չէր կարող ավելի լավ հաշվարկված լինել։ Դա արվել է ՄԱԿ-ի ջանքերի ձախողման վերաբերյալ պաշտոնական զեկուցագրի հրապարակումից մեկ եւ Կիպրոսի Եվրամիության անդամ դառնալու պայմանագիրը ստորագրելուց երկու շաբաթ առաջ։ Դրանում Դենքթաշն առաջարկում է կղզու արեւելյան մասում գտնվող Վերոշիա քաղաքի վերահանձնման փոխարեն Կիպրոսի կառավարությունից ստանալ իր տարածաշրջանի նկատմամբ առեւտրական արգելքների վերացման խոստում։ Նա նաեւ շրջանցելով ՄԱԿ-ի ջանքերը, առաջ է քաշում երաշխավոր երկրներիՙ Բրիտանիայի, Հունաստանի եւ Թուրքիայի մասնակցությամբ հինգ շահագրգիռ կողմերի համագումար հրավիրել քննարկելու կղզու հարցը։ Փաստորեն, նա դրանով թուրքական առաջարկ է հակադրում ՄԱԿ-ի խաղաղասիրական ջանքերին, մի բան, որ ընդունելի չի կարող լինել սոսկ այն պատճառով, որ այդ «երաշխավոր» երկրներից մեկըՙ Թուրքիան հենց կղզու մեկ երրորդ մասը զավթողն է, իսկ մյուսըՙ Բրիտանիան այդ զավթման լուռ վկան, որը թուրքական ներխուժումը չկանխելով պատճառ դարձավ, որ կղզու հույն բնակչության մեկ հինգերորդ մասը դառնա փախստական իր իսկ երկրում։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4