«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#68, 2003-04-10 | #69, 2003-04-11 | #70, 2003-04-12


ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԿԼԻՆԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ

Առաջիկա երեք տարիներին անցում կկատարվի Հայաստանում անշարժ գույքի գրանցման ավտոմատացված համակարգին։ Այդ նպատակով Շվեդիայի միջազգային զարգացման գործակալությունը տրամադրել է 1 մլն դոլար դրամաշնորհ։ Պայմանագիրը, համաձայն որի տրամադրվում է դրամաշնորհը, կնքվեց երեկՙ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանի եւ Շվեդիայի կադաստրի պետական «Սվիդսրվեյ» ընկերության ներկայացուցիչ Օկե Օլսոնի կողմից։ «Կադաստրի համակարգի զարգացումը Հայաստանում» ծրագիրը սկսել է իրագործվել 1999 թ.։ Ծրագրի առաջինՙ եռամյա փուլում աշխատանքներն ուղղված էին Հայաստանում գեոդեզիական ցանցի ներդրմանըՙ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները, հողերի միավորմանը եւ խոշորացմանը, անշարժ գույքի գնահատման շուկայական մեթոդների ներդրմանը։ Առաջին փուլին հատկացված դրամաշնորհը մոտ 600 հազար դոլար էր։

Ծրագրի երկրորդ փուլը, ինչպես արդեն նշվեց, ուղղված է լինելու անշարժ գույքի գրանցման ավտոմատացմանըՙ համակարգչային ձեւով։ Դա նշանակում է, որ եթե նախկինում գործընթացը կատարվում էր 15 օրում, այժմՙ 3 օրում, ապա այս դեպքումՙ մեկ օրում կամ մի քանի ժամում։ Տեղեկության տրամադրումը նույնպես ժամերի խնդիր կլինի։ Կնվազեն նաեւ այդ ծառայությունների սակագները, քանի որ կիջնի դրանց ինքնարժեքը, աշխատակազմն ավելի փոքր կլինի, թղթատարությունը կվերանա։ Այս տարվա ընթացքում ավտոմատացված համակարգը կներդրվի կադաստրի շուրջ 20 տարածքային ստորաբաժանումներում։ Ամբողջությամբ ներդնելուց հետո կստեղծվի համընդհանուր տեղեկատվական ցանց, որը հնարավորություն կտա անշարժ գույքի վերաբերյալ ցանկացած տեղեկություն ստանալՙ առանց կադաստրի տարածքային ստորաբաժանում գնալու։

Պայմանագրի ստորագրման արարողությունից հետո անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահն, անդրադառնալով ոլորտի կացությանը, նշեց, որ շուկայում արձանագրվել է գների աճՙ հատկապես մայրաքաղաքի Կենտրոն եւ Արաբկիր համայնքներում։ Անշարժ գույքի գներն Արարատյան դաշտում կայունացել են։

Շվեդական կողմի ներկայացուցիչը ներկայացրեց անշարժ գույքի կառավարման շվեդական ավտոմատացված համակարգը։

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4