«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#73, 2003-04-17 | #74, 2003-04-18 | #75, 2003-04-19


ԱՐԺԱՆԻ ԳՆԱՀԱՏԱՆՔ

Չաք Փուչիկյանըՙ 2003 թ. «Տարվա մարդ»

Առ ի գնահատանք տարիների իր համեստ եւ անբասիր գործունեության ու ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու շուրջ վերջերս Կալիֆոռնիայի սենատի օրինագծի հաստատման գործում ունեցած մեծ դերակատարության, Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն 2003 թ. «Տարվա մարդ» է հռչակել նահանգային սենատոր Չաք Փուչիկյանին, տեղեկացնում է էլ. փոստով ստացված հաղորդագրությունը։

Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել տեղի Սուրբ Երրորդություն եկեղեցու հանդիսությունների դահլիճում անցյալ շաբաթ օրըՙ ապրիլի 12-ին, ի ներկայություն 300-ից ավելի հայ եւ օտար հասարակական ու քաղաքական գործիչների, որոնք հոտնկայս եւ երկարատեւ ծափահարություններով են դիմավորել հայազգի սենատորին։ «Ահա մեկը, որ հպարտություն է պարգեւում մեզ բոլորիս։ Հրաշալի հասարակական գործիչ է, որին կարելի է վստահել ցանկացած պաշտոնՙ վստահ լինելով, որ լավագույնը կներդնի իրականացնելու այն ամենը, ինչ ժողովրդի բարօրությանն է նպատակաուղղվածՙ հաճախ մոռանալով իր անձնական կարիքները», ասել է հավաքույթի սկզբում Կալիֆոռնիայի գերագույն դատարանի դատավորի օգնական Մարվին Բաքոտերը։

Մասնագիտությամբ իրավաբան Չաք Փուչիկյանը, որը սենատում ընտրվել է 1988 թ., աշխատել է Ջորջ Դոքմեջյանի եւ այնուհետեւ քաղաքապետ Պիտ Ուիլսոնի հետ։ «Մենք միշտ լսել ենք նրա անաչառության, աշխատանքին, համայնքին, ինչպես նաեւ ընտանիքին նվիրվածության մասին։ Եվ բախտավոր ենք, որ նրա նման անձնավորություն ունենք մեր կողքին, նշել է դատախազ Սոսի Վոգտը, նա սրտանց է ծառայում եւ խոսքի տեր մարդ է»։

«Ինձ համար մեծ պատիվ է արժանանալ այս կոչումին, որը եւս ընդունում եմ ոչ որպես արտակարգ բան կատարած, այլ որպես ժառանգորդն այն սերնդի, որն այնքան մեծ զոհողությունների գնով մեզ հասցրել է այս օրերին», իր շնորհակալական խոսքում ասել է սենատոր Չաք Փուչիկյանը։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4