«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#76, 2003-04-22 | #77, 2003-04-23 | #78, 2003-04-24


«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒԺԵՐԸ ԵՎ ՀԱՏԿԱՊԵՍ ԳԵՐՄԱՆԻԱՆ»

Ասում է «Միություն ընդդեմ ցեղասպանության» կազմակերպության նախագահ Ալի Էրթեմը

Գերմանիայում գործող «Միություն ընդդեմ ցեղասպանության» կազմակերպությունը հայտնի է Հայաստանում։ Մեր հասարակության լայն շրջանակները ճանաչում են նաեւ կազմակերպության նախագահ Ալի Էրթեմին։ Օրերս նա Մեծ եղեռնի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար կրկին Երեւանում էր։

¬ Սա Հայաստան կատարած ձեր երրորդ այցն է։ Նախ ուզում եմ ձեզ շնորհավորել Ֆրիտյոֆ Նանսենի միջազգային հիմնադրամի ոսկե մեդալով պարգեւատրվելու առթիվ։ Դուք այդ մրցանակին արժանացաք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված գործունեության համար։ Ձեր կազմակերպությունն ինչպիսի՞ աշխատանքներ է կատարում։

¬ Հիմնականում աշխատում ենք Հայոց ցեղասպանությունը պահել հասարակական կարծիքի ուշադրության կենտրոնում։ Մեր աշխատանքներից կարելի է առանձնացնել ցեղասպանության մասին վավերագրական լուսանկարների ցուցահանդեսի կազմակերպումը, որն անցյալ տարի տեղի ունեցավ Ֆրանկֆուրտում։ Ցուցահանդեսի կազմակերպմանը մեր միության կողքին ակտիվորեն մասնակցեց «Մարդու իրավունքների գերմանա-թուրքական միությունը»ՙ TUDAY-ը, որի համար մեծապես պարտական ենք Դողան Աքհանլըին եւ Ելդային։

Միաժամանակ փորձում ենք մերկացնել թուրքական պետության ազգայնամոլ քաղաքականությունըՙ հակազդելով նրա հերյուրանքներին։ Վերջերս Մալաթիա քաղաքում գործող Ինոնուի անվան համալսարանը հանդես է եկել «Ոչ թուրքական ցուցանակներով խանութներից առեւտուր չանել» կոչով, որտեղ հայերի եւ հույների այսպես կոչված հակաթուրքական ծրագրերի մասին է հիշատակվում։ Սա կոտորածի յուրատեսակ կոչ է։ Ազգայնամոլությունն ու դրա պոռթկումները, ցավոք, ձեւավորվում են Թուրքիայի համալսարանական շրջանակներում։ Օրինակ, «Համաքաղաքացի, թուրքերեն խոսիր» քարոզարշավը Թուրքիայում սկզբնավորվել էր Ստամբուլի համալսարանի նախաձեռնությամբ։ Մինչդեռ համալսարաններն այն հաստատություններն են, որտեղ ձեւավորվում են ուսուցիչներ, գիտնականներ, քաղաքական գործիչներ։

¬ Դուք Հայաստան ժամանելիս ապրիլի 24-ին անպայման Երեւանում էիք լինում, իսկ այս տարի ավանդույթը խախտեցիք։ Ինչո՞վ դա բացատրել։

¬ Դրա հիմքում ապրիլի 24-ին հենց Գերմանիայում միջոցառում կազմակերպելու ցանկությունն է։ Այս տարի մեր կազմակերպությունը որոշել է Ֆրանկֆուրտում «նախազգուշական հերթապահություն» նախաձեռնել։ Միաժամանակ Հոլանդիայի Ասսեն քաղաքում տեղի հայ բարեկամների հետ մեկ այլ միջոցառում ենք կազմակերպում։ Դրան մասնակցելու համար Հոլանդիա եմ հրավիրվել։ Ինձնից պահանջեցին ելույթ ունենալՙ մերժել չէի կարող։ Սակայն չէի կարող նաեւ Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին ծաղկեպսակ դնելու մեր կազմակերպության ավանդույթը խախտել։ Այդ է պատճառը, որ ապրիլի 24-ի նախօրյակին եկա Երեւան։

¬ «Միություն ընդդեմ ցեղասպանության» կազմակերպությունը հիմնադրվել է 1998-ի սեպտեմբերին։ Անցած տարիների ընթացքում ձեզ հաջողվե՞լ է կատարել այն առաջադրանքներն, ինչ դրվել են կազմակերպության առջեւ։

¬ Մեր գլխավոր խնդիրը ստորագրահավաքի կազմակերպումն էր։ Դա մեզ հաջողվեց, քանի որ 11 հազար 247 ստորագրություն ենք հավաքել։ Կարողացանք նաեւ յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին Երեւանում հարգել ցեղասպանության զոհերի հիշատակը։ Մեզ հաջողվեց համերաշխության մեջ լինել հայ ժողովրդի հետ եւ ավանդույթ դարձնել այցերը։ Սակայն ֆինանսական միջոցների սղության պատճառով չենք կարողանում պատրաստել եւ ցուցադրել ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմեր։ Ի դեպ, վերոհիշյալ լուսանկարների ցուցահանդեսին ներկա էր Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Լավրենտի Բարսեղյանը։ Նրա ներկայությունը ցեղասպանության հարցում մարդկանց լուսաբանելու առումով չափազանց օգտակար էր։

¬ Ձեր կազմակերպության նկատմամբ ինչպիսի՞ն է գերմանական իշխանությունների վերաբերմունքը։

¬ Թեեւ նրանք մեր գործունեությունը չեն խոչընդոտում, սակայն չեն էլ օգնում։ Ավելին, երբ մենք պահանջեցինք, որ Գերմանիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, նրանք դեմ դուրս եկանՙ ասելով. «Ճանաչումը չի նպաստի Թուրքիայում ժողովրդավարության զարգացմանը։ Սա այն հարցն է, որը հայերն ու թուրքերը պետք է երկխոսության միջոցով լուծեն»։

¬ Երբ խոսքը երկխոսությանն է վերաբերում, ակամա հիշում ես «Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի» մասին։ Մեր ժողովրդի գերմանացի բարեկամ Թեսա Հոֆմանն ասել էր, որ հանձնաժողովի գործունեությունը լուրջ վնաս է հասցրել Հայոց ցեղասպանության ճանաչման ջանքերին։ Ձեր կարծիքը։

¬ Օրինակ, հանձնաժողովի թուրք անդամներից Իլթեր Թյուրքմենն ընդգծել էր, որ հանձնաժողովը Ցեղասպանության պնդումները չեզոքացնելու եւ միջազգային ճանաչումը խոչընդոտելու նպատակով է ստեղծվել։ Սա ինձ համար անընդունելի մոտեցում է, վիրավորանք հայ ժողովրդի նկատմամբ։ Ցեղասպանության հարցը չի կարելի բանավեճի առարկա դարձնել։

¬ Գերմանիայում գործում են քրդական բազմաթիվ կազմակերպություններ։ Ինչպիսի՞ն են ձեր հարաբերությունները նրանց հետ։

¬ Նրանք նպաստում են մեր գործունեությանը եւ աջակցում միջոցառումներին։ Գերմանիայում հրատարակվող քրդական «Օզգյուր պոլիտիկա» թերթը Հայոց ցեղասպանությանը նվիրված հոդվածներ է հրապարակում, սակայն քրդերն իրենց նախաձեռնությամբ չեն դատապարտել Հայոց ցեղասպանությունը։

¬ Սա կարելի՞ է պայմանավորել այն քրդերի առկայությամբ, որոնք սերտորեն համագործակցելով օսմանյան իշխանությունների հետ, ակտիվորեն մասնակցել են հայերի կոտորածներին։

¬ Ինչ խոսք, այս փաստը իր դերն ունի։ Սակայն ինձ թվում է, քուրդ մտավորականությանը առ այսօր չի հաջողվում հաղթահարել այն տաբուն, ինչ դրված է Ցեղասպանության վրա։ Իմ կարծիքով, քանի դեռ քրդերը չեն վերանայել իրենց պատմությունը եւ հատուկ ջանք չեն գործադրում, քուրդ ժողովուրդը հազիվ թե ի վիճակի լինի դատապարտել Հայոց ցեղասպանությունը։ Հատկանշական է, որ այսօր Ցեղասպանության սպառնալիքի առջեւ քրդերն են կանգնած։ Կարծում եմ, առանց Հայոց ցեղասպանությունը դատապարտելու անհնար է խուսափել քրդերի ցեղասպանությունից։

¬ Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանությունը, իսկ քրդերը պնդում են, որ թուրքական պետությունն իրենց ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն է իրագործում։ Ի՞նչ եք կարծում, եթե քրդերը հայերի Ցեղասպանությանը ցուցաբերած մասնակցության համար ներողություն խնդրեին, դրանով չէի՞ն նպաստի իրենց պայքարին։

¬ Շատ ճիշտ եք։ Դա իսկապես կնպաստեր։ Ավելին, դրանով քրդերն աշխարհի ժողովուրդների մեջ կարժանանային ավելի մեծ հարգանքի։ Որքան ինձ հայտնի է, Քրդստանի վտարանդի խորհրդարանը «Հայոց ցեղասպանությունը դատապարտելու» որոշում է ընդունել։ Որոշման տեքստն անձամբ չեմ տեսել։ Պարզապես մամուլում այդ տեքստից որոշակի հատվածներ են հրապարակվել։ Ես կցանկանայի, որ նման որոշումը ընդունող խորհրդարանի ներկայացուցիչը լիներ Ծիծեռնակաբերդում եւ հարգեր զոհերի հիշատակը։ Դժբախտաբար, խորհրդարանի անդամներից այդ քայլին մինչեւ հիմա դիմել է մեկ մարդ, նա էլ մեր պատվիրակության հետ էր Երեւան ժամանել։ Ընդ որումՙ ասորի է։ Ցանկալի էր Ծիծեռնակաբերդում տեսնել քուրդ ժողովրդի քաղաքական ներկայացուցիչներին։ Որոշում ընդունելն, ինչ խոսք, կարեւոր է, սակայն ավելի կարեւորը որոշմանը հետամուտ լինելն է եւ կատարելը դրանից բխող քայլերը։

Ի դեպ, չմոռանանք նաեւ եվրոպական երկրների խորհրդարանների մասին, որոնք իրենց խոստումը չեն հարգում, բայց երբ խոսքը սկզբունքին է վերաբերում, գոռում են բոլորից բարձր։ 1987-ին Եվրախորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Թվում էր, թե դրան կհետեւեն Եվրամիության անդամ երկրների խորհրդարանները։ Բայց դա տեղի չունեցավ։ Կատարվում է ճիշտ հակառակը, իսկ օգտվում է Թուրքիան։ Սա այն պարագայում, երբ Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի նկատմամբ ոչ մի պատժամիջոց չի ենթադրում։

Ի վերջո, Ցեղասպանությունն իրագործվել է «քաղաքակիրթ» աշխարհի աչքի առաջ։ Ուստի Հայոց ցեղասպանության համար պատասխանատու են միջազգային ուժերըՙ ԱՄՆ-ն, Անգլիան, Ֆրանսիան, Ռուսաստանը եւ հատկապես Գերմանիան։ Եթե մարդու իրավունքները զոհաբերվում են այդ ուժերի շահերի համար, ապա ինքնաբերաբար ոտնահարվում են ժողովուրդների իրավունքներն ու հօդս են ցնդում արդարության մասին խոստումները, ինչին առ այսօր շարունակում ենք ականատես լինել։

Պատրաստեց ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4