«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#77, 2003-04-23 | #78, 2003-04-24 | #79, 2003-04-26


ՄԱՅԻՍԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՆՎԻՐՎԱԾ ԿԵՍԱՐԻԱՅԻՆ

Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանի արդի հայոց պատմության կրթական հիմնադրամի ամբիոնի վարիչ պրոֆ. Ռիչարդ Հովհաննիսյանի կազմակերպությամբ «պատմական Հայաստանի քաղաքներն ու գավառներն» ընդհանուր խորագրով անցկացված գիտաժողովների հերթական նիստըՙ նվիրված Կեսարիային եւ Կապադովկիային, նախատեսված է գումարել առաջիկա մայիսի 17-ին համալսարանի գիտությունների հրապարակի երիտասարդական դահլիճում։ Հրավիրված են գիտնականներ Հայաստանից, Արգենտինայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից եւ Միացյալ Նահանգներից։ Զեկուցումներում արծարծվելու են հայերի ներկայությունը Կապադովկիայում եւ Կեսարիայում վաղ շրջաններից մինչեւ մեր օրերը, Գրիգոր Լուսավորչի եւ ընդհանրապես քրիստոնեության կապը Կեսարիայի հայկական արվեստի, ճարտարապետության եւ արհեստների հետ, ինչպես նաեւ Չոմախլուի, Էվերեկի, Թոմարզայի, Թալասի եւ Էֆկերեի համայնքների թեմաները։

Ռիչարդ Հովհաննիսյանի բացման խոսքից եւ զեկուցումից («Հայաստանը եւ Կապադովկիա-Կեսարիան») հետո ելույթ են ունենալու Հարվարդի համալսարանից Ջեյմս Ռասելը («Հայաստանը եւ Կապադովկիան նախաքրիստոնեական շրջանում»), Օքսֆորդի համալսարանից Ռոբերտ Թոմսոնը («Կեսարիան եւ Սբ. Գրիգորի սրբագործության վերաբերյալ ավանդույթը») եւ Երեւանի Մատենադարանիցՙ Էռնա Շիրինյանը («3¬4-րդ դարերի Փոքր Ասիայի հայ քրիստոնյա նահատակները»), Ֆրեզնոյի Կալիֆոռնիա համալսարանից Տիգրան Գույումջյանը («Հայկական մանրանկարչությունը Կապադովկիայում 11-րդ դարում»), Նյու Յորքի Պիեռպոն Մորգան գրադարանից Սիլվի Մերյանը («Կեսարիայի հայ արծաթագործները 17¬18-րդ դարերում) եւ Կոլումբիա համալսարանից Պետրոս Տեր¬Մաթոսյանը («Կեսարիան 19-րդ դարում»)։

Օրվա երկրորդ կեսին «Էֆկերեի հայկական համայնքը», «Կեսարիայի գրչական գյուղերըՙ Թալաս, Թոմարզա, Էվերեկ-Ֆենես, Չոմախլու», «Կեսարիայի հայկական գործվածքներն ու տարազը», «Ճակատագրական տարիները։ Կեսարիան ցեղասպանության օրերին», «Կեսարացիները Հարավային Ամերիկայում» եւ «Կեսարիայի հայկական բարբառը» թեմաների շուրջ զեկուցելու են համապատասխանաբար Լոս Անջելեսիցՙ Ջոնաթան Վարժապետյանը, Փարիզիցՙ Էրվե Ժորժելենը, Գլենդեյլիցՙ Թինա Տեմիրճյանը, Վուստերիցՙ Սիմոն Փայասլյանը, Բուենոս Այրեսիցՙ Վարդան Մաթիոսյանը եւ Հարվարդի համալսարանիցՙ Բերտ Վոն։

Ավելացնենք, որ օրվա ընթացքում գործելու է Ռիչարդ եւ Աննա Էլիզաբեթ Էլբրեխտի լուսանկարների ցուցահանդեսը։

Նախկին գիտաժողովները նվիրված են եղել Վան-Վասպուրականին, Բիթլիսին, Մուշին, Խարբերդին, Էրզրումին, Կարսին, Իզմիրին եւ պատմական Հայաստանի այլ վայրերին։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4