«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2003-05-09 | #89, 2003-05-10 | #90, 2003-05-13


ԵՂԵՌՆԻ 88-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

Կանադայի Զորյան ինստիտուտից ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ Հայոց ցեղասպանության 88-ամյակի առթիվ միջազգային ճանաչման արժանացած պրոֆ. Վահագն Տատրյանը Մ. Նահանգներում հանդես է եկել զեկուցումներով, որոնցից առաջինը տեղի ստամբուլահայ ընկերակցության կազմակերպությամբ տեղի է ունեցել Լոս Անջելեսում։ Նա խոսել է դեռեւս չլուծված Հայկական հարցի եւ Առաջին աշխարհամարտի օրերին կատարված Հայոց ցեղասպանության առնչությունների մասին։

Հաջորդ զեկուցումը նա կարդացել է Արարատ-Էսքիճյան թանգարանում, այնուհետեւ ապրիլի 24-ինՙ Գլենդեյլում։ Քաղաքացիական հանդիսասրահի հսկայական դահլիճում հավաքված մոտ 2400 ունկնդիրների շարքում են եղել 800 ուսանողներ։ Երեկոն իրենց ներկայությամբ պատվել են ազգային եւ դաշնային կառավարության պաշտոնական անձինքՙ Կալիֆոռնիա նահանգի կառավարիչ Գրեյ Դեյվիսի գլխավորությամբ։ Ելույթ են ունեցել նահանգի կառավարիչը, Գլենդեյլի քաղաքապետը, սենատոր Սքոթը եւ Ներկայացուցիչների պալատից Շիֆը։ Տատրյանը հիմնականում շեշտը դրել է ակադեմիական շրջանակներում Հայոց ցեղասպանության անժխտելի իրողության վերջնական հաստատման եւ այդ բնագավառում արդարության հասնելու անհետաձգելի նպատակների իրագործման վրա։

Օքլենդում (Սան Ֆրանցիսկո) պրոֆ. Տատրյանը Հայ առաքելական եկեղեցում մասնակցել է ՀԲԸՄ-ի կազմակերպած սիմպոզիումին, որին ներկա են գտնվել մեծ թվով ուսանողներ Բարքլի, Սթենֆորդ եւ Սան Ֆրանցիսկո համալսարաններից։ Բացի Տատրյանից, ելույթներով հանդես են եկել Բարքլի համալսարանից պրոֆեսորներ Ստեֆան Ասատուրյանը, Գեւորգ Բարտակչյանը, դոկտորներ Բարբարա Մերկերյանը, Սյուզան Մորանյանը եւ Ռիտա Գույումճյանը։ Տատրյանն անդրադարձել է անպատժելիության գործոնին, որն անպայմանորեն ծնում է նորանոր ոճրագործություններ։ Իր եզրակացությունում նա նշել է, որ տարասեռ հասարակությունը միասեռի վերածելու նպատակին հասնելու միջոցներից մեկն է ցեղասպանությունը։

Սթենֆորդ համալսարանի պատմության ֆակուլտետից պրոֆ. Նորման Նայմարկի հրավերով հարգարժան պրոֆեսորը մանրամասն զեկուցում է կարդացել դասախոսական կազմի եւ ուսանողության համար։ Ի տարբերություն երեք տարի առաջ տեղի ունեցած դեպքերի, այս անգամ թուրք ուսանողները, որոնք շատ են այդ համալսարանում, չեն փորձել խանգարել դասախոսությունը։

«Հայոց ցեղասպանությունը եւ միջազգային օրենքը» թեմայով հաջորդ նշանակալի ելույթը կայացել է նույն համալսարանի իրավագիտական ֆակուլտետում, որտեղ պրոֆ. Հելեն Սթեյսին ներկայացնելով հյուրինՙ հիշեցրել է նրա մենագրությունների մասին, որոնք հրատարակվել են հեղինակավոր «Յեյլ ջոռնլում»։

Պրոֆ. Տատրյանի զեկուցումները մեծ հետաքրքրություն են առաջացրել, ընթացել են հարցուպատասխաններով։ Իր բերած համոզիչ փաստարկների հետեւանքով առաջարկել են նրա զեկուցումը տպագրել Սթենֆորդի «Միջազգային օրենք» հանդեսում։ -

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4