«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2003-05-14 | #92, 2003-05-15 | #93, 2003-05-16


ՄԱՅՐ ԵՐԱԺՇՏԱՆՈՑԻ ԳՐԱԴԱՐԱՆԸ ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է

«Գրադարանը մնացուկ չէ, այլ ապրող ու շնչող իրական մի ամբողջություն, որը մշտական հոգատարության կարիք ունի բարգավաճելու եւ մրցունակ մնալու համար։ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի գրադարանը բուժման կարիք ուներ, եւ ես պարզապես փորձեցի գտնել համապատասխան դեղորայք»։ Այսպես համեստորեն է արտահայտվել, ըստ խմբագրությունում էլ. փոստով ստացված հաղորդագրության, ականավոր դաշնակահար Շահան Արծրունին, որի անմիջական ջանքերով հնարավոր է եղել դրամաշնորհ ձեռք բերել եւ ՀՕՖ-ի միջոցով վերանորոգել մեր մայր երաժշտանոցի գրադարանը։

Հայաստանում ամենահարուստ (200 հազար միավոր) երաժշտական արխիվն ու գրականությունը պատսպարող այդ գրադարանը չէր վերանորոգվել 1972-ից ի վեր։ Անցյալ դեկտեմբերին սկսված վերանորոգման առաջին փուլի արդյունքում ամրացվել է եւ անջրանցիկ է դարձել կառույցը, որը գլխավոր շենքի ձախ կողմում է։ Բարելավվել է լուսավորությունը։ Երկրորդ փուլով նախատեսվում է ամբողջ գրքային ֆոնդն անցկացնել համակարգչի մեջ, ստեղծել համապատասխան սայթ, որի միջոցով հնարավոր կլինի օտարներին ծանոթացնել մեր անզուգական երաժշտական հարստությունը։ Իսկ վերջինՙ երրորդ փուլի ընթացքում կթվայնացվեն գրադարանի բոլոր ձայնագրությունները, որոնց թվում Գոհար Գասպարյանի, Տաթեւիկ Սազանդարյանի, Հայկանուշ Դանիելյանի, Նար Հովհաննիսյանի, նաեւ Շարա Տալյանի եւ Կոմիտասի անզուգական կատարումները։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4