«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#96, 2003-05-21 | #97, 2003-05-22 | #98, 2003-05-23


ՍԵՓԱԿԱՆ ԱՐՇԻՆՈՎ...

Քարոզչության դասագրքերում նշվում է, որ եթե վարկաբեկված անձն է փորձում վարկաբեկել քեզ, մի՛ նեղանա, ընդհակառակըՙ շնորհակալ եղիր, քանզի դրանից լավ գովազդ, այն էլ անվճար, չես ճարի։ Եվ տարբեր երկրներում քաղաքական գործիչներն ու քարոզչական գործակալությունները հաճախ են օգտվում այդ հնարքից։

Հետեւաբար, կարծում եմ, նույն ձեւով պետք է վարվեն նաեւ ռամկավարները, որոնց մասին բոլորովին վարկաբեկված մի քարոզչամիջոցՙ «Հայկական ժամանակ» անունով, երեկ (նախորդ օրը եւ օրերին) փորձ էր արել վարկաբեկիչ նյութեր տարածել։ Հաճույքով մեջբերում եմ այդ ցեխարձակումներից մի քանի տող. «Ստացվում է, որ Ռուբեն Միրզախանյանին ու իր ընկերներին մտահոգում է ոչ թե բեսպրեդելը, այլՙ որ իրենք չեն այդ բեսպրեդելն իրականացնողը, ոչ թե թալանը, այլՙ որ իրենք չեն այդ թալանի ղեկավարը, ոչ թե հարստահարությունը, այլՙ որ իրենք չեն հարստահարողները, ոչ թե ապօրինությունը, այլՙ որ իրենցը չէ ապօրինություն թույլ տալու իրավունքը»։ Եվ այս բոլորը հիշյալ թերթը գրել է, որպեսզի «բացատրի», թե ինչի համար է ՀՌԱԿ-ը, այն էլՙ ՌԴ քաղաքացիներ Իլյա Կլեբանովի եւ Արա Աբրահամյանի «օժանդակությամբ», ուզում մտնել Ազգային ժողով։ Կարծեք «բեսպրեդել» իրականացնելու, թալանելու, հարստահարելու, ապօրինություն թույլ տալու միակ տեղը, ճանապարհն ու միջոցն այս արեւի տակ Ազգային ժողովն է, եւ հնարավոր չէ նման մեղքեր գործել նաեւ խորհրդարանից դուրս, ասենքՙ «Հայկական ժամանակ» թերթի խմբագրությունում։ Իսկապես զարմանալ կարելի է։ Այդ դեպքում ինչպես է հենց ինքըՙ «Հայկական ժամանակն» առանց Ազգային ժողովում լինելու, թալանում, հարստահարում, շանտաժի ենթարկում մարդկանց, կազմակերպությունների, որոնք տեղյակ չլինելով քարոզչական վերոհիշյալ հնարքինՙ փողեր են վճարում, այն էլ լավ փողեր, որպեսզի «Հայկական ժամանակն» իրենց մասին չգրի, ոչ լավը, ոչ էլ վատը։

ՀՌԱԿ-ի միակ «մեղքն» այն է, որ նման փողեր չի վճարել այդ թերթին։

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4