«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#100, 2003-05-28 | #101, 2003-05-30 | #102, 2003-05-31


ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՊԱՆԴԸ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ

Որոշակի էթնիկական կամ կրոնական խմբավորման ամբողջական ոչնչացմանը նպատակաուղղված ցեղասպանությունը անպայման ներառում է նաեւ բնակչության անքակտելի մասը կազմող երեխաների կոտորածը։ Մինչ այժմ վերջիններիս ճակատագիրը դիտվել է համընդհանուր զոհերի շրջանակներում եւ չի արժանացել առանձին լուրջ ուսումնասիրության։

Սակայն վերջին տարիներին փորձ է արվում հատկապես երեխաների սպանդն առանձնացնել եւ դարձնել որոշակի քննարկումների առարկա։ Այս առումով խիստ ուսանելի է «Երեխաները որպես ցեղասպանության զոհեր» այժմեական զեկուցումը, որը Զորյան ինստիտուտի ցեղասպանության ուսումնասիրությունների տնօրեն դոկտ. Վահագն Տատրյանը պատրաստվում է կարդալ հունիսի 6¬10-ը Իռլանդիայի Գոլուեյ քաղաքում կայանալիք 5-րդ միջազգային կոնֆերանսում։

Ըստ այդ առթիվ ստացված տեղեկությունների, ցեղասպանության ընդհանուր բնութագիրը տալուց հետո հարգարժան պատմաբանը գերմանական, ավստրիական, անգլիական եւ այլ արխիվային նյութեր օգտագործելով եւ որոշակի օրինակներ բերելով ներկայացնելու է երեխաներին ոչնչացնելու ամենատարբեր մեթոդներըՙ սերիական բռնաբարություններ ինչպես աղջիկների, այնպես էլ տղաների, զանգվածային հրկիզումներ եւ ջրահեղձ անելու գործողություններ։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4